ՀՀԿ-ն որոշել է, թե ով է դառնալու ԱԺ փոխնախագահ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ նախագահի հարցը վերջնականապես որոշված է. դա լինելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Իսկ փոխնախագահ, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, կդառնա ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս արդեն մի քանի օր է, ամենուր հայտարարում է, որ խորհրդարանից ոչ մի տեղ չի գնալու: Հանրապետական մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկոյանը ԱԺ նախագահությունում մնալու է ի հակակշիռ Հովիկ Աբրահամյանի: Աբրահամյանն ու Նիկոյանը, ինչպես հայտնի է, շատ վատ հարաբերություններ ունեն: Այս ընթացքում, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, Հովիկ Աբրահամյանը փորձել է հասնել նրան, որ ԱԺ փոխնախագահ դառնա ոչ թե Նիկոյանը, այլ Գալուստ Սահակյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, պնդել է Նիկոյանի թեկնածության վրա: Իսկ Գալուստ Սահակյանը, ըստ նույն աղբյուրների, կշարունակի ղեկավարել ՀՀԿ խմբակցությունը: ՀՀԿ քվոտայով ԱԺ գործող փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ , թերեւս, կդառնա խմբակցության քարտուղարը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
© Medialab.am