Դատապարտյալը բացահայտում է կոռուպցիոն սխեման քրեակատարողական հիմնարկում

Դատապարտյալը բացահայտում է կոռուպցիոն սխեման քրեակատարողական հիմնարկում
Դատապարտյալը բացահայտում է կոռուպցիոն սխեման քրեակատարողական հիմնարկում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արմեն Շամիրյանը հասարակական դիտորդներին հայտնել է «Հրազդան» ՔԿՀ-ում ռեժիմային գծով պետի տեղակալ Սամվել Բաբայանի աջակցությամբ և անմիջական հովանավորչությամբ «Հրազդան» ՔԿՀ-ում բջջային հեռախոսների վաճառքից ստացված գումարները չվերադարձնելու մասին:

Բջջային հեռախոսները գնվել են Ա. Շամիրյանի հարազատների, ընկերների, բարեկամների միջոցով և մուտք են արվել ՔԿՀ «Հրազդան» ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալ Սամվել Բաբայանի աջակցությամբ, վաճառվել են «Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորված և դատապարտված անձանց, իսկ վաճառքից առաջացած ողջ գումարը փոխանցվել է Ս. Բաբայանին, ով, ըստ Ա. Շամիրյանի հետ պայմանավորվածության, պետք է գումարի 50%-ը վերադարձներ դատապարտյալ Ա. Շամիրյանին:

Հենց այս պայմանվորվածությունը խախտվել է Ս. Բաբայանի կողմից: Ավելին, Ա. Շամիրյանը տեղափոխվել է «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ, որպեսզի պահանջներ չներկայացնի «Հրազդան» ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալ Ս. Բաբայանին:

Սակայն, զարմանալիորեն ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ա. Շամիրյանը որոշել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնել «Հրազդան» ՔԿՀ-ում ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալի մասնակցությամբ և աջակցությամբ բջջային հեռախոսների իրացման մասին: Էլ ավելի զարմանալիորեն,ՀՀ ԱԱԾ-ն դատապարտյալի դիմումը վերահասցեագրում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Ի դեպ նշենք, որ խոսքը գնում է մոտ 5 մլն դրամի իրացման ծավալի մասին:

Հետագա ընթացքը լուծվել է հետևյալ կերպ. 2014 թ. նոյեմբերի 3-ին կամ 4-ին, երեկոյան 19:00-20:00-ի սահմաններում, ըստ Ա. Շամիրյանի հայտնած տեղեկատվության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպեր գծով աշխատակից Եգոր Հակոբյանը նրան հրավիրել է իր աշխատասենյակ և սպառնացել, որպեսզի չբողոքի և դիմումը հետ վերցնի:

Սպառնալիքներ տեղացել են նաև Ա. Շամիրյանի ընտանիքի անդամների հասցեին: Ա. Շամիրյանը սպառնալիքների ազդեցությամբ հայտնել է դիմումը հետ վերցնելու մասին: Սակայն, 2014 թ. նոյմբերի 6-ին վերստին դիմում է ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով և հանցագործության, և սպառնալիքների մասին: 2014 թ. նոյեմբերի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանայանին՝ պաշտոնատար անձանց կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ: Հուսով ենք ՀՀ գլխավոր դատախազը այս անգամ դիմումը չի վերահասցեագրի «Նուբարաշ» ՔԿՀ-ի պետին:

Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ ՔԿՀ-ում կոռուպցիոն հանցագործության մասին հայտնում է հենց ինքը դատապարտյալը, որը ներգրավված էր և որպես կոռուպցիան հանցագործության գործիք է օգտագործվել ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալի կողմից:

Սա այն դեպքն է, որ ՀՀ ԱԱԾ-ն փոխանակ անմիջապես զբաղվեր հանցագործության մասին հաղորդման տեղեկությունների հիման վրա օրենքով սահմանաված գործողություններով, ապահովեր կոռուպցիոն հանցագործության մասին հայտնած անձի անվտանգությունը, և գործողություններ ձեռնարկեր հանցագործության բացահայտման ուղղությամբ, ըստ էության, կոծկել է հանցագործությունը:

Սույն հրապարակումով մենք բարձրաձայնում ենք Ա. Շամիրյանի կողմից հրապարակված տեղեկությունները, և պետական մարմիններին ըստ ներկայացված տեղեկությունների իրազեկում ենք հանցագործության մասին, գտնում ենք, որ թե ՀՀ ԱԱԾ-ն , թե Քրեակատարողական վարչությունը, թե ՀՀ գլխավոր դատախազությունը շատ ակտիվ պետք է լինեն հանցագործության բացահայտման ուղղությամբ, ապահովելով Ա. Շամիրյանի անվտանգությունը:

Միաժամանակ, եթե որևէ «դժբախտ» պատահար կամ դեպք պատահի Ա. Շամիրյանի կամ նրա ընտանիքի անդամաների կամ ընկերների հետ, դա կարող ենք դիտել, որպես կոռուպցիոն հանցործությունը թաքցնելուն ուղղված պետական հովանավորչություն: Կից ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