Հայ-ադրբեջանական շփման գիծը պատերազմի գոտի է, սահմանապահի տեղը չէ, դա նույնն է, որ Երևանի պարեկին տանես սահման. Մհեր Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, ինչպես հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, այսօրվանից Հայաստանի սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում սահմանապահների տեղակայումը, և ո՞րն է սահմանապահի գործառույթը։

– Քաղաքական գնահատականներին մեր հանրությունը ծանոթ է, վստահաբար, ինքս այն կարծիքին եմ, որ չէր կարելի այս ձևով զիջել, որովհետև հետևելով Բաքվի հռետորաբանությանը և ընդհանուր վարվող քաղաքականությանը, ես շատ մեծ եմ համարում հավանականությունը, որ ուղղակի մեզանից վերցրին տարածք, և հիմա, երբ կգա պատասխան քայլի հերթը, նրանք ուղղակի չեն տա։ 

Այսօրվանից կարող ենք սկսել հետհաշվարկը, այսօր առավոտյան հայտարարությունը տարածել են, հաջորդ քայլը, ենթադրաբար, պետք է մեր օգտին լինի: Մենք տվեցինք, հիմա պետք է մերը տան, հիմա տեսնենք՝ քանի՞ օրում կտան, կտա՞ն, թե՞ չեն տա։ Ես ասեմ՝ ոչ միայն չեն տա, այլ նաև մի ամսից, ամիս ու կեսից մենք կլսենք «անկլավները» վերադարձնելու հերթական պահանջի մասին կամ կլսենք պահանջ մեկ այլ հատվածում ինչ-որ բան տալու մասին, սա իմ կանխատեսումն է։ Այսինքն՝ իմ վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ բացասական է՝ անկախ ամեն մի քաղաքական մոտեցումից։ 

Ինչ վերաբերում է ռազմական մակարդակում՝ բազմիցս եմ ասել, հիմա էլ ասեմ, ՀՀ սահմանապահ զորքերն ամենևին էլ այն սահմանապահ զորքերը չեն, ինչ կա Ադրբեջանական Հանրապետությունում։ Իրենց սահմանապահ զորքերը, այո՛, գործառութային առումով սահմանապահ են, բայց իրենց զինվածության, հագեցվածության ու պատրաստվածության մակարդակով գործնականում բանակային ստորաբաժանումներ են, այսինքն՝ մենք գործ ունենք բանակային ստորաբաժանման հետ, որն իր զինվածության մեջ ունի հրանոթներ, հրթիռներ, ծանր տեխնիկա և այլն։ 

Սրան հակառակ մեր սահմանապահ զորքը, ըստ էության, սահմանային պարեկներ են, այսինքն՝ իրենք թեթև զինվածություն ունեն, չունեն մարտական պատրաստվածություն ու այլ նյուանսներով լրջորեն զիջում են ադրբեջանական կողմին։ Եթե հաշվի ենք առնում այս ամենը, պարզ է, որ ունենալու ենք անհավասար վիճակ։ Ես նաև հավանականություն եմ տեսնում, որ նաև այն կողմից կարող են անցնել բացասական տարրեր՝ դիվերսանտներ, հետախույզներ և այլն։ 

– Սահմանապահների գործառույթը ո՞րն է, եթե ձեր ասած այդ դիվերսանտները փորձեն ներթափանցել ՀՀ տարածք, սահմանապահներն իրավասո՞ւ են նրանց կանգնեցնել։

– Դիվերսանտը եթե ուժով հարվածի, դու լուրջ պրոբլեմ կունենաս, իսկ եթե գաղտնի ներթափանցի, դե դա էլ արդեն այլ մակարդակ է։ Ամեն դեպքում, ես նորից եմ ասում, եթե միայն այդ հատվածն ենք դիտարկում, ապա բոլոր առավելությունները լինելու են թշնամու ձեռքին: Որպեսզի պատկերացնեք՝ սահմանապահը, ըստ էության, հրաձգային զենքով զինված պարեկն է, որը Երևանում պարեկություն է անում, նրանք էլ սահմանին են պարեկություն անելու, դասական սահմանապահը հսկում է խաղաղ սահմանը, օրինակ՝ հայ-վրացական սահմանը։ 

– Ստացվում է, որ մենք սահմանի այդ հատվածում այլևս չունե՞նք բանակային ստորաբաժանումներ։

– Գործող իշխանության ողջ քաղաքականության իմաստն այն է, որ բանակային ստորաբաժանումները հետ քաշվեն, ու դրանով այդ չարաբաստիկ խաղաղության օրակարգը կյանքի կոչվի։ Բայց դա այնքան ծիծաղելի է, որովհետև այստեղ խոսքն ընդամենը 6-7 կմ սահմանազատման մասին է, հիմա եթե թշնամին որոշի մեզ վատ բան անել, ապա այդ 6-7 կմ-ում չի անի, դրանից այն կողմ կանի: Դա ավելի շատ խորհրդանշական իմաստ ունի, որի խորհրդանշականությունը մենք կտեսնենք ի դեմս նրա, որ հիմա թուրքերը ոչ միայն մեր ուզածը մեզ չեն վերադարձնի, այլև կհնչեցնեն հաջորդ պահանջը։ 

– Վերադարձնել որ ասում եք՝ նկատի ունեք այն տարածքները, որ 2020-ին ներխուժե՞լ են, պարո՛ն Հակոբյան։

– Ոչ միայն դա, նույն Բերքաբերի հատվածում կա Ջողազի ջրամբարը, որտեղ թուրքերն են մեզանից տարածք վերցրել, հենց Կիրանցի կողքը, դե հիմա թող այդ տարածքը տան հայերին, չէ՞ որ հայերը տվեցին տարածքները, տեսնենք կտա՞ն, եթե տան՝ ես կուրախանամ ու կընդունեմ, որ ես սխալ էի։ 

Նրանք հաստատ չեն տա, եթե ադրբեջանական պաշտոնական մամուլը հայտարարում է, թե 2022-23-ին մենք ուժ կիրառեցինք, բայց հիմա հասել ենք այն վիճակին, որ չորս գյուղ ենք հետ բերել ու առանց ուժի կիրառման հաղթանակ ենք տանում, այսինքն՝ սա իրենց մոտ ներկայացվում է իբրև հաղթանակ, այս պարագայում դու ինչպե՛ս կարող ես հույս ունենալ, որ Ադրբեջանը հող է վերադարձնելու։ 

– Ստացվում է, որ սահմանապահների տեղակայմամբ մենք ամենևին էլ սահմանների պաշտպանություն չե՞նք ունենալու։

– Ո՛չ, ավելին՝ ես կարծում եմ, որ այդ հատվածում թուլացած է լինելու մեր պաշտպանողականությունը, եթե ես լինեի գործադիրի ղեկավարը, սահմանապահներին որևէ կերպ չէի տանի հայ-ադրբեջանական սահմանի շփման գիծ, ոչ մի կերպ: Հայ-ադրբեջանական շփման գիծը պատերազմի գոտի է, դա սահմանապահի տեղը չէ, դա նույնն է, որ Երևանի պարեկին տանես սահման։ 

Ֆունկցիան ուրիշ է, սահմանապահը հատուկ նախատեսված է հսկողություն իրականացնելու համար, բանակը նախատեսված է մարտական գործողությունների համար։ Սահմանապահը հսկելու համար է, բանակային ստորաբաժանումը՝ կռվի, հիմա դու կռվի տեղը տանում ես այն գործիքը, որը նախատեսված է հսկելու համար, այն դեպքում, երբ քո դիմացինը փաստացի կռվող է՝ սահմանապահ անվամբ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ Կիրանցում խնդիրներ չլինեն, բայց բացառված է, որ խնդիրներ չլինեն։ Լավատես չեմ, շատ վատատես եմ այդ ամենի առումով։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am