Վերջին հինգ տարիներին Հայաստանը, ավանդաբար արտագաղթի երկիր լինելուց բացի՝ վերածվում է նաև մուտքի ու տարանցիկ երկրի. Նելլի Դավթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը

– Տիկի՛ն Դավթյան, տարին ավարտվում է, և կխնդրեմ ներկայացնեք, թե 2023 թվականին միգրացիոն ի՞նչ պատկեր ունենք։

– Սովորաբար լրագրողները միգրացիոն տարին փորձում են ամփոփել տարեվերջին՝ դեկտեմբերի վերջին օրերին, ինչը մենք՝ որպես ոլորտի մասնագետներ, միշտ քննադատում ենք, որովհետև դեկտեմբերի վերջի դրությամբ պատկերը դեռ ամբողջական չէ։ Աշխարհի միգրացիոն պրակտիկան է այդպես, պետք է թողնել, որ տարին ամփոփվի, տվյալները հասանելի դառնան, իսկ Հայաստանում վիճակագրության ոլորտը կարգավորող օրենքի համաձայն՝ տարեկան վիճակագրական տվյալները միգրացիայի ոլորտում հասանելի են դառնում տարին ամփոփելուց հետո՝ 45 օրվա ընթացքում, այսինքն՝ փետրվարի կեսերին նոր հնարավոր է ամփոփել, թե 2023 թվականն ինչպիսին է, առավելևս՝ արտագաղթի վերաբերյալ հարցը միայն այս համատեքստում կարելի է դիտարկել: 

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նույնիսկ սահմանահատումների տարեկան տվյալները արտագաղթի մասին չեն, պետք է փորձագետ լինել այդ վարչական վիճակագրությունից՝ մեխանիկական սահմանահատումներից, արտագաղթի թվեր դուրս բերելու և մեկնաբանելու համար: Դա էլ կարելի է որակով անել նախորդ տարիների թվերի համատեքստում։ 

Պետք է հաշվի առնել նաև մեր երկրի միգրացիոն փորձառությունը, որը ավանդաբար աշխատանքային միգրացիայի մասին է նաև, ինչը նշանակում է, որ տարվա առաջին եռամսյակում սովորաբար մեծ են լինում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով կատարված ելքերը, որովհետև մեր աշխատանքային միգրանտները մեկնում են հիմնականում Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքի, ու այդ ելքերը կոմպենսացվում են տարվա վերջին եռամսյակում, երբ այդ շրջանառու միգրացիոն ալիքը վերադառնում է Հայաստան, իսկ այս փուլում, երբ տարին դեռ ամփոփված չէ, ու հասանելի են 9 ամսվա տվյալները, մուտքերը դեռ արձանագրված չեն, ու պատկերը դարձյալ կիսատ է ստացվում: Շեշտում եմ, որ այն թվերը, որոնք մենք արձանագրել ենք 9 ամսվա տվյալներով, արտագաղթի մասին չեն։ 

Այնուամենայնիվ, նշեմ, որ ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով Հայաստանի քաղաքացու անձնագրով պետական սահմանային անցման կետերով արձանագրվել է ավելի քան 1 միլիոն 482000 մուտք ու ավելի քան 1 միլիոն 509 հազար ելք, տարբերությունը կազմում է մինուս 26973, սա նշանակում է, որ 26973-ով ավելի շատ Հայաստանի քաղաքացի դուրս է եկել Հայաստանից ընթացիկ տարվա ինը ամիսների կտրվածքով, քան վերադարձել է։

– Օտարերկրացիների մասով ի՞նչ պատկեր է առկա, ո՞ր երկրի քաղաքացիներ են եկել Հայաստան ու ինչքա՞ն։

– Նախևառաջ, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, ասեմ, որ օտարերկրացիների մասով մուտքերն ու ելքերը ոչ թե ըստ ազգության են հաշվարկվում, այլ դրանք արձանագրվում են ըստ քաղաքացիության երկրի, և նույն մեր հայրենակիցներից շատերը, որոնք պարբերաբար աշխատանքային նկատառումներով դեպի Ռուսաստան շրջանառու ելումուտի մեջ են, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրով են այդ ելումուտը կազմակերպում, ու մեր վիճակագրության մեջ հիմա երևում են որպես օտարերկրացի։ 

