«Այս արտակարգ դրությունը ավարտվի, ես և բազմաթիվ մարդիկ պատրաստվում ենք հանրահավաք կազմակերպել՝ վեթինգի պահանջով». Լեւոն Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

– Պարո՛ն Բարսեղյան, դատական համակարգի վերաբերյալ վարչապետի և արդարադատության նախարարի զրույցից ի՞նչ եզրահանգման եկաք։ Փաստորեն, ձեր սպասելիքները դատավորների վեթինգի մասով չեն իրականանում։

– Իմ սպասելիքները՝ ջհանդամ, իմ սպասելիքները միշտ մի օր իրականանում են։ Ես այդ զրույցից համոզվեցի՝ իշխանությունը հրաժարվում է վեթինգ իրականացնելուց, այն, ինչ անելու է և փորձելու է վեթինգ կոչել, վեթինգի հետ կապ չունի։ 

Դրա գաղափարախոսը արդարադատության նախարարն է և այդ հարցում համոզել է վարչապետին։ Ստացվեց, որ անցումային արդարադատության ամենակարևոր բաղադրիչը Հայաստանում տեղի չի ունենալու առաջիկա տարիներին, եթե որևէ բան չփոխվի վարչապետի դիրքորոշման մեջ, դատավորները մնալու են իրենց տեղերը, արդյունքում՝ բոլոր բարեփոխումները՝ ապօրինի գույքի բռնագանձում և այլն, տեղապտույտ են տալու, մասնակի և ամբողջությամբ ձախողվելու են, և մի օր վարչապետը այդ մասին հայտարարելու է։

– Վարչապետն այժմ էլ հայտարարում է, որ իրավապահ համակարգում ոչինչ չի փոխվել։ 

– Այո՛, նա հայտարարում է, որ ձախողվել են իրավապահ համակարգի բարեփոխումների հարցում։ Այո՛, ոստիկանությունը չի բարեփոխվել, քննչականը, դատախազությունը․․․ Եվ այդքանով հանդերձ, հիմա էլ նրան համոզել են, որ վեթինգը քըխ է։ 

Վեթինգը գերանդիով հնձել են։ Ոչ ոք չի առաջարկել գերանդիով հնձել, ոչ ոք չի առաջարկել ամբողջ դատական համակարգի գլուխները շոյել, այդ ինքն է եղել, որ 2018-ին հայտարարել է անցումային արդարադատության մասին, 2019-ին դատավորների վեթինգի մասին խոսեց և ինքն է կոչ արել դատարանների դռները փակել ու անել այդ խորհրդանշական ակցիան։ 

Ինքը պարբերաբար, երբ տեսնում է, որ իր կառավարած համակարգը իրեն դիմադրում է, շատ հեղափոխական վարք է դրսևորում ու ելույթներ է ունենում։ 

Հետո նրա գաղափարները գնում են նախարարություններ, մաշվում են, քայքայվում, նենգափոխվում են։ Ի՞նչ էինք պատկերացնում՝ ինչ եղավ․ սարը երկնեց՝ մուկ ծնեց․ մոտավորապես այդ ասացվածքի վիճակն է։ Ցավալի է։ 

Ով ինչ ուզում է ասի, ես գիտեմ, որ պետությունը զավթած են եղել, իշխանության բոլոր ճյուղերը զավթած են եղել, ամբողջը ծառայեցրել են իրենց անձնական ու բիզնես շահերին, անպատիժ են եղել, թալանել ու հարստահարել են, ունեզրկել են ու ստիպել, որ մարդիկ արտագաղթեն։ 

Այդ մարդիկ պետք է պատասխան տան։ Այս իշխանությունը լինի թե հաջորդ իշխանությունը՝ պետք է գնան էդ քայլին և կստանան հանրության համակրանքը։ 

Այս արտակարգ դրությունը ավարտվի, ես և բազմաթիվ մարդիկ պատրաստվում ենք հանրահավաք կազմակերպել՝ վեթինգի պահանջով։ Այն, ինչ նկարել է արդարադատության նախարարը, նույնիսկ ձևական վեթինգ չէ, վարչապետին համոզել են։

– Ձեր ֆեյսբուքյան էջում դա անվանել էիք փաղաքշանք։

– Այո՛, դա Թոթովենցից էր։ Իհարկե, կարելի է տրվել սեմիոտիկային և վերլուծել ինչպես կամենաք։ Գրել էի՝ «Փաղաքշանքին վեթինգ մի՛ ըսե, մա՛նչս, մեղք է»․ Վահան Թոթովենց։ Վահան Թոթովենցը նույնպես կարելի է վերծանել՝ «վահանը»՝ որպես պաշտպանիչ համակարգ և «թոթովել» բառերի համադրությամբ։ 

– Պարո՛ն Բարսեղյան, ստեղծված իրավիճակում դուք, կարծես, շատ մեծ դեր եք վերապահում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Չե՞ք կարծում, որ առանց վարչապետի հետ համաձայնեցման նման բան չէր կարող լինել։ 

