Թող մարդիկ մտածեն՝ արդյոք մենք չե՞նք ստացել նույնը, ինչը մերժել ենք 2018-ին. Նինա Կարապետյանցը՝ Freedom House-ի զեկույցի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը.

 Տիկի՛ն Կարապետյանցինչպե՞ս եք գնահատում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ազգերը տարանցման մեջ 2024» (Nations in Transit 2024)տարեկան զեկույցը, որի համաձայն Հայաստանում ժողովրդավարական կառավարման ազգային վարկանիշը անկում է ապրել։

«Ազգային դեմոկրատական ​​կառավարման միավորը 2.50-ից իջել է 2.25-ի, ինչը պայմանավորված է գործադիր իշխանության համախմբմամբ, կենտրոնական կառավարության վաղեմի հակվածությամբ՝ գերադասելու և պաշտոնանկ անելու ընդդիմադիր քաղաքապետներին, և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայությամբ։ Արդյունքում՝ Հայաստանում ժողովրդավարության գնահատականը 3.11-ից իջել է 3.07-ի»,- նշված է փաստաթղթում։

https://freedomhouse.org/country/armenia/nations-transit/2024

– Սպասելի արդյունք էր, և ոչ միայն Freedom House-ի, մնացած զեկույցներում ևս կան արձանագրված խնդիրներ: Եթե հեղափոխությունից հետո կարճ ժամանակ գնահատականներն ավելի զուսպ էին, որովհետև ակնհայտ էր, որ անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված կայունանալու, տեղավորվելու, հասկանալու համար, բայց վեց տարի անց, իհարկե, պետք է գնահատականները լինեին այսպիսին:

Դեռ ավելի խիստ պետք է լինեին, բայց նրանք շարունակում են հույսը չկտրել, որ Հայաստանըկարող է գնալ ժողովրդավարության ճանապարհով։ Այն գործողությունները, որոնց մենք ականատես եղանք հատկապես վերջին տարիներին՝ սկսած ընտրությունների հետ կապված խնդիրները, երբ այն ընտրատարածքներում, որտեղ ՔՊ-ն պարտվում էր, սկսվում էին գործընթացներ, որոնք, գուցե,իրավական առումով իսկապես բավարար էին, բայց,չգիտես ինչու, սկսվում էին այն պահից, երբ ՔՊ-ն պարտվում էր ընտրություններում։ Առհասարակ, թե՛դատաիրավական համակարգում, թե՛ բոլոր մնացած ուղղություններով գնահատականները դեռ շատ ավելի իջած պետք է լինեին, ու եթե շարունակեն այս տրամաբանության մեջ, մենք անընդհատ անկում ենք տեսնելու։

 Իսկ այդ մեղմ գնահատականը ինչո՞վ եք պայմանավորում։

– Ամենայն հավանականությամբ նրանով, որ Հայաստանի հետ կան ծրագրեր, և վերջնական իրական գնահատականը տալու պարագայում Արևմուտքը չի կարողանա բացատրել, թե ինչո՞ւ է պատրաստվում ավելի խորացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետևժողովրդավարական երկրներում կառավարությունները ու իշխանությունները հաշվետու են իրենց ընտրողներին ու պետք է բացատրեն, թե ինչո՛ւ պետք է ժամանակ և ռեսուրսներ վատնեն համագործակցությունն ավելի խորացնելու համար։ Իսկ ժողովրդավարության առկայությունը կամ հնարավորությունները Արևմուտքի համար բավական լուրջ ցուցանիշ են։

 Իսկ իշխանությունն իսկապես ունե՞րժողովրդավարության ճանապարհով գնալու այդ հնարավորությունը, թե՞, այնուամենայնիվ, դրան խանգարող օբյեկտիվ պատճառներ կային։