Անկախ սրանից՝ վերջին տարիներին՝ 2018-2019-ից սկսած, մենք արդեն արձանագրում ենք այն միգրացիոն միտումների փոփոխությունը, որ մեր երկիրը, ավանդաբար արտագաղթի երկիր լինելուց բացի՝ վերածվում է նաև մուտքի ու տարանցիկ երկրի։ 2019-ի սկզբին մասնավորապես սա արձանագրվեց Հնդկաստանի քաղաքացիների մուտքերի նշանակալի աճով, իսկ ավելի ուշ արդեն՝ Ռուսաստանից արձանագրված մուտքերի աճով։ 

Այս տարի ևս՝ օտարերկրացիների մասով առաջատար երկրների շարքում՝ մուտքերի մասով՝ Ռուսաստանի քաղաքացիներն են, ապա՝ Հնդկաստանի ու Վրաստանի։ Ռուսաստանի քաղաքացիների մասով արձանագրել ենք 1 միլիոն 325 հազարից ավելի մուտք, 1 միլիոն 327 հազարից ավելի ելք, և տարբերությունը կազմում է մինուս 2830։ Իրանի քաղաքացիների մասով մուտքերը՝ 136 հազար են, ելքերը՝ 135, տարբերությունը 425 է։ Հնդկաստանի քաղաքացիների մասով՝ մուտքերը 37 հազարից ավելի են, ելքերը գերազանցում են 25 հազարը, տարբերությունը՝ 11415:

– Տիկի՛ն Դավթյան, իսկ Արցախի մեր հայրենակիցների մասով ի՞նչ տվյալներ կարող եք հաղորդել։

– Փախստականի կարգավիճակ ստացել են Արցախի բնակչության պետական ռեգիստրով անցնող բոլոր անձինք և նրանք, որոնց հաշվառման վերջին հասցեն եղել է Արցախի Հանրապետությունը, նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղահանության տվյալների շտեմարանով արձանագրված և Արցախի բնակչության պետական ռեգիստրում չարձանագրված անձինք: Ընդհանուր առմամբ, խոսքն ավելի քան 150 հազար մարդու մասին է, որոնք ՀՀ Կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հոկտեմբերի 27-ից համարվում են ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող փախստականներ։ 

Փախստականի կարգավիճակ ստանալու համար առանձին դիմումներ չեն ընդունվել ու չեն ընդունվում, բայց կարգավիճակը հավաստող վկայական տրամադրվում է։ 22.600-ից ավելի դիմում ենք ընդունել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը հավաստող վկայականի տրամադրման համար։ Քաղաքացիության համար դիմումների թիվը հասնում է մոտ 400-ի, և հաշվառման պրոցեսն է զուգահեռաբար իրականացվում: Մենք ունենք 30 հազարը գերազանցող թիվ՝ որպես հաշվառումը փոխած արցախցիների թիվ։

– Հաշվառումը փոխած նշանակում է, որ այդքան Արցախի քաղաքացի լքե՞լ է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե կա Հայաստանը լքած արցախցիների հստակ թիվ՝ կխնդրեմ ասեք, որովհետև տարբեր թվեր են շրջանառվում, օրինակ՝ 25 հազար են նշում, որ սեպտեմբերից լքել են Հայաստանը ու դեռ չեն վերադարձել։

– Ո՛չ, հաշվառումը փոխած նշանակում է՝ փաստացի բնակության վայրն ենք ֆիքսում Հայաստանում կամ բնակելի տարածքի սեփականատիրոջ համաձայնությամբ մշտապես հաշվառում ենք Հայաստանի որևէ հասցեով։ Հայաստանը լքող արցախցիների թիվ մենք չունենք, նման մոնիթորինգային գործիք մենք չունենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am