Ներկա փուլում չեմ կարծում, թե Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված են լայնածավալ հարձակման դիմելու հարցով. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայում տեղի ունեցած տեղական մարմինների ընտրություններում գործող իշխանության պարտության պատճառը ո՞րն էր։ 

– Կարծում եմ, որ պարտությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով․ մասնավորապես՝ Թուրքիայի ֆինանսական դրությունը իսկապես ծանր է, ինչը մարդկանց վրա շատ զգալի է, սղաճը ռեկորդային է, աշխատավարձերն ու թոշակները չեն հասցնում այդ սղաճի հետևից, լիրայի արժեզրկումն արդեն ռեկորդային ցուցանիշների է հասել, սովորական մարդիկ Թուրքիայում դժվար են ապրում, ու այդ դժգոհությունն արտահայտվեց այս ընտրություններում։ 

Մյուս հանգամանքն էլ կա, որը ևս պետք է հաշվի առնել. որ նայում ենք՝ ընդդիմությունը հիմնականում հաղթել է, նախորդ ընտրություններում ևս հաղթել էր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր և այլն, այսինքն՝ այն քաղաքներում որտեղ բնակչությունն ավելի արևմտականացված ու ավելի աշխարհիկ է։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ իսլամամետ մոտեցումները Թուրքիայում արդեն որոշ չափով կորցնում են իրենց գրավչությունը բնակչության համար, իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իսլամամետ է։ 

Պետք է նշել նաև, որ վերջին տարիներին Թուրքիայում քաղաքականությունը խարսխվում է մեկ անհատի շուրջ, ու դա Էրդողանն է, իսկ այս ընտրություններին նա չէր մասնակցում, այդ իսկ պատճառով բազմաթիվ ընտրողներ, որոնք իրենց քվեն կտային «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, ուղղակի չեն մասնակցել ընտրություններին։ Այս ընտրություններում մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել, սա էլ իր դերը խաղաց։ 

Նշվում է նաև մեկ այլ հանգամանք. Թուրքիայում ուժեղացել է իսլամամետ մեկ այլ կուսակցություն, որն ավելի ծայրահեղական իսլամամետ է ու «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրազանգվածի մի մասին տարել է իր հետևից։ Այսինքն՝ պատճառները բավականին խայտաբղետ են, բայց, ես կարծում եմ, հիմնական պատճառը բնակչության դժգոհությունն է՝ այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված։ 

– Իսկ այս արդյունքները լուրջ հետևանքներ ունենալո՞ւ են գործող իշխանության համար, ընդդիմությունը Էրդողանի հրաժարականն է պահանջում։

– Իհարկե պահանջում են, բայց լուրջ հետևանքներ չեն ունենալու, որովհետև Էրդողանը, իհարկե, մերժել է վաղաժամկետ ընտրության գաղափարը, առաջիկա չորս տարում Թուրքիայում ընտրություն չի լինելու, 2028-ին լինելու է և՛ նախագահի, և՛ խորհրդարանի ընտրություն, այնպես որ, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կշարունակի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Կփորձի որոշակի միջոցներ ձեռնարկել, բարենորոգումներ իրականացնել, որպեսզի առկա դժգոհությունը մեղմվի, կառավարությունը կգնա թոշակների ու աշխատավարձերի մինիմալ բարձրացմանը։ 

Այստեղ սակայն մի հիմնարար հարց կա, որը առաջիկա տարիներին իր պատասխանը որոշ չափով կգտնի, այդ հարցը հետևյալն է․ արդյոք Թուրքիայի բնակչությունը հոգնե՞լ է այս իսլամամետ քաղաքականությունից, վերջիվերջո Թուրքիայում տասնամյակներ անցկացվել է աշխարհիկ քաղաքականություն՝ Աթաթուրքի այդ գաղափարի հիման վրա: Այս կուսակցությունը կարողացավ օգտագործել այն, որ բնակչության լայն խավերի մոտ իսլամամետությունը պահպանվել էր, բայց հիմա, այս սոցիալական անհաջողությունների ֆոնին կարելի է սպասել, որ տեղի կունենա նաև բնակչության որոշ խավերի հեռացում իսլամամետությունից։ 

