«Ադրբեջանը բարդ վիճակում է, որովհետև հայկական կողմը պահանջում է, որ Արցախի ղեկավարությունը մասնակցի բանակցություններին». Մանվել Սարգսյան

«Ադրբեջանը բարդ վիճակում է, որովհետև հայկական կողմը պահանջում է, որ Արցախի ղեկավարությունը մասնակցի բանակցություններին». Մանվել Սարգսյան
«Ադրբեջանը բարդ վիճակում է, որովհետև հայկական կողմը պահանջում է, որ Արցախի ղեկավարությունը մասնակցի բանակցություններին». Մանվել Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է տապալել ԼՂ բանակցային գործընթացը: Ի՞նչ են նշանակում այս փուլում Բաքվի այս մեղադրանքները:

– Հայտարարություններ եղել են, ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին և իր հստակ դիրքորոշումը կրկնել է: Նա նաև ասել է, որ ապագայում Արցախը տեսնում է որպես Հայաստանի մաս: Ադրբեջանն ի՞նչ պետք է անի, Ադրբեջանը բավական բարդ վիճակում է, որովհետև հայկական կողմը փաստորեն պահանջում է, որ Արցախի ղեկավարությունը մասնակցի բանակցություններին և հրաժարվում է առանց Արցախի բանակցելուց:

Սա բավական բարդ վիճակում է դրել Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը չի ուզում նման պայմաններով գնալ բանակցությունների: Բայց մյուս կողմից էլ՝ բավական դժվար է ասել, թե ինչու չի ուզում գնալ բանակցությունների: Եվ հիմա Ադրբեջանը փորձում է բառերից, խոսքերից կառչելով գանգատվել՝ փորձելով ԵԱՀԿ համանախագահող երկրներին ներքաշել գործընթացի մեջ, որ նրանք ինչ-որ ձևով պարտադրեն Հայաստանին հրաժարվել այդ դիրքորոշումից: Ես սա եմ տեսնում Ալիևի այդ հայտարարության մեջ:

– Իսկ կլինե՞ն Հայաստանի նկատմամբ պարտադրանքի քայլեր:

– Չեն լինի, որովհետև երկրի ղեկավարն ասել է, որ ինքը Հայաստանի ժողովրդի անունից է խոսում, և Հայաստանի սահմանադրական տարածքից դուրս տարածքները գնահատել է որպես ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ: Ինքը չի էլ շոշափում այդ խնդիրները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է շոշափի: Ո՞վ կարող է ինչ-որ բան ասել՝ ոչ ոք:

– Ընդհանուր առմամբ ԼՂ հարցով ի՞նչ իրավիճակ է այս փուլում: Կա՞ արդյոք պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ, որովհետև ժամանակ առ ժամանակ նման կանխատեսումներ են լինում:

– Այդ խոսակցություններն անընդհատ կան: Հայաստանում թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո երկար ժամանակ Ադրբեջանը ոգևորված էր, մտածելով, թե իրավիճակ է փոխվում, իրենք հանկարծ կարող են Ռուսաստանին պետք գալ, հիշել էին Վրաստանի և Ուկրաինայի դեպքերը:

Փորձել են դեպքերը նմանեցնել, զորքեր հանեցին, մոտեցրին սահմանին, զորավարժություններ և այլն, հույս ունենալով, թե Ռուսաստանն իրենց ինչ-որ դեր կտա, բայց հետո շատ շուտ հասկացան, որ որևէ մեկը ոչ միայն Ադրբեջանին նման դեր չի ուզում տալ, այլ նաև կտրուկ վերաբերմունք են ցուցաբերել:

Ադրբեջանը, չգիտես ինչու, մի խավարի մեջ հայտնվեց, հավաքեց զորքերն ու հետ տարավ: Ադրբեջանը հասկացավ, որ որևէ փոփոխություն չի լինում, իրեն որևէ ռազմաքաղաքական առավելություն չի տրվում:

– Ռուսաստանն ի՞նչ դերակատարություն ունի այս փուլում ԼՂ հիմնախնդրի հարցում, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ակնարկեց, որ եթե ՌԴ նախագահը չուզենա՝ պատերազմ չի լինի, կարող է զսպել պատերազմի վերսկսումը:

– Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վրա պատասխանատվության խնդիր է դրել, հիշեցնելով, որ ռազմավարական գործընկեր է և բոլոր հնարավորություններն ունի՝ Ադրբեջանին համոզելու, որ ավելորդ քայլեր չանի: Դա այդպես էլ կա, առանց Ռուսաստանի դաբրոյի Ադրբեջանն այսօր որևէ քայլ չի կարող անել:

– Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ է փոխվել: Նախքան հանդիպումը վերլուծություններ կային, թե կողմերի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ են ծագել: Սեպտեմբերի 8-ի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հայտարարեցին, որ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են:

