«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, նախկին Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը
– Տիկի՛ն Թանդիլյան, Նիկոլ Փաշինյանը երեք ամիս առաջ հայտարարել էր, որ եթե թոշակառուների թոշակը բարձրացնեն անգամ 10 հազար դրամով, միևնույն է, դա նրանց կյանքում ոչինչ չի փոխի: Իսկ արդեն երեկ նա հայտարարեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան, «ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ»: Ինչո՞վ եք պայմանավորում այս կտրուկ փոփոխությունը, որոշումն ինչպե՞ս կգնահատեք:
– Մեր երկրում թոշակների բարձրացումը կենսական անհրաժեշտություն է, սակայն այն վերածել իշխանությունը պահելու և վերարտադրվելու գործիքի՝ բացահայտ քաղաքական շահարկում է և բարոյական սնանկության դրսևորում։ Նույն թեմայի շուրջ Փաշինյանի հնչեցրած հակասական հայտարարություններն ու իրարամերժ որոշումները փաստում են, որ առաջնայինը ոչ թե քաղաքացին է, այլ իշխանության պահպանումը։ Ժողովուրդը պետք է հստակ գիտակցի, որ ընտրություններից առաջ իրականացվող կարճաժամկետ որոշումները մարդկանց սոցիալական բեռի թեթևացմանն ուղղված քայլեր չեն, այլ հաշվարկված քաղտեխնոլոգիա, հետևաբար այս իշխանությունը սպառել է իր քաղաքական և բարոյական լեգիտիմությունը և պետք է հեռանա։
– Ինչո՞ւ բարձրացումը համատարած չէ, և ինչո՞ւ է կիրառվում «համեմատաբար ցածր կենսաթոշակներ» ձևակերպումը։ Արդյոք սա նոր անհավասարությո՞ւն չի ստեղծում թոշակառուների միջև։
– Թոշակների բարձրացումը համատարած չէ, որովհետև նպատակը սոցիալական արդարությունը վերականգնելը չէ, այլ սահմանափակ ռեսուրսներով առավել տեսանելի ազդեցություն ստեղծելը։ «Համեմատաբար ցածր կենսաթոշակներ» ձևակերպումն էլ պատահական չէ: Սա ոչ թե համակարգային լուծում է, այլ քաղաքական հաշվարկ՝ բաժանելու, վերահսկելու և դժգոհությունը կառավարելի պահելու համար։
– 10 հազար դրամով բարձրացումը իրականում որքանո՞վ է փոխում թոշակառուի կյանքը՝ հաշվի առնելով վերջին տարիների գնաճը, կոմունալ վարձերի և սննդամթերքի թանկացումը։
– 10 հազար դրամով բարձրացումը էական լուծում չէ, եթե հաշվի առնենք վերջին տարիների մեծածավալ գնաճը և ընդհանուր սպասարկման և այլ ծառայությունների բավականին թանկ լինելը։ Սա նշանակում է, որ իրականում թոշակառուի կենսամակարդակը չի բարձրանում լուրջ մակարդակի, որ կարողանար ապահովել արժանապատիվ կյանքի նվազագույն չափանիշ։ Սակայն անկախ քաղաքական հայացքներից՝ թոշակների ցանկացած բարձրացում դրական է, քանի որ թոշակառուները իրականում ունեն լուրջ ֆինանսական դժվարություններ։ Մեր երկրում նվազագույն թոշակը պետք է հավասար լինի սպառողական զամբյուղի չափին՝ առնվազն 80 հազար դրամ։
– Դեռ 2021-ին օրվա իշխանության ղեկավարը խոստացել էր բարձրացնել կենսաթոշակները՝ «միջին չափը 43500 դրամից դարձնել 61000 դրամ: Նվազագույն կենսաթոշակը 26500 դրամից դարձնել 37000 դրամ», ինչը փաստացի մինչ օրս չի արվել: Ո՞րն է պատճառը․ պետությունը չունի՞ այդքան ֆինանսական հնարավորություն, թե՞ պարզապես քաղաքական կամք չկա:
– Պետությունը ֆինանսական առումով կարող էր կատարել խոստացված բարձրացումները, սակայն դրանք չեն իրականացվել՝ նախևառաջ քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Թոշակները հնարավոր էր բարձրացնել նաև՝ դրան ուղղելով ոչ արդյունավետ ծախսերը, օրինակ՝ պաշտոնյաների անիմաստ պարգևավճարները, արտասահմանյան այցելությունների և նման այլ ծախսեր։ Բայց իշխանությունը նախընտրել է կարճաժամկետ, հաշվարկված բարձրացումներ, որոնք հաճախ ծառայում են վարկանիշի պահպանմանն ու բարձրացմանը, ոչ թե քաղաքացիների իրական բարեկեցության նպատակին։ Մեր երկրում նվազագույն թոշակը պետք է հասնի նվազագույն սպառողական զամբյուղի չափին՝ դառնալով առնվազն 80 հազար դրամ։
