Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինծառայողների մարմինների ԴՆԹ հետազոտությունները շարունակվում են

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների կամ մասունքների ԴՆԹ և այլ հետազոտությունները ընթացքի մեջ են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր գնահատմամբ՝ այս պահին որևէ կարիք չկա արտասահմանյան բժշկական կենտրոնների կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու: Մեր մասնագետների և տեխնիկական հագեցվածությունը ամբողջությամբ բավարարում է հետազոտություններ իրականացնելու համար: Այո, որոշները դեռ ընթացքի մեջ են և առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները»,- ասաց Ավանեսյանը:

Հարցին՝ թե քանի մարմին կամ մասունք դեռևս ԴՆԹ հետազոտություն պետք է անցնի, Ավանեսյանը ասաց, որ չի կարող ասել:

«Հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են: Այսինքն՝ դեռ ամբողջ հետազոտական գործընթացը չի ավարտվել»,- հավելեց Ավանեսյանը: