Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ ի աջակցություն Լևոն Քոչարյանի. Գեղամ Նազարյան

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 3 թեկնածու հրաժարվել են պատգամավորական մանդատը վերցնելուց ապօրինի կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին աջակցություն հայտնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝անդրադառնալով Լևոն Քոչարյանի՝պատգամավորական մանդատը վերցնելուն:

Գեղամ Նազարյանը նախ Լևոն Քոչարյանի հետ կապված քրեական գործը որակեց շինծու:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս դեպքում պատգամավորական մանդատը վերցնելը վահա՞ն չէ՝ ազատության մեջ հայտնվելու համար՝ Նազարյանն ասաց. «Եթե կա Քրեական օրենսգիրք, կա Սահմանադրություն և, երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի այնքան մեծամասնություն խորհրդարանում, որ կարող է ցանկացած պահի քվեարկությամբ թույլ տալ, որ մարդուն կալանավորեն, ես չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է: Համաձայն չեմ մեկնաբանության հետ, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության  մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը: Կհարցնեք, թե ինչո՞ւ 3 հոգի հրաժարվեցին մանդատից. հրաժարվեցին՝ ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջն աջակցություն հայտնելու համար»:

Ըստ պատգամավորի՝ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած այդ 3 անձինք գտնում են, որ ավելի ճիշտ է, որ այս պահին Լևոն Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք: