Աշխատավայրում կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է, այլ սահմանափակումներ ևս վերացվել են

Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կառավարության որոշման նախագիծը:

Մասնավորապես, մայիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Բացի այդ, նախարարի ներկայացմամբ, հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: «Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,- նշեց Ավանեսյանը:

Ինչպես նաև վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը:

Նախարարը ընդգծեց, որ սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ: Նրա ներկայացմամբ, վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է քովիդի 144 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 32 տոկոսով նվազել է: