Երբ ժողովուրդը մի քանի գեներալի ուսադիրներ պոկեր, վստահեցնում եմ՝ բանակում և՛ զգոնություն կլիներ, և՛ կարգապահություն. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը ոչ միայն չի նվազում, այլ նաև օրեցօր նոր ողբերգական դեպքեր են գրանցվում: Օրեր առաջ՝ ապրիլի 12-ին, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման հետևանքով 4 զինծառայող մահացավ, 20-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան։ Ինչո՞ւ այս շղթան ի վերջո չի կոտրվում։

– Մշտապես արձանագրել եմ, որ խաղաղ պայմաններում պետք է որդեգրվի զրո զոհ քաղաքականությունը, ու ամեն ինչ պետք է արվի, որպեսզի խաղաղ պայմաններում պարզապես բացառվի մահվան ելքով որևէ պատահար։ Մենք չունենք այդ ռեսուրսը։ 

Խաղաղ պայմաններում զոհեր ունենալը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ սկսած անհրաժեշտ կարողությունների բացակայությամբ, վերջացրած համապատասխան մասնագիտական կարողություններ չունեցող կոնտինգենտով, նաև փնթի կառավարումով։ Ցանկացած ողբերգական դեպքի հետևում փնթի կառավարումն է, որովհետև եթե զգոն լինեին, կարողանային ճիշտ հրահանգավորում տալ, համապատասխան մասնագետներ պատրաստել, կադրերը ճիշտ տեղում նշանակվեին և այլն, նման դեպքեր չէին լինի։ Իսկ այս մարդկանց քարոզչությունը որ լսում ես՝ ռուսական «Ուրալներով» արդեն ՆԱՏՕ-ի անդամ ենք դարձել, այսինքն՝ քարոզչությունն ու իրականությունն այնքան հեռու են իրարից, որ չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս։ 

21-րդ դարում «Ուրալով» անձնակազմ տեղափոխե՞լ, երբ չունենք բավարար որակի ճանապարհներ, եղանակային պայմանները բարենպաստ չեն, տրանսպորտի տեխնիկական վիճակն անբավարար է, այդ տրանսպորտային միջոցները երբեմն ապրել են իրենց դարը՝ մաշված են, հին են, վերջիվերջո, դրանք օգտագործողները 18 տարեկան երիտասարդներ են, որոնք չունեն համապատասխան մասնագիտական կարողություններ։ 

Այս ամենը հետևանք է նաև սրտացավության ու պրոֆեսիոնալիզմի բացակայության։ Ամենակարևորը՝ չկա բանակի զարգացման մոդել, մեր այսօրվա զինվորը չգիտի՝ ո՛վ է իր հերոսը։ Ընկել ենք ցուգցվանգային վիճակի մեջ, սխալը սխալի հետևից ենք անում։ Մեզ թվում է, որ Արցախյան աղետալի պատերազմում մինչև 4000 զոհ տվեցինք, դրանից հետո այս զոհերը զոհ չեն։ 

Այս ամեն ինչի պատճառը նաև անհանդուրժողականության բացակայությունն է, այ երբ ժողովուրդը մի քանի գեներալի ուսադիրներ պոկեր, նկատի ունեմ՝ պատասխանատվության ինստիտուտը գործեր, հասարակությունը բողոքի ձայն բարձրացներ, իսկապես պատասխանատության կանչելու պահանջ դներ, վստահեցնում եմ՝ բանակում և՛ զգոնություն կլիներ, և՛ կարգապահությունն այլ որակի կլիներ։ 

– Այսինքն՝ հանրության կողմից չկան ընդվզում, պահանջատիրություն, դրա համար էլ պատկան մարմինները պատշաճ չե՞ն կատարում իրենց աշխատանքը։

– Այո՛, հանրության ընդվզման բացակայությունը բերում է իշխանության տարբեր շերտերի լկտիացմանը, սանձարձակ ու ամենավտանգավորը՝ անվերահսկելի դառնալուն։ Հաշվետվողականության զգացողությամբ չապրող իշխանությունը վտանգավոր է, այն մի օր կդառնա անվերահսկելի ու կմտածի, որ ինչ ուզի՝ կարող է անել: Իսկ այսօրվա իշխանությունը շատ պարզ տեսնում է, որ իր ձեռքը բռնող չկա, ու 4 զոհ այս կողմ, 4 զոհ այն կողմ, ինչի մասին է խոսքը, իրենք էին ասում, չէ՞։

– Պարո՛ն Նորիկյան, բանակում տեղի ունեցող նմանատիպ դեպքերի բացահայտում ինչո՞ւ չի լինում, իրական մեղավորները չեն պատժվում, մենք ունենք Ազատ գյուղի ողբերգական դեպքը նաև, երբ 15 զինծառայող այրվեցին կացարանում։

– Նորից եմ կրկնում, այս ամենը պայմանավորված է նաև հասարակության ուշադրության պակասով, հասարակությունը պետք է պահանջատեր լինի, իշխանությունից պահանջի, որպեսզի աշխատեն, իսկ վատ աշխատելու դեպքում՝ հեռացնեն նրանց. սա է բանալին։ Իսկ քանի չկա այս պահանջը, քանի իշխանությունը իր կզակին չի զգացել հասարակության ուժը, չի սթափվել հասարակական կարծիքից, չի վախեցել, մենք չենք ունենա լրջագույն արդյունքներ։ Հասարակությունը պետք է գիտակցի, որ իշխանության կրողն ինքն է, ու այն իշխանությունը, որը լավ չի աշխատում, պետք է հեռացվի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am