Շատ դեպքերում ատելության խոսքը հենց իշխանական քաղաքական շրջանակներն են գեներացնում. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, ներհայաստանյան իրավիճակի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում՝ ատելության խոսքի տարածման, հասարակությանը երկպառակտելու համատեքստում: Օրինակ՝ իշխանությունը մտահոգություն է հայտնում, որ այն մարդիկ, որոնք Տավուշում այս պահին բողոքում են, ատելության խոսք են տարածում։ Արդարացվա՞ծ է իշխանության մտահոգությունը։ 

– Որ ատելության խոսքը մեզանում շատ է տարածված, գաղտնիք չէ, դա պայմանավորված է տարբեր պատճառներով՝ և՛ քաղաքական, և՛ սոցիալական։ Եթե քաղաքականի մասին ենք խոսում, ապա մենք ունենք բևեռացված հասարակություն, բավականին ագրեսիվ վերաբերմունք այդ բևեռների միջև, ու, բնականաբար, դա նաև դրսևորվում է ատելության խոսքի տեսքով: Նաև մարդկանց ընդհանուր ճնշվածությունը, նյարդայնությունը, որը պայմանավորված է և՛պատերազմով, և՛ դրանից հետո առկա ընդհանուր լարվածությամբ, ևս ծնում է անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ ու դրսևորվում է ատելության խոսքի տեսքով։ 

Այն, որ իշխանությունն է հայտնում այդ մտահոգությունը, այո՛, մի կողմից հենց իրենց պետք է մտահոգի, բայց մյուս կողմից՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխող քաղաքական շրջանակները շատ դեպքերում հենց իրենք են գեներացնում այդ ատելության խոսքը: Մասնավորապես, երբ խոսքը մեր հիմնական քաղաքական ամբիոնի մասին է, չի կարելի ասել, որ այնտեղ ավելի շատ ընդդիմությունն է ագրեսիվություն դրսևորում, քան իշխանությունը: Շատ դեպքերում հենց իշխանության ներկայացուցիչների կողմից են լինում և՛ ագրեսիվությունը, և՛ ատելության խոսքը, և՛ անհանդուրժողականությունը։ 

Ընդ որում՝ երբ նման դրսևորումներ են լինում ընդդիմության կողմից, նրանց նկատմամբ անմիջապես կիրառվում են զսպող միջոցներ, իսկ նույն իշխանության ներկայացուցչի մասով անվտանգության ծառայությունը երբեք չի միջամտում։ Այսինքն՝ պատասխանատվությունը, որ ատելության խոսքը նման տարածում է գտել, շատ առումներով նաև իշխանության վրա է։ Եվ պարզ է, երբ կա այդ բևեռվածությունը, ու սուր պահեր են լինում, ինչպես հիմա Տավուշում է, դա ավելի ինտենսիվ է հնչում ու ներգրավում է գրեթե ամբողջ հասարակությանը։ 

Այո՛, մենք հիմա հերթական նման մի պահ ենք ապրում, ու առանց ջանքերի, որպեսզի տարբեր խնդիրների հաղթահարմանն ու լուծմանն ուղղված այդ հանրային համաձայնությունը չլինի, առաջին հերթին՝ իշխանության կողմից, ամեն ինչ միայն խորանալու է, մանավանդ որ տարբեր ինստիտուտներ են արդեն ներգրավվում այդ ամեն ինչում։ Այսօր մենք ունենք սրված հակասություն, ասենք՝ իշխանական կառույցների ու Եկեղեցու միջև, դա լրացուցիչ հանգամանք է, որը հասարակությանը հավասարակշռությունից հանում է։ 

– Նույն Եկեղեցու, հոգևորականների ակնհայտ թիրախավորում է տեղի ունենում այսօր, իշխանությունն ի՞նչ է անում, որ դա տեղի չունենա, ինչը որոշ չափով կմեղմի հասարակության երկպառակությունը։

– Այստեղ բավականին լուրջ ինստիտուցիոնալ խնդիր կա․ մեր աշխարհիկ իշխանությունը հավակնություն է ցուցաբերում նաև հոգևոր ոլորտում առաջատար ազդեցություն ունենալ հասարակության ու քաղաքացիների վրա, և ձևավորվում է որոշակի մրցակցություն Եկեղեցու հետ։ Հաշվի առնելով շատ առանձնահատուկ մտածելակերպը, որ մի կողմից կա այսօրվա իշխանության ու եկեղեցականների մոտ, այդ երկու շերտերի միջև առանձնահատկությունները, որոնք, պարզ են, բերում են նաև շատ լուրջ քաղաքական, նույնիսկ հակասությունների, որն իհարկե տարօրինակ է, երբ Եկեղեցին ու աշխարհիկ իշխանություններն են ունենում քաղաքական հակասություններ: 

Դա ինչ-որ տեղ անբնական երևույթ է, բայց մեզ մոտ դրսևորվում է, ու քանի որ Եկեղեցին ավանդաբար մեծ ազդեցություն ունի հասարակության վրա, միմյանց նկատմամբ այդ ագրեսիվությունը, որ կա իշխանության ու Եկեղեցու միջև, նաև անմիջապես տեղափոխվում է հասարակական շերտերին, որտեղ մի մասը Եկեղեցու կողմից է, մյուսը՝ աշխարհիկ իշխանության, ու բավական բարդ իրավիճակ է ստեղծվում։ 

Այստեղ ես դժվարանում եմ ասել, թե ում վրա դնել ավելի մեծ պատասխանատվություն: Եթե զուտ քաղաքական դաշտում՝ կարծում եմ, բուն պատասխանատվությունը իշխանություններինն է, որովհետև շատ լծակներ, որոնց իրենք տիրապետում են, չեն օգտագործում այդ անհանդուրժողականությունը հաղթահարելու համար, բայց հաշվի առնելով նաև Եկեղեցու՝ որպես ազդեցիկ ինստիտուտի դերը, դժվարանում եմ ասել, թե ում ձեռքին է համերաշխության ձևավորման այդ առաքելությունը։ 

– Պարո՛ն Նավասարդյան, այսինքն՝ կարծում եք, որ նաև Եկեղեցի՞ն է անհանդուրժողականությանը, ատելության խոսքին նպաստում։

– Ես կարծում եմ՝ այո՛, որ եկեղեցականները շատ դեպքերում իրենց թույլ են տալիս այնպիսի դատողություններ, որոնք բնորոշ չեն հոգևոր դասի ներկայացուցիչներին, ու միգուցե հնարավոր էր այլ տիպի խոսքով, ուղերձներով փորձել հաղթահարել առկա հակասությունները։ Բայց այն, ինչ հաճախ լսում ենք եկեղեցականներից, քաղաքական գործչի ելույթ է, ու դա, փաստորեն, մեզանում Եկեղեցու ու իշխանության միջև առկա քաղաքական այդ հակամարտությունը տեղափոխում է հարաբերությունների մեջ և միայն սրում ու խորացնում է խնդիրը։

– Իսկ այս ատելության խոսքը, երկպառակությունն ի՞նչ հետևանքներ են ունենալու, եթե իրերը շարունակեն զարգանալ այնպես, ինչպես հիմա է։

– Առայժմ չեմ տեսնում ցանկություն, որ կողմերից որևէ մեկը փորձի մեղմել իրավիճակը, ցանկությունը կարծես թե հակառակն է՝ միայն բարձրացնել այդ լարվածության աստիճանը ու հաղթող դուրս գալ այս պայքարում։ Հիմա բոլոր կողմերում ավելի շատ ռեսուրսների, հնարավորությունների մոբիլիզացում է գնում, ու մենք տեսնում ենք միայն բևեռացվածության խորացում։ Հետևանքներն այն են, որ նման հասարակությունը, մանավանդ եթե երկիրը կանգնած է լուրջ խնդիրներ լուծելու առջև, միայն դժվարացնում է լուծումը։ Միայն համախմբվածության միջոցով կարելի է լուծել առկա խնդիրները, իսկ մեզ մոտ, փաստորեն, էներգիան, ուժը օգտագործվում են երկրի ներսում հակամարտության լուծման համար։ 

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am