Գործիքակազմերը գրագետ են իրականացվում, երևում է, որ բավականին ժամանակատար աշխատանք է տարվել. Քաղտեխնոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Տավուշում սկիզբ առած շարժման տեխնոլոգիաների, կիրառվող գործիքակազմերի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում։ Մինչև այս պահը շարժման ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։

– Կարող եմ ասել, որ գործիքակազմերը բավականին գրագետ են իրականացվում, փիար կամպանիան բավականին գրագետ է իրականացվում՝ անհրաժեշտ երաժշտությունը, քայլերգի հիմնը ամբողջովին համահունչ են շարժման էությանը, ավելորդ ոչ մի բան չկա։ Երևում է, որ բավականին ժամանակատար աշխատանք է տարվել, այնպես չէ, որ երկու օրում է այս ամենը ստեղծվել։ Լուսանկարները բավականին գրագետ են արվում, շարժման կողմից տարածվող լուսանկարները բավականին հաջողված են ու ամբողջովին բխում են շարժման էությունից։ 

Տեխնոլոգիական տեսանկյունից հաջող շարժում է, իհարկե, դա չի նշանակում, որ շարժումը հաջողություն կունենա կամ անհաջողության կմատնվի, խնդիրը դա չէ, ուզում եմ ասել, որ որպես բուն տեխնոլոգիական գործընթաց բավականին լավ մակարդակով է կազմակերպված։ 

– Այսինքն՝ կարծում եք, որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ կատարվե՞լ են մինչև բուն շարժման մեկնարկը։

– Ենթադրում եմ, այո՛, որովհետև նման տեխնոլոգիաները ոտքի վրա չեն ծնվում, դու պետք է իմանաս, թե որտեղ պետք է գնաս, ինչ անես, որտեղ հանգրվանես, ինչը պետք է լուսանկարվի, ինչը՝ ոչ, ինչպես պետք է խոսել, լրագրողների հարցերին ինչպես պետք է պատասխանել։ Կարող ենք ասել, որ Բագրատ Սրբազանը բավականին գրագետ պատասխանում է լրագրողների շատ հարցերի ու կարող է մաստեր կլաս ցույց տալ ՀՀ քաղաքական դաշտի 90%-ին։ 

Բագրատ Սրբազանն ինքը քաղաքական թևի թիվ մեկ առաջնորդն ու ներկայացուցիչն է, մյուսներն ուղղակի ուղեկցողներ են։ Այս շարժումն ապաքաղաքական շարժում չէ, ինքը հենց քաղաքական շարժում է, կուսակցական չէ, բայց քաղաքական է, որովհետև հիմքում դրված է հայրենիքի փրկության գաղափարը, իսկ այդ գաղափարն ավելի բարձր է, քան ցանկացած տեսակի կուսակցությունների ծրագրային քայլերը։ 

Ինքն ուղղակի առաջնորդում է ժողովրդական զանգվածին եկեղեցու զանգերի ներքո, հայտարարում է, որ իրեն պետք չէ կուռք դարձնել։

– Պարո՛ն Բադալյան, շարժումն արդեն Երևանում է, ու մենք տեսանք, որ Սրբազանը ճերմակ է հագել, իսկ ուղեկցողների մի խումբն էլ կրում է ճերմակ շապիկ՝ պատերազմի զոհերի լուսանկարներով։  Մեսիջ ո՞րն է։

 – Չմոռանանաք, որ այսօր մայիսի 9-ն է՝ Շուշիի ազատագրման օրն է նշվում նաև, բնականաբար, այդ նկարներով վերհիշեցնում են Արցախյան պատերազմն ու ցույց են տալիս, որ չնայած գործող իշխանության ջանքերին՝ Արցախը չի մոռացվել ու չի մոռացվելու, այսինքն՝ նկարները դա են խորհրդանշում։

 Իսկ ինչ վերաբերում է ճերմակ հագուստին, այն խորհրդանշում է խաղաղություն, դա մարտատենչ հագուստ չէ, այն բարություն, խաղաղություն բերողի հագուստն է։ Մեսիջը խաղաղությունն է, որ իրենք նպատակ չունեն բռնություններ անելու, Ռադիոտուն գրավելու և այլն։

– Շարժման հաջողության հասնելու շանսերն ինչքա՞ն եք գնահատում։

– Կախված է նրանից, թե միջազգային աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնն ինչ աստիճանի աջակցություն ցույց կտա շարժմանը։ Կունենա միջազգային աջակցություն՝ հաջողություն կունենա։ Միջազգային աջակցություն՝ նկատի ունեմ կոնկրետ այս կամ այն կենտրոն, ոչ թե բոլորին միասին, դա չի կարող լինել։ Կունենա այդ աջակցությունը՝ կհաղթի, չի ունենա՝ չի հաղթի: Իշխանությունն ունի բութ գործիք՝ ոստիկանական ուժերը, եթե կարողանան չեզոքացնել այդ բութ գործիքը այս կամ այն ձևով, հաղթանակ կունենա։ Հիմա դժվար է ասել՝ կստանա՞ այդ աջակցությունը, թե չէ։ Իշխանություն դու կարող ես վերցնել, եթե ունես աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը, ինչպես եղավ 2018-ին։ 

– Պարո՛ն Բադալյան, կարծիքներ են հնչում, որ եթե այսօրվա հանրահավաքին ելույթ ունենան նախկին իշխանության ներկայացուցիչներ կամ այսօրվա խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, ապա այդ հանգամանքը բացասաբար կազդի շարժման վրա, մարդկանց կվանի հրապարակից։ Համակարծի՞ք եք այս տեսակետին, դա որքանո՞վ կարող է ազդել, եթե ելույթ ունենան այդ գործիչները։

– Այն ծրագիրը, որ իրականացվում է հիմա, հավանաբար այդ ծրագրի ղեկավարները հաշվարկել են նաև ձեր ասածը ու, բնականաբար, նկատի են ունեցել նախկինների ու այլոց վարկանիշը քաղաքական գործընթացների, կոնկրետ՝ այս գործընթացի վրա, ու կոնկրետ եզրակացություն արել են, ինչը նշանակում է, որ շատ քիչ կամ գրեթե զրոյական է հավանականությունը, որ նախկին իշխանության որևէ ներկայացուցիչ դուրս գա ու ելույթ ունենա այսօր։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am