– Տիկի՛ն Թանդիլյան, իշխանության ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ տնտեսությունը թռիչքաձև աճ է գրանցել, որ Հայաստանի քաղաքացին երբեք այսքան լավ չի ապրել, ինչպես հիմա: Ինչպե՞ս կարձագանքեք այս պնդումներին։
– Բոլոր իշխանությունները, բնականաբար, ինչ-որ բան են արել, և անհնար է պնդել, որ որևէ կառավարություն ընդհանրապես չի աշխատել։ Բայց կարևորը ոչ թե պարզապես ինչ-որ բան անելն է, այլ իրականացնել բոլոր պարտավորությունները և հաշվետու լինել ժողովրդին։ Իշխանության հայտարարած «թռիչքաձև աճը» չի արտացոլում ժողովրդի իրական վիճակը, եթե, իհարկե, քաղաքացին իրենց մերձավոր շրջապատից չէ։ Կենսաթոշակների անբավարար մակարդակը, գնաճի արագությունը և կենսապահովման մյուս ցուցանիշները փաստում են, որ քաղաքացիներն իրենց առօրյա կյանքում այդ «աճը» չեն զգում։
– Դուք եղել եք սոցիալական ապահովության նախարար, 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը որքա՞ն բեռ է պետբյուջեի վրա։ Եվ ի՞նչ է նշանակում «համեմատաբար ցածր կենսաթոշակներ» ձևակերպումը, ո՞րն է այդ շեմը։
– Ֆինանսական առումով սա կառավարելի թիվ է, եթե համակարգն արդյունավետ կերպով պլանավորվի։ Սակայն բյուջետային տարվա ընթացքում թոշակների բարձրացումը սովորաբար նախատեսվում է պետական բյուջեի հաստատման շրջանակում, քանի որ պահանջում է լուրջ ֆինանսական հաշվարկներ։ «Համեմատաբար ցածր կենսաթոշակներ» ձևակերպումը նշանակում է, որ թոշակների մակարդակը չի համապատասխանում կենսական ծախսերի չափին՝ ներառյալ սնունդը, կոմունալ վարձերը և առողջապահական ծառայությունները։ Ի դեպ, շեմը պետք է հաշվարկվի՝ որպես նվազագույն սպառողական զամբյուղի չափ, որպեսզի թոշակառուները կարողանան ապահովել արժանապատիվ կյանք՝ առանց լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության։
– Բուռն քննարկումներ կան, որ ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ կենսաթոշակների բարձրացումը նախընտրական քայլ է։ Ձեր դիտարկմամբ՝ սա որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ թոշակառուների տրամադրությունների և ընտրությունների արդյունքների վրա։
– Թոշակառուները և ողջ հասարակությունը պետք է գիտակցեն՝ կարճաժամկետ պոպուլիստական «խայծերը» թաքցնում են լուրջ վտանգներ, որոնք հետագայում հարվածելու են ինչպես պետությանը, այնպես էլ քաղաքացիներին, և դրանց գինը շատ անգամ բարձր է լինելու 10 հազար դրամից։
– Սա պետական բյուջեի հաշվարկվա՞ծ որոշում է, թե ընտրություններից առաջ ձայներ ստանալու փորձ, հաշվի առնելով, որ Հայաստանում ավելի քան կես միլիոն թոշակառու կա:
– Ընդամենը հունվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «եթե բարձրացնենք թոշակը, դա խնդիրները չի լուծի», ինչը պարզ է դարձնում, որ իշխանության միակ նպատակն ընտրություններից առաջ սեփական դիրքերը պահելն է, ոչ թե քաղաքացիների իրական խնդիրները լուծելը։ Այսպես՝ ցանկացած կարճաժամկետ բարձրացում դարձվում է քվեների շահարկման տեխնոլոգիա, այլ ոչ թե իրական սոցիալական համակարգային բարեփոխման մաս։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















