«Աստղերը» սպառնում են. բռնաբարված մշակույթը

Վահրամ Թոքմաջյան

«Աստղային» կյանքին քաջածանոթ կայքերից մեկը հույժ գաղտնի տեղեկություն էր հրապարակել: Տեղեկության մեջ շշուկներ կային այն մասին, որ օրերս «աստղային» մեծ հավաք է եղել: Մասնակցել է շուրջ հարյուր «աստղ»:

Ժամանակակից սեպագրերում՝ մշակույթի ներկայացուցիչներ: Մշակույթի… Խե՜ղճ մշակույթ:

Տողերը կարդալիս ես պատկերացրի այդ հավաքի ողջ խորհրդավորությունն ու վսեմությունը: Հավաքվել են ինչ-որ մեկի առանձնատանը: Հավանաբար՝ Երևան քաղաքից դուրս: Ժամանել են համարները հանած մեքենաներով: Հավաքի սաունդթրեքը թերևս եղել է «Ուր որ գնաս, հետդ կգամ…» դարակազմիկ բիթային կռինչը:

Ժողովն սկսվել է «Երկնքից աստղեր կբերեմ, քեզ կնվիրեմ, նվիրեմ, նվիրեմ…» օրհներգի միգամած հնչյունների ներքո: Բոլորը եղել են սև դիմակներով կամ սաղավարտներով, ինչպես պատշաճում է նման խորհրդավոր հանդիպումներին: 

Ժողովը վճռել է՝ «Ես գնում եմ, սիրելի՛ս…»: Հենց այդպես: Ամեն ինչից քաջատեղյակ կայքը հայտնում է, որ մշակույթի հարյուր ներկայացուցիչ (մշակույթը երջանկությունից մղկտում է) որոշել է լքել Հայաստանը, եթե բազմամարդ քեֆ-ուրախությունները չվերականգնվեն: 

Հնարավոր է, որ այդ հավաքն ընդհանրապես չի եղել: Հնարավոր է, որ կայքի տեղեկություններն ամբողջական չեն, հնարավոր է, որ նկարում պատկերված մարդիկ չեն եղել: Ամեն ինչ հնարավոր է: Բայց վերջին շրջանում «հայտնիների» մոտ գործելաոճ է դարձել Հայաստանում ապրելը երեսով տալ, մեզ վրա ծախել: 

Էս երկիրը միլիոն ու կես արտագաղթող է տեսել: Միլիոն ու կես: Մարդիկ լավ օրից չեն արտագաղթել: Ամեն մեկն իր պատճառներն է ունեցել: Մնացողն էլ մռնչալով մնացել է: Եղած հնարավորությունների սահմաններում ապրել կամ գոյատևել, բայց իր ապրելը երեսով չի տվել, ոչ մեկի վրա չի ծախել:

Սակայն այս պատմության մեջ ամենազավեշտալին մշակույթի ներկայացուցիչ հասկացությունն է: Հիմա չենք խորանա մշակույթ հասկացության հազարից ավելի սահմանումների, դրանց հնարավոր էության և առանձին բաղադրիչների մեջ: Դիտարկենք հասկացությունն այնպես, ինչպես ընկալում է հանրության մեծ մասը՝ երգ, պար, կինո և այլն:

Նախորդ իշխանության օրոք մշակույթն ինչքան հնարավոր էր ու ինչպես հնարավոր էր՝ բռնաբարվել է:

Բոլոր հնարավոր դիրքերով ու զեղումներով: Ստեղծվել է մի ֆասթֆուդային, երբեմն՝ հետնախորշային ցածրակարգ իրողությունների ամբողջություն, որի ողջ խնդիրը հասարակության լայն շերտերին տգետ դարձնելն էր:

Բուծվել են պալատական արտիստների խմբակներ, որոնք տառապած, բռնաբարված սիրո մասին երգելուց ու էժան պաթոսից անդին ոչինչ չեն ստեղծել:

Սերիալներ կոչվածի միջոցով լեգիտիմացրել են գողապետական բարքերը, փոխանցել են իրենց պատկերացրած մշակութային կոդերը և, միմյանց դոշից մեդալ կախելով, երջանիկ ապրել:

Պալատական խնջույքներին «չոքել» են հայտնի առակի ուղտերի նման՝ ամբողջացնելով իրենց քստմնելի կերպարը: Իսկ այն փոքր լուսավորը, որ հնարավոր է եղել ստեղծել, կորել է գաղջության, գորշության ու էժանագին պոռնոգրաֆիկ կեղտի մեջ:

Արդյունքում ունենք ձևախեղված պատկերացումներ մշակույթի ու մշակութային գործիչների վերաբերյալ:

Ամեն մի ռեստորանային մուղամչի, սերիալում քուչի լոճվածի դերակատար (որը բնավ դեր չէ, այլ էություն), երկու հատ փնթի սկետչի հեղինակ իրենց հռչակել են ազգիս ինտելեկտուալ էլիտան, լույս տվողը, մշակույթ սփռողը:

Ես չեմ ասում, որ ռեստորանում հարսանիքների ժամանակ պարենք Կոմիտասի շարականների տակ: Բնավ ոչ: Բայց եկեք ռեստորանի մուղամն ու կլկլոցը թողնենք ռեստորանում՝ ըստ ճաշակի:

Խումհար աչքերով ու հարբած պռոշներով պաթոսախեղդ կենացները՝ նույնպես: Ինչո՞ւ, որովհետև հաջորդ վայրկյանին, հենց օյաղացան, ծանոթ են ման գալու, որ տղուն բանակից ազատեն կամ 5-րդ դասարանից թռցնեն Ռուսաստան՝ քաղաքացիություն ստանալու:

Ուստի լավ է, երբ կեղծիքը մնում է կեղծիքի վայրում: Այն մեռնելու իրավունք ունի: Բայց՝ չէ՛: Մենք չենք թողնում մեռնի: 

Այն քիչ ռոմանտիկներից եմ, որը դեռ հավատում է, որ Հայաստանում հեղափոխություն է եղել: Հեղափոխության պահանջը միայն արդարության զգացումի պակասը չէր, սոցիալական բևեռացումը չէր, կոռուպցիան ու բեսպրեդելը չէին: Հեղափոխության պահանջներից էին նաև հանրային հարաբերությունների բազմաթիվ նորմեր, կոդեր, դեմքեր…

Հեղափոխությունը պետք է փոխեր խոսույթ, վարքականոններ, այդ թվում՝ մշակույթում:

Այն պետք է թույլ չտար, որ նախկին տերերը փոխվեին նորերով, այն նույն դեմքերը, որոնք գովերգում էին նախկիններին, գովերգեին ներկայիններիս: Երբ մարդիկ ասում են՝ բան չի փոխվել, նաև դա նկատի ունեն:

Նկատի ունենք, որ եթերում նույն մարդիկ են, երգարվեստում՝ նույն թելադրված ճաշակը կամ դրա բացակայությունը, նույն սերիալներն ու տառապյալ սիրո մասին փնթի երգերը: Նույնն են՝ Բոսխի խեղաթյուրված երևակայության վառ արտացոլումներն իրական կյանքում:

Հ. Գ. Յուրաքանչյուր երևույթ, նաև՝ ցածրակարգ, իրավունք ունի ապրելու, հետևորդներ ունենալու, բայց երբ այն պարտադրում ես զանգվածներին, ստանում ես ավելի անկիրթ ու մշակույթի մասին ձևախեղված պատկերացումներ ունեցող ժողովուրդ:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am