Այսօր շատ արդիական է «Չարի վերջը» հեքիաթը՝ տրվելով վախերին՝ զոհաբերում ենք մեր ձագերին. Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, հեքիաթն ի՞նչ դեր ունի հանրության կյանքում, ո՞րն է բանահյուսական այս ժանրի ասելիքը։ 

– Հետաքրքիր հարց եք տալիս, բայց ես չեմ ուզում մտնել ակունքների մեջ, որովհետև դրա մասնագետը չեմ, կարծում եմ, որ մասնագետները շատ ավելի հետաքրքիր պատասխաններ կարող են տալ և ուսումնասիրություններ կատարել՝ ինչպե՛ս են ձևավորվում հեքիաթները, ինչո՛ւ են նրանք ընդհանրապես մնում, չեն մոռացվում, այլ փոխանցվում են, չէ՞ որ ժողովրդական հեքիաթ ասելով հասկանում ենք, որ դրանք երկար ժամանակ սերնդեսերունդ բանավոր են փոխանցվել։ 

Ես կուզեի այլ բան ասել, թե ինչո՛ւ են մեծ գրողներն անդրադարձել հեքիաթին, կոնկրետ մեր պարագայում, ասենք՝ Հովհաննես Թումանյանը, Ռուսաստանում՝ Պուշկինը կամ Տոլստոյը և այլն։ Եթե խոսենք Թումանյանի մասին՝ կոնկրետ ես մի քանի թումանյանական գործ եմ բեմադրել, բայց ինձ միշտ հարց եմ տվել, իսկ ինչո՞ւ է Թումանյանն անդրադառնում հեքիաթներին։ 

Երբ կարդում ենք նրա հոդվածները, շատ բան ավելի պարզ է դառնում նաև իր հեքիաթների մեջ․ չգիտեմ՝ հոդվածնե՞րն են լրացնում հեքիաթներին, թե՞ հակառակը։ Թումանյանը միշտ դիմել է հասարակությանը, շատ հետաքրքիր բան է, նա երբևիցե չի դիմել ո՛չ կուսակցություններին, ո՛չ իշխանություններին։ Սա երևի մեծ գրողին հատուկ է, որ հասկացել է, որ իր լսարանը իր ժողովուրդն է առաջին հերթին, նա նաև շատ անաչառ է եղել իր գնահատականների մեջ, նրա հեքիաթներում բացահայտված են մեր բազմաթիվ վերքերն ու ցավերը, սխալները։ 

Նախ՝ շատ հետաքրքիր վերնագրեր ունեն նրա հեքիաթները՝ «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը», «Չարի վերջը», Թումանյանի համար սրանք բալլադ են։ Անկեղծ ասած, երկար ժամանակ ոչ մի կերպ չէի ընկալում «Չարի վերջը», մտածում էի՝ լավ դե, ո՛նց կարող է կկուն սեփական ձագերին զոհաբերել, հետո հասկացա, որ Թումանյանը իրականում գրել է մեր վախերի մասին, որ մեր վախերն են մեր դժբախտության աղբյուրը։ 

Երկու այլ հեքիաթ, որոնք կարծես մեկը մյուսին լրացնում են՝ «Անխելք մարդը» և «Ձախորդ Փանոսը»։ «Անխելք մարդը» մոտ 30 տարի մեր խաղացանկում է ու մոտ 15 երկրում խաղացել ենք, ու ամեն տեղ ասում են՝ այս պատմությունը մեր մասին է, ստացվում է, որ սա համաշխարհային պատմություն է։ Ինչպե՛ս կարելի է մարդն իր երջանկության կողքով անցնել, չնկատել այն, ինչն էլ վերջում բերում է կործանման։ 

«Ձախորդ Փանոսը» մոտավորապես նույն պատմությունն է․ այդ ձախորդությունն ինչի՞ց է գալիս՝ Փանոսի անխելքությունից, հիմարություն հիմարության հետևից է անում, բայց ամեն ինչը բացատրում են ձախորդությամբ։ Թումանյանը երևի թե իր հեքիաթներով փորձել է խնդիրները, որոնք մեր ժողովուրդն իրենից դուրս է տեսնում միշտ, բերել ներս։ Հիշո՞ւմ եք Թումանյանի հանճարեղ խոսքը իր հոդվածից․ «Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։ 

Սա պատասխանն է այն բանի, թե ինչո՛ւ մեր մշտական հույսը՝ «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք», չի իրականանում, երեխեքը մշտապես մեզ նման են ապրում։ Ժամանակները փոխվում են, բայց մեր ճակատագիրը չի փոխվում, ուրեմն մեր մեջ ինչ-որ բան պետք է փոխվի։ Ու Թումանյանը դիմում է երեխաներին, որովհետև հասկանում է, որ հենց այդ տարիքում է պետք ձևավորել այդ ճիշտ քննադատական մտածողությունը սեփական անձի ու ճակատագրի հանդեպ։ 

Մի անգամ ասել եմ, նորից կրկնեմ՝ մեզանում մահն արժեք է, կյանքը՝ ոչ․ «Մուկիկի մահը» մի փայլուն գործ, «Մուկիկի պես մարդը մեռավ», ժողովուրդը գնում է, իրեն կոտորում վերջը։ «Կիկոսի մահը»՝ չեղած բանից ողբերգություն ենք անում, ու խնդիրն այն է, որ ոչ թե չարժի սգալ, այլ այն, որ դա դարձնում ենք համաշխարհային ողբերգություն ու ամբողջ կյանքը նվիրում ենք դրան ու զոհաբերում սեփական կյանքը։ 

Շատ ճիշտ ախտորոշում է տալիս Թումանյանը, վերցրեք նրա մեկ ուրիշ հրաշալի բալլադ՝ «Մի կաթիլ մեղրը»։ Բոլոր գործողությունները, որոնք այնտեղ շարադրված են, կարծես տրամաբանված են, չէ՞, բայց այդ ամենն ի վերջո բերում է ողբերգության։ 

Բա մի հատ չե՞ք մտածում ինչ-որ բան անելուց առաջ, տեսեք՝ ինչքան խորն է ու ինչքան մերն է։ Այնպես որ, հեքիաթներն ինքնին մեծ դպրոց են, բայց շատ հաճախ մենք դրանք ընկալում ենք, երևի այստեղ մանկավարժների մեղքը մի քիչ կա, զուտ որպես զվարճալի պատմություններ, բայց իրականում դա միայն ձևն է, իսկ հիմքում ավելի լուրջ ասելիք է։

– Մեր իրականությանը երբ նայում եք, որքանո՞վ ենք մենք հեքիաթներն իրենց խորությամբ ընկալել, անհրաժեշտ հետևություններ արե՞լ ենք, թե՞ չէ։

 – Կարծում եմ՝ չէ՛, ու Թումանյանի հոդվածները, ինձ թվում է՝ նրա արդյունքն են, որ ինքը՝ Թումանյանը, հասկացել է, որ իր գրական գործերը շատ ճիշտ չեն ընկալվում, պարզունակ է նրանց ընկալումը, ու կարիք էր ստեղծվում հոդվածներով ասել այդ ամենը։ Փայլուն հոդվածներ են, մարդը դրանք գրել է 110-120 տարի առաջ, կարծես այսօր գրված լինեն։ Իսկ այստեղ կա բոլորիս մեղքը, որովհետև մենք լուրջ չենք վերաբերվել մեր մեծերի ահազանգերին․ «անկեղծ չենք, դերասանությունը լավ է բեմին, բայց սարսափելի՝ կյանքում»,- ասում է Թումանյանը, իսկ մենք կյանքում ամեն օր հանդիպում ենք դերասանության։ Մենք ունեցել ենք փայլուն ուսուցիչներ՝ ի դեմս Թումանյանի, Չարենցի և այլոց, բայց մենք լավ աշակերտներ չենք։ 

– Պարո՛ն Բաբայան, մեր այսօրվա իրականությունը Թումանյանի ո՞ր հեքիաթի հետ եք ասոցացնում։

– Դժվարանում եմ հստակ ասել, որովհետև բոլոր հեքիաթների տարրերից էլ կան, բայց, կարծում եմ՝ «Չարի վերջը» շատ արդիական է։ Իրականում մենք կարող ենք հասնել ինչ-որ բաների, եթե հաղթահարենք մեր վախերը, կարծում եմ՝ Թումանյանը հենց դա նկատի ուներ ու դա շատ դաժան ձևով արտացոլել է՝ սեփական ձագերի զոհաբերմամբ։ Ինչ փայլուն ալեգորիա է, մենք զոհաբերում ենք մեր ձագերին՝ երեխաներին, շատ արդիական է սա, ու սրա պատճառն այն վախերն են, որով մենք ապրել ենք երկար տարիներ։ 

Նույնիսկ քաղաքական դաշտում, տեսեք, թե ինչպես են մեր քաղաքական ուժերը փորձում ազդել հասարակության վրա՝ էլի վախեցնելով․ նորերն ասում են՝ հները կգան, ու վախեցնում են, հներն ասում են՝ նորերը երկիրը կծախեն։ Վախն անջատում է ուղեղը, սրա մասին է նաև Թումանյանը գրում։ 

Ինչքան մարդկանց կարողանաս շատ վախեցնել, այնքան հեշտ հնարավոր կլինի կառավարել, դա բոլոր ժամանակների իշխանավորների ու իշխանության ձգտողների սկզբունքն է եղել, որովհետև, ինչպես ասացի՝ վախն անջատում է ուղեղը, տրամաբանությունը, ու դու հանգիստ կարող ես ղեկավարել այդ զանգվածները։ 

– Իսկ Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» որքանո՞վ է բնորոշում մեզ։

– Դա մի քիչ ավելի սատիրայի բնույթ է կրում, ոչ թե նկարագրում մեր ազգային որոշակի վիճակ, սա ավելի շատ երևի քաղաքական սատիրա է, կարծում եմ։ Դրան մշտապես առնչվում ենք․ մեր հանրության մեջ մարդկանց հաճախ դատում ենք խոսքով, այլ ոչ թե գործով, իսկ Թումանյանն ասում էր՝ «Գործն է անմահ, լավ իմացեք․․․»։ 

Գործը բացակայում է, ու ամեն մեկն ունի իր պատճառաբանությունը, թե ինչո՛ւ չի կարող դա անել, սա էլ է շատ կարևոր, գործի անհրաժեշտությունը կարծես թե բոլորը գիտակցում են, բայց ոչ մեկն այդ պատասխանատվությունն իր վրա չի վերցնում։

Կենցաղային փոքր օրինակ ասեմ. բոլորս խոսում ենք, որ պետք է մաքուր պահենք մեր քաղաքը, բայց ձեռքն ընկած աղբը գցում ենք փողոց։ Խնկոյանի այս գործը ցույց է տալիս գործի ու խոսքի այդ մեծ անջրպետը։ Հեքիաթների ասելիքն իրականում շատ խորն է ու ուսուցողական, բայց մենք, ցավոք սրտի, դրանք ընկալելու հարցում այնքան էլ հաջողության չենք հասել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am