«Խորհուրդ կոչ անողներին. ոչ թե եկեք ու հպանցիկ անցեք գնացեք, այլ եկեք ապրեք Բերձորում, բավականին ազատ տներ կան». արցախցի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, վերջին օրերին անընդհատ խոսվում է Բերձորը, Աղավնոն հանձնելումասին: Այս թեմայով հնչող տարատեսակ ու բազմաբովանդակ կարծիքները, հայտարարություններն ինչպե՞ս եք մեկնաբանում և ականատեսի աչքերով կասեք՝ ի՞նչ է իրականում կատարվում:

– Անկեղծ ասած, ցանկություն չունեմ մեկնաբանել այն, մեղմ ասած, տեսակետները, որոնք հնչում են հայաստանյան լրատվամիջոցներում: Ես ինքս անընդհատ զբաղված եմ այդ խնդրով, տեսնում եմ ու համեմատության մեջ հասկանում, թե լրատվամիջոցների շրջանառած նյութն ինչքան հեռու է իրականությունից, հետևաբար ինձ համար կայուն տեսակետ է ձևավորվել, որ մեծ մասը որոշակի աստառ ունի՝ շրջանառվող նյութի էմոցիոնալ դաշտի գեներացման համար, որը տեղին չէ:

Այստեղ մարդիկ են ապրում, անցնում այն դժվարությունների միջով, որոնք չեն տեսնում ու չեն հասկանում Բերձորի մասին ակտիվ խոսողները: Ես՝ որպես բերձորցի, քաշաթաղցի՝ կարող եմ ասել, որ նման էմոցիոնալ տատանումները բավականին վատ են անդրադառնում բնակչության տրամադրության վրա, առաջացնում են ավելորդ հույզեր, սթրեսներ, ինչը հազիվ թե օգտակար լինի ընդհանուր գործին, հայրենիքի պաշտպանությանը: Այդ կարգի լրատվական ճոճումները հակակրանք են առաջացնում տեղի բնակչության մոտ:

Դուք լրատվամիջոցների մասին եք ասում, բայց քիչ չեն հասարակական-քաղաքական գործիչները, որոնք ևս տարաբովանդակ հայտարարություններով են հանդես գալիս, այցելում Բերձոր ու մարդկանց էլ կոչ են անում հետևել իրենց օրինակին, գալ Բերձոր ու «այդպես պաշտպանել Բերձորը հանձնումից»: Նմանօրինակ կոչերը որքանո՞վ են նպաստելու Բերձորի պաշտպանությանը:

– Կնպաստեն, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, բայց մի խորհուրդ կոչ անողներին. ոչ թե եկեք ու հպանցիկ անցեք գնացեք, այլ եկեք ապրեք Բերձորում, բավականին ազատ տներ կան, ու ձեր իսկ օրինակով ցույց տվեք հասարակությանը, որ հնարավոր է այստեղ ապրել ու պահել:

Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ ինչո՞ւ վերջին շրջանում ակտիվացան այս մասին խոսակցությունները, չէ՞ որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով էր նշված, որ հայկական այս բնակավայրերը հանձնվելու են թշնամուն:

– Որովհետև այն գործիչները, որոնք հիմա շահարկում են այդ թեման, խնդրին էպիզոդիկ են մոտենում: Երբ նոյեմբերի 9-ի հայտնի չարաբաստիկ եռակողմ հայտարարությունը պարտադրվեց մեզ, ու դրա համաձայն սկսվեցին Քարվաճառի, Քաշաթաղի շրջանի հյուսիսային բնակավայրերի հանձնումը, Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայումը, մարդկանց համար, որոնք զբաղվում էին քաղաքականությամբ կամ գիտելիքների որոշ պաշար ունեին, արդեն իսկ պարզ էր, որ ունենում ենք լուրջ խնդիր, որ իրավիճակն այլևս առաջվանը չէ:

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, ու նրանք են պատասխանատու այդ միջանցքով անվտանգ տեղաշարժի համար: 20 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ բնակչությանը պարտադրված էր հեռանալ իրենց բնակավայրերից,  յդ ժամանակ շատ քիչ թվով մարդիկ որոշեցին մնալ Աղավնոյում, մնալ Բերձորում, ինչի արդյունքում հետագայում ձևավորվեց վստահություն, որ հնարավոր է շարունակել ապրել այդտեղ, ու մարդիկ աստիճանաբար վերադարձան: Արդյունքում Աղավնոն վերականգնվեց, սկսեց գործել դպրոցը, ունեցանք մոտ 180 բնակիչ Բերձորում, որից 25-ը՝ երեխա, որոնք այս երկու տարվա իրենց ուսումնառությունն իրականացնում են Աղավնոյի դպրոցում:

Թե այդ մարդիկ ինչ տառապանքների միջով են անցել, ինչ դժվարություններ են հաղթահարել ու հաղթահարում, ռուս խաղաղապահների հետ ինչպիսի մարդկային հարաբերություններ են ձևավորել, այդ խոսողների մեծ մասը տեղյակ չէ: Դրանից տեղյակ են այստեղ՝ Արցախում քիչ թվով մարդիկ, որոնց մեջ է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որն անմիջական շփման մեջ է, շատ լավ հասկանում է տեղի ունեցողը, ու իր աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հարցեր են կարգավորվել: Բոլոր պատկան մարմիններն էլ զբաղվում են խնդիրներով, բայց ամենաշատը Անվտանգության խորհրդի քարտուղարն է, սկզբնական շրջանում ողջ խնդիրն իր ուսերին էր:

Ինչ վերաբերում է ճանապարհին. ադրբեջանցիների բավականին վաղուց սկսել են շինարարությունը՝ Կոռնիձորի ներքևի հատվածից: Վաղուց սկսել են և՛ հողային աշխատանքները, և՛ բետոնապատման, ու արդեն աշխատանքի մի հսկայական մասը կատարվել վերջացել է, ինչը մեծ ժամանակ է պահանջել ու այդ մեծ ժամանակը չեն տեսել, հիմա են հիշել Բերձորի մասին, խնդիրների մասին ու դրանք բարձրաձայնում են: Բայց առանց իրենց բարձրաձայնելու էլ մենք տեղյակ ենք դրանցից, ժողովուրդը գիտի դա, բա որ խնդիրը բարձրաձայնում են՝ ի՞նչ լուծում են առաջարկում:

Հայաստանի իշխանությունների հեռացում:

– Հասկացանք, ես ընդունում եմ՝ իշխանություններն իրենց ապիկար կառավարմամբ բերել հասցրել են այս օրվան: Հիմա հարց եմ տալիս. իշխանությունը փոխվել է, հաջորդ քայլն ի՞նչ ենք անելու:

Դե, ասում են՝ եղածը կպահենք, հետո այնպես կբանակցենք, որ հնարավոր լինի թուրքերի վերցրածը հետ բերել:

– Հասկացա, ասենք՝ բավականին ուշ է ստացվում հեռացնել իշխանություններին, իսկ այդ ընթացքում ճանապարհը կառուցվում է, ու թուրքը պարտադրում է, որ Բերձորից բնակչությունը, համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, դուրս գա, ռուս խաղաղապահները տեղակայվում են իրենց նոր տեղակայման վայրում, ազգաբնակչությունը մնո՞ւմ է, թե՞ տեղահանվում Բերձորից: Այս հարցին ո՞նց են պատասխանում:

Այդ հարցին, կարծեք թե, չեն պատասխանում, պարո՛ն Հովհաննիսյան:

– Դե հենց պատասխանեցին, հստակ ու սթափ գնահատական տվեցին իրավիճակին ու կարողացան լիարժեք ուսումնասիրել ադրբեջանցիների վարքագիծը, պատկերացում կազմեցին նրանց հաջորդ քայլի մասին, թող լուծումներ առաջարկեն:

Դուք ի՞նչ եք առաջարկում:

– Քիչ խոսել, շատ աշխատել: Հասկանալ, ռեալ գնահատել իրավիճակը ու, ըստ այդ գնահատականի, որոշել մեր հաջորդ քայլը: Չեմ կարծում, թե հայտարարելով ու կուրծք ծեծելով են հայրենասեր դառնում: Մարդիկ կան՝ լուռ ու մունջ աշխատում են իրենց համար թանկ ամեն քար ու հողի համար:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտին շա՞տ ժամանակ կա:

– Իմ տեսածով՝ դեռևս բավականին ժամանակ կա այն հատվածի ավարտին, որը հիմա կառուցվում է: Հայաստանի Կոռնիձորի կողմից որևէ շինարարական աշխատանք չկա:

Պարո՛ն Հովհաննիսյան, այսինքն՝ ճանապարհի կառուցման ավարտից հետո այդ բնակավայրերից մարդկանց տարհանումն անխուսափելի՞ է:

– Երեկ խորհրդարանում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այդ հարցին կարծեմ թե պատասխանեց, ինչը բնութագրում էր իրականությունը: Եթե որոշումը դա է՝ վերջնարդյունքը դա է լինելու, եթե մինչև շինարարության ավարտն այլ հանգամանքներ ու միջոցներ ի հայտ կգան, որոնց արդյունքում կկարողանանք պահել Բերձորն ու Աղավնոն՝ շատ լավ, եթե չի ստացվի, ապա պետք է հասկանալ:

Դա այն հարցն է, որը, ճիշտն ասած, այնքան էլ հանրային քննարկման առարկա դարձնել պետք չէ, որովհետև միայն մենք չէ, որ ցանկություններ ունենք, թշնամին ևս ցանկություններ ունի: Պետք է հասկանալ, թե մենք ինչ հնարավորություններ ունենք, ու դրանք որքանով են կիրառելի, որովհետև խաղատախտակին դրվում են մարդկային կյանքեր:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am