Ջորջ Սորոսի մահվան մասին լուրերը հավաստի չեն

Հայաստանյան լրատվամիջոցները մայիսի 15-ին տեղեկություն տարածեցին, իբրև մահացել է ամերիկյան հայտնի գործարար Ջորջ Սորոսը։Այս մասին հայտնում է Civilnet.am-ը։

Տեղեկությունը տարածել են hraparak.am, armday.am, mamul.am, 

auroranews.am, oragir.news, news.am, 

irakanum.am, asekose.am, lragrogh.com և այլ լրատվական կայքեր։

Հրապարակումներում հղում է արվում «ամերիկյան լրատվամիջոցներին» և «Իլոն Մասկի խորհրդականին»։

Իրականում հայտնի գործարարի մահվան մասին լուրերը հավաստի չեն՝ տեղեկության սկզբնաղբյուրը ընդամենը մի քանի հետևորդ ունեցող կասկածելի թվիթերյան օգտահաշիվ է, և որևէ հավաստի լրատվամիջոց դրա մասին չի հայտնել։

Ինչպես տարածվեց տեղեկությունը

Տեղեկությունը ի սկզբանե տարածել է Politics For All Ireland (@PoliticsFAIRL) անունով թվիթերյան էջը մայիսի 14-ին, որը այդ պահին ունեցել է ընդամենը 3 հետևորդ։ Այնուհետև թվիթերյան էջը հեռացրել է հրապարակումը (արխ.), որը սակայն արդեն մեծ տարածում է ստացել սոցիալական ցանցերում

Այնուհետև տեղեկությանը թվիթերում տարածել էմեծաքանակ հետևորդներ ունեցող բլոգեր Մեթ Ուոլիսը՝ «ասեկոսեներ են պտտվում, որ Ջորջ Սորոսը հենց նոր մահացել է սրտի կաթվածից»։ Սակայն բլոգերը, ինչպես սխալմամբ հայտնել է mamul.am-ը, Իլոն Մասկի խորհրդականը չէ։

Բացի հայաստանյան լրատվամիջոցներից, կեղծ լուրը մեծ տարածում է ստացել նաև թուրքական մամուլում։ 

Մինչդեռ Սորոսի ընտանիքն այս մասին որևէ հայտարարություն չի արել և որևէ վստահելի աղբյուր այդ մասին չի հայտնել։

Ո՛չ Սորոսի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում, ո՛չ նրան պատկանող հիմնադրամի կայքում և ոչ էլ Սորոսի պաշտոնական ինստագրամյան էջում նման տեղեկություն չկա։ 

Եվ ինչպես նշեցինք, տեղեկությունն ի սկզբանե տարածած անհայտ ծագման միկրոբլոգը ջնջել է այն։