– Նրանք երկու հիմնական պատճառ են բերում, թե ինչու չի եղել. մեկը՝ քովիդը, մյուսը՝ պատերազմը։ Բայց ես կարող եմ շատ ավելի շատ պատճառներ նշել, թե ինչու ժողովրդավարությունը չեղավ։ Ինձ այս պարագայում ուրիշ հարց է հետաքրքրում՝ իրենք ի՞նչ են արել, որպեսզի հասնեն փոփոխությունների։ Երբ ստեղծվում է հանձնաժողով, որը պետք է զբաղվի Սահմանադրության բարեփոխմամբ կամ փոփոխությամբ, ու դրա չաշխատելը բացատրվում է քովիդով, այն պարագայում, երբ այդ օրերին բոլորս հեռավար աշխատանքային ռեժիմի էինք անցել, դա չարվեց։ 

Այնպես չէր, որ պատերազմի ընթացքում, որը տևել է 44 օր, հիշեցնեմ, մնացած մասնակիցները եղել են ռազմաճակատում, մեծ մասը Հայաստանում ու Երևանում էր։ Այնպես որ, ոչ մի խոչընդոտ չի եղել Սահմանադրությունը փոխելու համար։ Ու այլ բազմաթիվ ուղղություններ, որոնցով ուղղակի չկամեցան գնալ, որովհետև եթե իսկապես ցանկություն լիներ, ճանապարհները կարող էին գտնել։ 

Այն աստիճանի չուզեցին գնալ, որ տեղավորվեցին համակարգի մեջ, շատ կարճ ժամանակ հետո այս իշխանությանը դուր եկան սուպերվարչապետական և՛ Սահմանադրությունը, և՛ կարգավիճակը, և՛ ամբողջ գործիքակազմը, ինչի համար մեր հասարակությունըմերժել էր հանցավոր ռեժիմին։ 

Կա շատ կարևոր մի բան. եթե դու ուզում ես փոփոխությունների գնալ, գտնում եսճանապարհներ, երբ չես ուզում գնալ այդ ճանապարհով, գտնում ես արդարացումներ, թե ինչու չստացվեց այդ ճանապարհով գնալ: Այս իշխանությունը փոփոխությունների գնալու բուռն ցանկություն չի ունեցել։

 Տիկի՛ն Կարապետյանց, այդ ցանկությունը չեղավ, որովհետև իշխանությունը ինչ-որ պահի հասկացավ, որ նախկին համակարգը հենց իր համար ավելի շահավե՞տ է։

– Ընդհանրապես այսպես է՝ կա՛մ դու կոտրում ես հանցավոր համակարգը, կա՛մ համակարգը խժռում է քեզ։ Հիմա տեղավորվեցին, դուր եկա՞վ, թե՞ համակարգը խժռեց իրենց՝ դա իրենց ներքին խնդիրն է, բայց փաստը մնում է փաստ, որ փոփոխությունների գնալու հնարավորություն կար, 2018-ին ունեին սարսափելի մեծ լեգիտիմություն։ 

 Անգամ այս զեկույցից հետո իշխանական պատգամավորներից ոմանք ասում են, որ իրենց թիմը ժողովրդավարությունից հետնահանջ չի արել։

– Նրանց կարելի է մի բան ասել․ պարոնա՛յք, դուք կտրվել եք իրականությունից, դուք այլևս չեք տիրապետում իրավիճակին, եթե կարճ և պատմական ակնարկով։ Բառացիորեն նույն բառամթերքով նախադասություններ լսել ենք ժամանակին, երբ զեկույցներ էին հրապարակվում , Շարմազանովից, Սերժ Սարգսյանից, Դավիթ Հարությունյանից ու մնացածից: Հիմա բացարձակ նույնը ասում են գործող իշխանության ներկայացուցիչները ու բացարձակ նույն տրամաբանության մեջ, շատ փոքր առաջընթացը դարձնում են դրոշակ, իսկ քննադատական որևէ բան չեն ընդունում։ Մնացածն էլ թող մարդիկ մտածեն՝ արդյոք մենք չե՞նք ստացել նույն պրոդուկտը, ինչը մերժել ենք 2018-ին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab