ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով կասեցրել է Ռուսաստանի դեմ նոր լայնածավալ պատժամիջոցների կիրառումը։ Որոշումն ընդունվել է սահմանափակումների ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր առաջ։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։
Թրամփը որոշումը հիմնավորել է «Միացյալ Նահանգների ազգային շահերով», սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ շահերի մասին է խոսքը։
Խոսքը «Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների մասին է, որը Թրամփն անձամբ ստորագրել էր սեպտեմբերին։ Օրենքը նպատակ ուներ ուժեղացնել տնտեսական ճնշումը Մոսկվայի նկատմամբ և սահմանափակել այն ֆինանսական միջոցները, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար։
Նոր պատժամիջոցները նախատեսում էին սահմանափակումներ ռուսաստանցի պաշտոնյաների, բանկերի, էներգետիկ ոլորտի ընկերությունների և ռուսական նավթ տեղափոխող, այսպես կոչված, ստվերային նավատորմի նկատմամբ։
Օրենքով նախատեսվում էր նաև մինչև 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և բնական գազի խոշորագույն ներկրող երկրների համար՝ որոշ բացառություններով։
Թրամփի որոշումը քննադատության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսում։ Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը, որը մասնակցել է օրինագծի մշակմանը, հայտարարել է, որ նախագահն այդ քայլով անտեսում է ամերիկացիների մեծամասնության, Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչների և եվրոպական դաշնակիցների դիրքորոշումը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս դժգոհություն է հայտնել որոշման կապակցությամբ։ Նա կոչ է արել պահպանել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը՝ ընդգծելով, որ պատժամիջոցները կարևոր գործիք են Մոսկվային պատերազմը դադարեցնել ստիպելու համար։
Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների լարվածության, ինչպես նաև էներգակիրների գների բարձրացման պայմաններում։ Դրան նախորդել էր Թրամփի վարչակազմի որոշումը՝ թույլատրել ռուսական դիզելային վառելիքի վաճառքը միջազգային շուկայում՝ էներգակիրների գները զսպելու նպատակով։
Միևնույն ժամանակ, նոր հրամանը չի վերացնում Ռուսաստանի նկատմամբ արդեն գործող բոլոր ամերիկյան պատժամիջոցները։ Այն հիմնականում կասեցնում է վերջերս ընդունված օրենքով նախատեսված լրացուցիչ սահմանափակումների կիրառումը։



















