«Նպատակ են ունեցել ապակայունացնել քաղաքական գործընթացները». վերլուծաբանը` Հայրիկյանի դեմ մահափորձի մասին

«Նպատակ են ունեցել ապակայունացնել  քաղաքական գործընթացները». վերլուծաբանը` Հայրիկյանի դեմ մահափորձի մասին
«Նպատակ են ունեցել ապակայունացնել քաղաքական գործընթացները». վերլուծաբանը` Հայրիկյանի դեմ մահափորձի մասին

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ երեկ երեկոյան կատարաված մահափորձը, ըստ քաղաքական վերլուծաբանի, շոկի մեջ է գցել ողջ քաղաքական դաշտը:
«Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Շատ անհասկանլի պրոցես է, քանի որ Պարույր Հայրիկյանը այն ֆավորիտը չէր կամ այն ֆիգուրներից չէր, որ որոշիչ դեր էր կատարելու այսօրվա քաղաքակն պրոցեսներում»,-«Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
Նա նշում է, որ եթե մահափորձը կապված է ներքին խնդիրների հետ, ապա մի քանի օր սպասելուց հետո պարզ կլինի, թե ով է կանգնած այդ ամենի հետեւում:

«Հայաստանը փոքր երկիր է, գավառական բարքեր են տիրում, եւ եթե դա ներքին խնդիր է, ապա մի քանի օրից, պարզ կդառնա ով է արել, ինչ է հետեւում թաքնված: Եթե հիշում եք հոկտեմբերի 27-ի օրը նույնպես ոչ մեկ ոչինչ չէր հասկանում, հետո որոշ ժամանակ անց արդեն սկսեցին վարկածներ երեւալ եւ ամեն ինչ պարզ դառնալ»,-ասում է Բոզոյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 23:00-ի կողմերը հրազենից աջ անրակի շրջանում վնասվածք է ստացել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում: Նրան անմիջապես տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ եւ, բժիշկների հավաստմամբ, բարեհաջող անցկացրել են վիրահատությունը:

Նրան այցելության են եկել հիվանդանոց պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահական ընտրություններում առաջադրված մյուս թեկնածուները:

Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկն է:

«Ամեն դեպքում ակնհայտ է մի բան, որ նպատակ են ունեցել ապակայունացնել քաղաքական գործընթացները»,-հավելում է Բոզոյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտանաբերելու ուղղությամբ:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am