Եթե այդ գործընթացը իսկապես խորանա ու ընդլայնվի, սա Թուրքիայի ապագայի համար կունենա իսկապես կարևոր նշանակություն, որ հաջորդ ընտրություններում, որոնց Էրդողանը չի մասնակցելու, կարող է և այնպես լինել, որ արդեն առավելություն ստանա աշխարհիկ կուսակցությունը՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։ Այնպես որ, սա բավական հետաքրքիր ու արմատական նշանակության հարց է։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, արտաքին քաղաքականության մասով ասացիք, որ շարունակելու է նույն կերպ: Թե ինչպիսին է դա Հայաստանի դեպքում մասնավորապես, բազմիցս ասել եք, հաշվի առնելով այժմ Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակը, Թուրքիան Ադրբեջանին կարո՞ղ է դրդել ռազմական լայնածավալ գործողությունների, թե՞ կսահմանափակվի սահմանային կրակոցներով միայն։

– Մինչև այդ հարցին պատասխանելը՝ ուզում եմ, իմ ընկալմամբ՝ մի շատ կարևոր հարց պարզաբանել, որ հիմա մենք տեսնում ենք: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դառնում է ավելի ամերիկամետ, ավելի է ուժեղանում ընդհանուր արևմտամետությունը, այսինքն՝ հարաբերությունները որոշ չափով սերտանում են, չնայած Թուրքիան միշտ էլ եղել է ու կմնա Արևմուտքի անբաժանելի մաս ռազմավարական առումով։ 

Վերջին տարիներին թուրքերը փորձում էին Ռուսաստանի հետ սիրախաղով զբաղվել, բայց հիմա՝ ամերիկյան ճնշման ներքո, Թուրքիան սկսում է սահմանափակել իր օժանդակությունը Ռուսաստանին՝ պատժամիջոցները շրջանցելու քաղաքականության մեջ։ Սա հանգեցրել նրան, որ բերել է սառնություն ռուս-թուրքական հարաբերություններում, մասնավորապես, Պուտինի այցը, ինչի մասին քանի ամիս է՝ խոսվում է, բայց տեղի չի ունենում։ Կարծում եմ՝ սա կապված է Հաքան Ֆիդանի քաղաքականության հետ, որն ավելի արևմտամետ մոտեցումներ ունի։ 

Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքականությանը տարածաշրջանում, նրա աջակցությանը Ադրբեջանին, իհարկե դա շարունակվում է ու կշարունակվի, գուցեև ավելի խորանա, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ոտնձգություններին կոնկրետ Տավուշի ու Սյունիքի նկատմամբ, այստեղ հարցը շատ ճիշտ ձևակերպեցիք, թե որքանո՛վ Թուրքիան Ադրբեջանին կօժանդակի կամ կզսպի։ 

Իհարկե Ադրբեջանը կշարունակի ստանալ Թուրքիայի օժանդակությունը, բայց ներկա փուլում, չեմ կարծում, թե Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված են լայնածավալ հարձակման դիմելու հարցով։ Նրանք դեռ հույս ունեն քաղաքական ճնշումների միջոցով հասնել իրենց նպատակին, կարող է նաև սահմանին տարբեր սադրանքներ կազմակերպեն, բայց որ Ադրբեջանի հարձակման անմիջական վտանգ կա, ես չեմ տեսնում, բայց Ադրբեջանը, իհարկե հենց Թուրքիայի դրդմամբ, կարող է ամեն րոպե փոխել իր մոտեցումը։ Ամեն դեպքում այսօր, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է դիմել լայնածավալ ռազմական գործողությունների։ 

– Բայց քաղաքական ճնշումները, սահմանային կրակոցները շարունակելո՞ւ է։

– Իհարկե, դա մտնում է հարկադրման քաղաքականության մեջ, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ, ես կասեի՝ ղեկավարությամբ վարում է Հայաստանի նկատմամբ: Շատ հավանական է, որ հենց Թուրքիայի ղեկավարությամբ էլ գա մի պահ, որ որոշի արդեն դիմել ռազմական լայնածավալ գործողությունների, բայց կոնկրետ այս պահին դա չեմ տեսնում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am