Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նոր անդամներ

Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են հանձնաժողովի հինգ անդամները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը, Վահե Գևորկյանցը և Սամվել Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովից:  

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ամփոփել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների երկու թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերի ուսումնասիրման գործընթացը և քվեարկությամբ որոշել հաղթողներին:

Քվեարկության արդյունքում Հանձնաժողովը ընդունել է Վահրամ Մարտիրոսյանին և Վահագն Թևոսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով՝ որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

Հիշեցնենք, որ հայտատուները թվով չորսն էին՝ Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը: