Իրանի հոգևոր առաջնորդն առաջնայինը Արևմուտքը նկատի ունի, երբ ասում է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները հակառակորդներ ունեն. Իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը 

– «Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, այդ իսկ պատճառով երկու երկրին առնչվող հարցերին պետք է զգուշությամբ և ուշադրությամբ մոտենալ». տիկի՛ն Վարդանյան, սա մեջբերում է Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի խոսքից, որը հնչել է երեկ Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Ովքե՞ր են այդ հակառակորդները՝ ըստ Իրանի։

– Իրականում ենթադրելի է, որ Իրանի հոգևոր առաջնորդի նման հայտարարությունը կարող է ուղղված լինել Արևմուտքի երկրներին կամ ԱՄՆ-ին, քանի որ մենք գիտենք, որ իրանական կողմը զգուշավորություն է դրսևորում Հայաստան-Արևմուտք հարաբերությունների նկատմամբ, ու հարաբերությունների ցանկացած զարգացում, հատկապես, երբ դա առնչվում է անվտանգության ոլորտին, Իրանում մեծ զգայունությամբ է ընդունվում։ 

Ուստի, սրանից ելնելով, կարող ենք ենթադրել, որ հոգևոր առաջնորդը նկատի է ունեցել հենց Արևմուտքին ու նաև ԱՄՆ-ին, բնականաբար, եթե հայ-իրանական հարաբերություններն ունեն այլ հակառակորդներ, որոնց վերաբերյալ մենք պատկերացում չունենք կամ առաջնային չենք համարում, գուցե նաև նրանց է նկատի ունեցել, բայց, կարծում եմ, առաջնայինը Արևմուտքն է եղել նրա դիտարկումների ենթատեքստում։ 

– Ստացվում է, որ Իրանը մտահոգվա՞ծ է, որ այդ հարաբերությունների հետևանքով կարող են տուժել Իրան-Հայաստան հարաբերությունները։

– Այո՛, Իրանի հիմնական մտահոգություններից մեկը դա է, որ Հայաստան-Արևմուտք-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանը վերապահումներ ունենա Իրանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, ու այս մասին Իրանից եղել են հայտարարություններ, որ չպետք է որևէ այլ երկրի հետ հարաբերությունները ստվերեն հայ-իրանական հարաբերությունները։ 

Արևմուտքի հետ կապված Իրանի մյուս մտահոգությունն էլ այն է, որ թե՛ Հայաստանի պարագայում, թե՛ ցանկացած այլ երկրի պարագայում Արևմուտքի, ԱՄՆ-ի ներկայությունը տվյալ երկրում՝ հատկապես Իրանին հարևան, Իրանի կողմից ընկալվում է որպես իր դեմ ուղղված գործողություն։ 

– Իսկ Հայաստանը նման մտահոգության տեղիք տվե՞լ է, որ հոգևոր առաջնորդը նման հայտարարություն է հնչեցնում, տիկի՛ն Վարդանյան։

– Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա, ու դրանք շարունակել են զարգանալ այն պայմաններում, երբ Իրանն Արևմուտքի, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվել ու հիմա էլ է նույն դրության մեջ։ Բայց անգամ այս պայմաններում Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են զարգանալ: Կարծում եմ, որ անկախ Արևմուտքի հետ հարաբերություններից, մենք չենք ստվերել Իրանի հետ հարաբերությունները, ու դրանք մեզ համար շարունակում են կարևոր մնալ։

– Հոգևոր առաջնորդն ընդգծել էր նաև Հայաստանի սահմանների վերաբերյալ խնդրի հարցը, մենք հիշում ենք նաև Իրանի կողմից բազմիցս հնչած հայտարարությունը, որ հարևան երկրների սահմանների անխախտելիությունը կարմիր գիծ է իրենց համար: Հետաքրքիր է, այս հայտարարությամբ հոգևոր առաջնորդը նկատի ունի միայն «Զանգեզուրի միջա՞նցքը», թե՞ ընդհանուր սահմանների մասին է խոսքը։

– Իրանական կողմն առաջին հերթին նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը», բայց դա ենթադրում է նաև առհասարակ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտման անթույլատրելիությունը, այսինքն՝ այն նույն դիրքորոշումը, որին մենք ականատես ենք եղել վերջին չորս տարվա ընթացքում, ու Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը հենց դրան է վերաբերում, որ իրենց դիրքորոշումն այդ առումով չի փոխվելու ու շարունակվելու է նաև հետագա առաջնորդների օրոք։ 

– Հիմա ընթացող այս սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն Իրանում ինչպե՞ս են գնահատվում։

– Արձագանքները հիմնականում փորձագիտական մակարդակում են, պաշտոնականը գիտենք, որ եղել է մեկ անգամ ԱԳՆ խոսնակի մակարդակով, երբ նա հայտարարել էր, որ հարգում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

Ուշագրավ է, որ այս դեպքում նշվում է «հարգում են», այլ ոչ թե՝ «աջակցում են», ինչպես նախորդ դեպքերում էր լինում: Սա կարող է նշանակել, որ Իրանում կան որոշակի վերապահումներ այդ պայմանավորվածությունների մասով, որովհետև փորձագիտական դաշտում շատերը բացասաբար են մեկնաբանում այդ պայմանավորվածությունները: 

Դրանք ընկալվում են հետևյալ կերպ, որ Տավուշում տարածքների հանձնումը վնասելու է Իրան-Հայաստան-Վրաստան հաղորդակցությանը։ Մեկնաբանում են նաև, որ դա պատճառ է դառնալու, որ հետագայում Ալիևը այլ պահանջներ ներկայացնի, ի վերջո հանձնվեն «անկլավները», որոնք կարող են արդեն հենց Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի համար խնդիրներ ստեղծել։ Այսինքն՝ փորձագիտական մակարդակում բացասական է արձագանքը։ 

– Տիկի՛ն Վարդանյան, իսկ այդ ավիավթարի վերաբերյալ Իրանում կա՞ կարծիքների փոփոխություն, թե՞ դեռ նույն վարկածն է շարունակում մնալ արդիական։

– Սկզբնական շրջանում խոսվում էր, թե վթարը եղել է անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, բայց այս տարբերակը հերքվում է, որովհետև Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը, որը եղել է Ռայիսիին ուղեկցող մյուս ուղղաթիռում, մանրամասներ էր պատմել ու նշել, որ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները նորմալ են եղել։ 

Ստացվում է, որ խնդիրն այլ է, ու հնարավոր է խնդիրը տեխնիկական անսարքությունը լինի։ Այս պահին չկա որևէ հստակ հայտարարություն պատճառների վերաբերյալ, բայց, փաստացի, անբարենպաստ եղանակային պայմանների տարբերակը կարծես թե հերքվում է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am