Ուշագնացություն, գլխապտույտներ, գլխացավեր, հևոց. ինչ հետևանքներ կարող է ունենալ օդի աղտոտվածությունը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով Երևանում օդի աղտոտվածությունը թոքաբան Նունե Ազիզյանը սպասելի է համարում: «Նման ուժգնությամբ պայթյունից հետո օդը չէր կարող մաքուր մնալ, բնական է, որ թունավոր նյութեր պետք է արտանետվեին մթնոլորտ»,- «Մեդիալաբին» ասում է մասնագետը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը երեկ՝ օգոստոսի 16-ին, տեղեկացրել էր, որ «Սուրմալուի» պայթյունից հետո ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, որոշվել է մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը։

Պարզվել է, որ ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4.6, ազոտի երկօքսիդինը՝ 2.6 անգամ։

Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակը օգոստոսի 15-16-ին հետևյալ պատկերն է ունեցել. Կենտրոն վարչական շրջանի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան թույլատրելին 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1.8, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1.3 անգամ։

Նոր Նորք վարչական շրջանում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։

Թոքաբան Հասմիկ Յողուրջյանն ասում է՝ հենց պայթյունի առաջին ժամերին, դրանից հետո առաջին օրերին օդ արտանետված վտանգավոր նյութերից ու դրանց վտանգավոր ազդեցություններից պաշտպանվելու համար պետք էր մի քանի առաջնային գործողություններ կատարել՝ կրել դիմակ, փակել լուսամուտները, իսկ այն տները, որտեղ լցվել էր փոշին, կատարել խոնավ մաքրում:

Հիմա էլ, թոքաբանի խոսքով, եթե մարդիկ ուզում են պատուհաններ բաց թողնել, ապա պետք է դրանցից խոնավ շոր կախել, որպեսզի աղտոտված օդ և փոշի չմտնի տուն:

«Թունավոր նյութերն ու փոշին առավելապես վտանգավոր են թոքերի քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց համար: Այդպիսի հիվանդություններն են՝ ասթման, քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտները և այլն: Այս հիվանդությունն ունեցող անձանց մոտ կարող են սրացումներ լինել»,- «Մեդիալաբին» ասում է մասնագետը:

Հարցին, թե ծծմբի և ազոտի երկօքսիդների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումը օդում ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել, Յողուրջյանն արձագանքում է.
«Դրանք թունավոր նյութեր են, և դրանց արտանետումը մթնոլորտ կարող է առաջացնել թունավորումներ, ինչը կարտահայտվի մարմնի ընդհանուր թուլությամբ, ընդհուպ հոգնածություն, ուշագնացություն, գլխապտույտներ, գլխացավեր, հևոց»:

Մասնագետի խոսքով՝ այս նշանները կարող են առաջանալ ոչ միայն քրոնիկ թոքային ու այլ հիվանդություն ունեցող անձանց, այլ նաև միանգամայն առողջ մարդկանց մոտ:
«Պետք է հաճախ լվացվել սառը ջրով, քթանցքների լվացում անել, աղաջրով մաքրել վերին շնչուղիները»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am