Հանրապետական ծննդատան պարզաբանումը ծննդկանի մահվան դեպքով

Հանրապետական ծննդատան պարզաբանումը ծննդկանի մահվան դեպքով
Հանրապետական ծննդատան պարզաբանումը ծննդկանի մահվան դեպքով

Նկատի առնելով մամուլի՝ վերջին օրերի հրապարակումները, որոնցով անդրադարձ էր կատարվում Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում մահածին պտղի դեպքին, հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները:

Ծննդաբեր Հայկուհի Խաչատրյանի պտուղը ծնվել է 24.09.19 թվականին, ժամը 22.20-ին՝ արդեն մահացած: Ծնողներին պտղի մահացած լինելու մասին ծնունդը վարող բժիշկը վերջնական տեղեկացրել է ժամը 18.00-ի սահմաններում՝ սոնոգրաֆիայից հետո:  Բացի այդ, գոյություն ունեն փաստը ապացուցող այլ տվյալներ՝ վարող բժշկի  զննման գրառումը, ինչպես նաև ծննդկանի գրությունը՝ պտղի ներարգանդային մահվան պատճառը ճշտելու վերաբերյալ:  Պնդել, թե իրենց փոքրիկին վաճառել են, պարզապես անմտություն է՝ հենց միայն պտղի մահածին և արդեն դիահերձված լինելու պատճառով: Ավելին՝ ծննդկանի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, ծննդաբերելուց հետո տեսել է պտղի դին:

Մահացած պտղի հերձումը և հետազոտությունը ՀՀ-ում կարգավորվում  է կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ հիվանդանոցը պարտավոր է մահվան արձանագրումից 12 ժամվա ընթացքում պտղի դին ուղարկել դիահերձման, ինչը և արվել է:

25.09.2019թ.–ից մինչև 27.09.2019թ.–ը հերձված դին պահպանվել է դիահերձարանի սառնարանում, և միայն Ոստիկանության՝ 30.09.2019 թ.-ի պահանջով,  դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար, նույն օրը դիահերձարանից իրավապահ մարմնին տրամադրվել են պտղի օրգանները: Մեր կողմից միջնորդություն է արվել նաև կատարել ԴՆԹ հետազոտություն:

Նրա ամուսինը,  տեղեկանալով պտղի ներարգանդային մահվան մասին, հիվանդանոցում  աղմուկ է բարձրացրել՝ կոտրելով ծնարանի դռան ապակիները, խանգարելով մյուս հիվանդների անդորրը:

Ավելին՝ ինստիտուտի  տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, ԲԳԴ-պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանն անձամբ զանգել և հանդիպման է հրավիրել մահացած փոքրիկի ծնողներին, ինչը մերժվել է:

Ցավակցելով երիտասարդ ծնողներին, և իբրև բժիշկներ՝ քաջ գիտակցելով նրանց հոգեվիվիճակը, այնուամենայնիվ անընդունելի ենք համարում այն անհիմն աղմուկն ու վիրավորական արտահայտությունները, որոնք արվել են հատկապես սոցիալական մեդիայի հարթակում: Ըմբռնելով ծնողների խորը վիշտն ու դրանից բխող հուզական պոռթկումները՝ անհրաժեշտ է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և քննչական մարմինների գործողությունների ավարտին: