ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ Ալիևը Շուշիից հնչեցրեց խաղաղությանը էապես հակասող հայտարարություններ. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան, Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա բանակցություններից հետ ի՞նչ սպասելիքներ կան: 

– Կարևոր եմ համարում շեշտել, որ մինչ ընթանում էին բանակցությունները, զուգահեռաբար հարևան պետության ահաբեկչական վարչակարգի ղեկավարը գտնվում էր հայկական Շուշիում, իսկ մենք քաջատեղյակ ենք, որ Ադրբեջանի այսօրվա իշխանական համակարգի համար չափազանց մեծ նշանակություն ունի սիմվոլիզմը: Բացի այդ՝ Շուշիում հնչեցին արտահայտություններ, որոնք էապես հակասում են խաղաղության գործընթացին ու էլ ավելի են խորացնում առկա քաղաքական, ռազմաքաղաքական ճգնաժամը։ 

Մասնավորապես, Ալիևը երրորդ անգամ հայտարարեց, որ «եթե Հայաստանը շարունակի զինվել, և մենք զգանք, որ առկա է իրական վտանգ, ապա մենք կգործադրենք համապատասխան միջոցներ»։ 

Պատահական չեմ համարում, որ այս հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ հանդիպում էին արտգործնախարարները, ու դրան զուգահեռ Հայաստանում հակաիշխանական ցույցեր են ընթանում այն կարգախոսներով, որ առնվազն այս փուլում սահմանազատման գործընթացը պետք է կասեցվի, որովհետև, մեղմ ասած, չկա ոչ մի երաշխիք, որ Ադրբեջանը դուրս կգա մեր տարածքներից:

Նա նաև հայտարարեց, որ պետք է իրենց առաջադրած պայմաններով ընթանա սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, երկրորդ՝ իրենք պետք է լինեն թելադրողը Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերում։ 

Այս ամենը, իհարկե, ուղեկցվում էր անասելի ատելության խոսույթով ու սպառնալիքով առ այն, որ «Հայաստանում առկա ուժերը չպետք է փորձեն ընդդիմանալ այն իրողությանը, որն առկա է այսօր», ինչի ենթատեքստն այն է, որ պետք է կատարվեն Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր պահանջները, որոնց մասին բազմիցս ենք խոսել ու բոլորս գիտենք դրանք։ 

Սրան զուգահեռ ընթանում են բանակցություններ խաղաղության հասնելու վերաբերյալ, բնականաբար, հայտարարություն տարածվեց, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, ու որ կողմերն աշխատելու են հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ 

– Ինչ է ստացվում, որ Ադրբեջանը բացահայտ ասում է իր ցանկություններն ու մտադրությունները Հայաստանի մասով, ու հայկական կողմը, քաջատեղյակ լինելով այդ ամենից, այնուամենայնիվ, պատրա՞ստ է այդ պայմաններով գնալ խաղաղության հաստատման։

– Չեմ կարող ասել՝ Հայաստանը տվել է իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը, քանի դեռ չկա հստակ հայտարարություն։ Բայց չի կարող լինել երկրորդ կարծիք, որ Ալիևի պահանջներն աղետաբեր են Հայաստանի համար, որովհետև Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխանությունը, գոյությունը դնում է կասկածի տակ՝ շեշտելով, որ բոլոր բանակցությունները պետք է ընթանան բացառապես իրենց թելադրած պայմաններով։ 

– Պարո՛ն Փոլադյան, կարծում եք, որ նախարարների բանակցության ընթացքում Բայրամովը առաջ է քաշել այն նույն խոսույթը, որի մասին Ալիևը խոսում է արդեն տևական ժամանա՞կ։

– Միանշանակ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրավասություն չունի առանց պետության ղեկավարի համաձայնության, ինչ-որ տեղերում՝ նաև հանձնարարության, արտաքին քաղաքականության կարևոր դրույթների վերաբերյալ որոշումներ կայացնել կամ այդ մասին խոսել բանակցությունների շրջանակներում։ 

Կարող եմ ասել, որ Ադրբեջանն այսօր կարիք էլ չունի թաքցնել իր անսահման հայատյացությունը։ Չի մնացել երկրների միջպետական հարաբերությունները կարգավորող մի կոնվենցիա, որն Ադրբեջանը խախտած չլինի, նա տոտալ անարգման է ենթարկում ամբողջ միջազգային իրավական համակարգը, ու սա այլևս հաստատված փաստ է։ Ու այս ամենի առկայության պայմաններում խոսել խաղաղության մասին բանակցությունների արդյունավետությունից՝ ուղղակի տեղին չէ։ 

– Ադրբեջանում ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում սկսված անհնազանդության գործողություններին։

– Ընդհանուր գնահատականը բավականին բացասական է, ու սա ամբողջ քաղաքական դաշտի գնահատականն է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am