– Ոչ թե անհատները պետք է լինեն առաջին պլանում, այլ համակարգերը պետք է բարեփոխվեն։ Արդարադատության նախարարությունը այս դեպքում պետք է ունենա բարձր մասնագիտական պատրաստվածություն։ 

Նախարարները, ինչպես եղել է նախկինում, չպետք է լինեն միանձնյա առաջատարներ։ Բայց, ցավոք, Հայաստանում դեռ պահպանվում է հին սիստեմը։ Երեկվա խոսակցությունից մի դրվագ հիշեցնեմ՝ վարչապետը տարակուսած հարցնում է՝ մենք տալու ենք ինքնամաքրման հնարավորությո՞ւն։ Այսինքն՝ վարչապետի մեջ այդ կասկածը կա՝ այդ համակարգը կարո՞ղ է ինքնամաքրվել։ 

Երեկվա զրույցից ամբողջական եզրակացության չեկա, որ Փաշինյանն այդ հարցի շուրջ ունի վերջնական որոշում։ Ես մտածում եմ՝ գուցե փորձագետների հայտարարություններից, տարբեր կառույցների դիրքորոշումներից վարչապետն իր դիրքորոշումը փոխի։ 

Չեմ ուզում նրանց ամբողջ զրույցը վերծանել, բայց ես հասկացա, որ վարչապետը վեթինգի տեխնիկայից այնպես լավատեղյակ չէ, պարտավոր էլ չէր, որ լիներ։ Չի կարող վարչապետը ամեն ինչի մասնագետ լինել։ Այդ համակարգը պետք է իրեն հուսալիորեն մատակարարի քաղաքականություն, բայց, ցավոք, նախարարությունն այդպես չի աշխատում։ 

– Իշխանություններն ասում են՝ սահմանադրական փոփոխություններ են պետք վեթինգ իրականացնելու համար։

– Հարց ունեմ իշխանություններին և ոչ թե նախարարին՝ ինչո՞ւ մենք մինչև հիմա չունենք նոր Սահմանադրություն։ Հեղափոխությունից երկու տարի է անցել։ 730 օրը հերիք չէ՞ր նոր Սահմանադրություն ունենալու համար։ 

Ապացուցե՞մ, որ հերիք էր՝ վարչապետը կարող էր 2018-ի ամռանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծել, մինչև 2018-ի վերջ ավարտել նախագծի էսքիզը, որը կներկայացվեր հանրության դատին։ 2019-ի առաջին կեսին նոր Ազգային ժողովը դա կընդուներ որպես նախագիծ, հետո կսկսվեր հանրաքվեի պատրաստություն: 

Լա՛վ, թող մեկ տարի պատրաստվեին, քարոզարշավ անեին, հիմա մենք կունենայինք նոր Սահմանադրություն, որի հիման վրա վեթինգ կիրականացվեր։ Բայց հիմա միանգամայն այլ իրավիճակ է, նոր-նոր պետք է սկսեն սահմանադրական բարեփոխումներ, հետո՝ վեթինգ, եթե քաղաքական կամք մնա։ 

Գիտեք՝ հետհեղափոխական իշխանությունները սկսում են նահանջել դեպի կոնֆորմիզմ, պահպանողականություն, նահանջ, կարծես մազութոտ գետնի վրայով քայլեն, դանդաղում է ընթացքը։ 

Դա բնական է։ Այն իշխանությունը, որը հաղթահարում է այդ դժվարությունները, կարողանում է առաջ գնալ, մարդիկ գոհանում են իրականացվող բարեփոխումներից և արդյունքում վերընտրվում են։ Մենք տեսնում ենք հեղափոխական օրակարգից նահանջ։ 

Հեղափոխության սկզբնական օրակարգը նախկին իշխանություններից ազատվել էր, հետո, երբ դա իրականություն էր, բոլորիս պահանջը արդարության հաստատումն էր բոլոր ոլորտներում։ 

Վարչապետը բոլոր ապօրինություններով անցել է՝ ապօրինի ազատազրկում, մեղադրանք, տառապած մարդ է, այդ ամենը տեսել է, բայց հիմա, երբ ասում է՝ հաշտություն, սեր։ Հանցագործի հետ ի՞նչ հաշտություն։ Վարչապետը որոշ ժամանակ անց իր անալիտիկ ունակություններով զգալու է, որ սա կոպիտ սխալ էր, նրա գլխի տակ փափուկ բարձ են դրել։

– Ձեր այս խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ հիասթափված եք։

(Ծիծաղում է): Ես քաղաքական գործիչ չեմ, ես քոքված քաղաքական գործիչ չեմ։ Ես էշի համառությամբ մի արարած եմ, որն իր ասածների հետևից գնում է մինչև կյանքի վերջ։ Էդ հիասթափվել-չհիասթափվել, հույս ունենալ-հույս չունենալ՝ էդպիսի բառապաշար չունեմ։ Լինելու է և վե՛րջ։ Համակարգն աղտոտված է, ինքն (նկատի ունի վարչապետին.-հեղ․) էլ գիտի, որ պետք է մաքրի։ Եթե կհասկանա՝ արագ կմաքրի՝ լավ, չի մաքրի՝ մյուս իշխանությունը կգա կմաքրի։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am