ԵԽ պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,-նշել է պատգամավորը:

«Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը կմասնակցեն նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում գերեվարությունից ազատ արձակված անձ, ում անունը չի հստակեցվում: