«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը
– Պարո՛ն Պիպոյան, ամենայն հավանականությամբ դժգոհություններից, քննադատություններից դրդված՝ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է քաղաքային տրանսպորտի միասնական սակագնի երկրորդ առաջարկը, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում։ Քանի որ հանգամանալից խոսել եք առաջին առաջարկի մասին, ես խնդրում եմ ձեր դիտարկումները նաև այս առաջարկի վերաբերյալ։
– Երկրորդ առաջարկը, ըստ էության, ֆունդամենտալ իմաստով, ոչնչով չի տարբերվում առաջին առաջարկից, հիմա մեկնաբանեմ, թե ինչո՛ւ։ Մենք այսօր ունենք երթուղիների տրամաբանություն և երթուղային ցանց, որտեղ տեղփոխը 6% է, 94%-ը իրականացվում է առանց տեղփոխի ուղևորափոխադրում․ Ա կետից Բ կետ հասնելու համար ուղևորափոխադրում իրականացնող անձանց 94%-ը տրանսպորտ չի փոխում։
Հիմա միջազգային խորհրդատուն եկել է, մեզ ասել, որ այս ցանցն անարդյունավետ է։ Այս ցանցը ստեղծվել է, երբ լոտոների բիզնեսին՝ 90-ականների վերջին, հաջորդեց մարշրուտնիների բիզնեսը, երբ ստեղծվեցին գծեր, որոնք մեր քաղաքին պետք չէին, ու հանրային տրանսպորտն արդեն աշխատում էր ոչ թե սովորական տրանսպորտի պես կանգառից կանգառ, այլ՝ մորքուրի շքամուտքից հորքուրի շքամուտք։
Իսկ միջազգային խորհրդատուն ասաց, կներեք ձևակերպման համար, հո դուք աննորմա՞լ չեք, ձեր շարժակազմերն այսքան պետք է չքշվեն, դուք մաշում եք այդ շարժակազմը, ու տվեց ցանց, որն օպտիմալ է, որտեղ «ՄԱՆ» ավտոբուսն անիմաստ չի երթևեկում, դատարկ կիլոմետրեր չի անցնում, այսինքն՝ ցանցը արդյունավետ է գործում, ու մեքենայի տարեկան վազքը 3-4 անգամ նվազում է։
Մենք ուրախանում ենք ու ասում՝ ինչ լավ է, այս լավ ավտոբուսը բերեցին, բայց ոչ մեկը չի ասում, որ այս «ՄԱՆ»-ի մեջ էլ խնդիր կա, որովհետև մեքենան սխալ է շահագործվում, ու այս ռեժիմով չի կարող շահագործվել այնքան, ինչքան հարկավոր է ու կարող է։
Այսինքն՝ մեր շարժակազմը շարքից դուրս կգա ոչ թե 10, այլ՝ 4 կամ 3 տարի հետո, ու հետո քաղաքապետարանը կասի՝ մեր քաղաքացիները լավը չեն, համայնքային գույքին վատ են վերաբերվում, ուրիշ երկրներում 10 տարի է շահագործվում, ընդդիմությունը կգա կասի, քաղաքացիներն էլ կասեն՝ վայ, քաղաքապետարան, ուրիշ երկրներում փոսեր չկան, որ մեքենան ջարդվի, ու շատ քիչ մարդ կլինի, որ կասի՝ եղբա՛յր, բայց ոչինչ, որ այդ մեքենան 4 տարում քշվեց այնքան, ինչքան պետք է քշվեր 10 տարում, որովհետև ձեր ցանցը սխալ է աշխատում։
Հիմա, երբ դու փոփոխություն ես անում ու այդ ցանցը չես փոխում, դա նշանակում է դու հերթական անգամ թողնում ես, որ այս հին համակարգը գործի, որովհետև երբ ասում ենք տրանսպորտային համակարգ, դա մեկ կամ երկու միկրոավտոբուսը չէ, դա երթուղիներն են, երթուղային ցանցն է, կանգառներն են, տրանսպորտը սպասարկող ենթակառուցվածքներն են։ Հիմա, երբ ես գին քննարկեմ, դա նշանակում է, որ ես գործից չհասկացողների ջրաղացին ջուր եմ լցնում։
Առաջին անգամ, երբ սակագները հրապարակեցին, ես գրառում էի արել, գրելով՝ ժողովո՛ւրդ ջան, մի քիչ շատ քննարկեք այդ գինը, որ իրենք վերջում ասեն՝ տեսաք, լսեցինք, գինը մի քիչ իջեցրինք, ու հարցը համարեն լուծված։ Իրականում բովանդակային ասել էի, թե ի՛նչ պետք է անել:
Նախորդ օրը քաղաքապետարանում էլ եմ ասել, որ դուք պարզապես մաշում եք համակարգը, շատ վատ վիճակ եք թողնում ամեն հաջորդ րոպեի համար։ Այսօր պետք չէր տրանսպորտին մոտ գալ, որովհետև գինը կարող էինք քննարկել, երբ ունենայինք ինքնարժեք, որ հետո ասեինք՝ ինքնարժեքը, օրինակ՝ 130 դրամ է, ինչո՞ւ եք ուզում շահույթ հետապնդել, 30-ը դուք տվեք, 100-ն էլ թող քաղաքացին տա, բայց եթե մենք ինքնարժեք չունենք, գնից չենք կարող խոսել։
Հիմա ունենք ցանց, որն աշխատում է սխալ, ու այդ սխալ ցանցում ինքնարժեքը բնականաբար աճում է, այս սխալ ցանցով, սխալ շարժակազմերով ինքնարժեք են ստացել ու ասում են՝ բա այս ինքնարժեքը ո՞վ փակի։ Ես այսօր գնի մասին չեմ կարող խոսել, ես ինձ մասնագիտական տեսանկյունից վատ կզգամ, որ խոսեմ այդ մասին, էթիկան թույլ չի տալիս, դա կարող է իրեն թույլ տալ նա, ով չի հասկանում, ներողություն եմ խնդրում։
Ես նախորդ օրը նիստի ժամանակ ասել եմ՝ դրսի մի փորձագետ գտեք, ասեք՝ ի՛նչ ունենք ու ի՛նչ ենք քննարկում, ու նայեք այդ մարդու դեմքին, մեզ ապուշի տեղ կդնի։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց դա փաստ է։ Հիմա մտնել այս երկխոսության մեջ, եթե ես ինձ թույլ տամ, ինձ այդպես եմ զգալու, ոչ ոքի չեմ վիրավորում, բայց ասում եմ, եթե ես դա անեմ, ինձ ոնց կզգամ։ Լրիվ ուրիշ է, որ մարդը չգիտի, բայց քննարկում է, լրիվ այլ է, որ մարդը գիտի, բայց քննարկում է։
Մեր երկրի խնդիրն այն է, որ այսօր չիմացողներն են այս հարցը քննարկում։ Գների քննարկում նշանակում է, որ մենք չենք գալու ցանցին, իսկ եթե մենք գանք օպտիմալ ցանցին, դրանով տեղփոխերն ավելի շատ են, մինչև չորս տեղփոխ ունենք, այսինքն՝ մեկ ուղևորափոխադրման արժեքը ամենանվազագույն գնով բազմապատկեք չորս անգամ, որովհետև Ա կետից Բ կետ հասնելու համար 4 տրանսպորտ է նստում։
Ես երաշխավորված ասում եմ․ Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հրաժարվում է քաղաքի տրանսպորտի սպասարկումից, ութ ամիս հետո ցանցը ներդրած տամ իրենց։ Ցանցը՝ ներդրած, շարժակազմերն էլ՝ պատրաստ տնտեսվարողով, որ պատրաստ լինի, գա քաղաքը սպասարկի։
– Եթե դա անհնարին թվացող գործընթաց չէ, ապա ինչո՞ւ քաղաքապետարանը չի ներդնում ցանցը, պարո՛ն Պիպոյան։
– Որովհետև քաղաքապետարանն ուզում է, որ լրիվ լինի համայնքինը, բարձր աշխատավարձ էլ ստանան իրենց քաղաքական թիմի անդամները։ Եթե քաղաքապետարանը մտածեր՝ ոչ թե ո՛նց է գնում ավտոբուս առնում, իրեն ո՛վ է ավտոբուս վաճառում կամ չի վաճառում, այլ ասեր՝ ավտոբուսի ֆիրմաներ, տրանսպորտային համակարգեր աշխատեցնողներ, կարո՞ղ է որոշեք գալ ու սպասարկել քաղաքը։
Իրենք հիմա ասում են՝ տեսեք, թե «Սանիտեկը» ժամանակին ինչ վատ էր աշխատում, բայց չեն ասում, թե հիմա իրենք «Սանիտեկի» գործի վրա ինչքա՛ն ավելի փող են ծախսում, ինչքանո՛վ էր անում այդ գործը «Սանիտեկը», ինչքանով են իրենք անում։ Իրենք հիմա սպասարկում են ավելի թանկ, քան «Սանիտեկի» ուզած փողն էր։ Թվերն անգիր չեմ հիշում, բայց մոտավորապես ասեմ, որ «Սանիտեկն» ասում էր՝ 4-ով հնարավոր չէ, տվեք գոնե 5, նրան ասացին՝ չէ, հիմա իրենք անում են 6-ով։
Հիմա համայնքը փող չունի, որ գնա այդքան ավտոբուս գնի, իրենք էլ ուզում են, որ պարտադիր իրենցը լինի, այսինքն՝ իրենք ոչ թե գնացին, ասացին՝ Howo (նոր ավտոբուսները, որոնց մասին խոսեցին), կարո՞ղ է գաս Երևան քաղաքը սպասարկես, որ Howo-ն էլ իր համար ավելի լավ ավտոբուս առներ, որ չսարքեր անընդհատ։ Իրենք ասացին՝ չէ՛, դու ավտոբուսը տուր, մենք կսպասարկենք, որովհետև ավտոբուսի պարկի տնօրենը պետք է փող ստանա։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am