– Ի՞նչ պետք է փոխվեր, ռուսական մամուլը մի քիչ լռեց, նախքան հանդիպումը շատ էին աղմկոտ հրապարակումներ հորինում: Բայց թե՛ ռուսական կողմի պաշտոնական հայտարարությունից, թե՛ Փաշինյանի բացատրություններից հետո բոլորը կարծես թե մի քիչ հանգստացել են, հասկանալով, որ որևէ էական խնդիր գոյություն չունի: Անընդհատ բոլորը տպավորություն էին ստեղծել, որ Մոսկվայում այս կլինի, այն կլինի, բայց ոչ մի բան էլ չեղավ: Գնացին, խոսեցին ու եկան, որևէ արտառոց բան չեն արել, բայց բացասական բաներ էլ մենք չտեսանք:

– Իսկ ընդհանուր եթե դիտարկենք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպիսի՞ն է այն:

– Հայ-ռուսական հարաբերությունները պետք է կառուցել: Ռուսաստանի կողմից այս ջղաձիգ քայլերը կապված էին այն բանի հետ, որ հին վիճակը, որը Հայաստանում նախկինում եղել է, վերացել է, փլուզվել է նախկին իշխանությունների հեռանալուց հետո, եթե, իհարկե, հարաբերություններ եղել են: Հարաբերությունները լինում են երկու հավասար կողմերի միջև: Նրանք Հայաստանին նայում էին որպես վասալի, վասալային իշխանություն էր, թելադրանքի տակ որոշումներն այնտեղ ընդունվում էին, այստեղ՝ կատարվում:

Այսօր ստեղծված իրավիճակում դա արդեն հնարավոր չէ շարունակել: Ռուսաստանն ինքն էլ ըստ երևույթին չի կարողանում կողմնորոշվել, թե ի՛նչ հարաբերություններ պետք է անել, ի՛նչ պետք է կառուցել: Բոլորն էլ պետք է հասկանան, որ պետք է սկսել կառուցել նորը: Ռուսաստանում հասկանում են, որ նրանք հիմա չեն կարող այստեղ որոշումներ պարտադրել, ինչ-որ ուրիշ մեխանիզմներ են պետք:

Փաշինյանն այնտեղ հարց դրեց, որ որպես սուվերեն պետություններ պետք է նայել խնդիրներին և չմիջամտել ներքին գործերին: Հիմա նրանք որևէ արտառոց բան չեն պատասխանել այս ամենին:

– Այսինքն՝ փորձում են համակերպվե՞լ ստեղծված իրավիճակի հետ:

– Բնական է, նրանք չեն ուզում հաշվի նստել, բայց գիտեն, որ Հայաստանը կկորցնեն, Ադրբեջանն էլ չի լինի Ռուսաստանի բարեկամը: Պետք է ինտենսիվ աշխատել, լուրջ քաղաքականություն վարել ու նոր հարաբերություններ առաջարկել, վերանայել ամեն ինչ: Ինչը խնդրահարույց է, այդ հարցերը պետք է վերանայել: Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ, որևէ բան այստեղ չի փոխվել, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է:

Այս ամենը մնացել է նույնը, պրոբլեմները դրանից այն կողմ են ծագել, այսինքն՝ ո՞վ է ընդունում որոշումներ: Մինչև հիմա Մոսկվան էր ընդունում որոշումները, պարտադրում Հայաստանին, այստեղ էլ խելոք կատարում էին: Հենց սա է խնդիրը՝ ո՞նց կարգավորել սա:

– Մոտ ապագայում հնարավո՞ր է այդ նոր հարաբերությունների կառուցման ուղղության աշխատանք սկսվի:

– Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե Հայաստանի նոր իշխանությունները ճիշտ աշխատեն: Պետք է ճիշտ աշխատել, նախկին սխալները շտկել, լուրջ վերաբերվել ամեն ինչին, հենց այնպես դա չի ստացվի, դա լուրջ աշխատանք է: Նոր հարաբերություններ ստեղծելն ընդհանրապես լուրջ հարց է, եթե այդ հարաբերությունների նախադեպը չունես:

– Բայց ռուսական կողմից այս փուլում էլ կարծես ճնշման փորձեր են արվում Հայաստանի նկատմամբ: Օրինակ՝ նրանք հայտարարեցին, որ իրենց տարածքում չեղարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը:

– Նրանք փրփուրներից են կախվում, փորձում են ցույց տալ, որ իրենց խոսքի տերն են, ինչ կուզեն՝ կանեն: Իրականում նրանք հաշվի են նստում ստեղծված իրավիճակի հետ: Եթե կանչում են Հայաստանի վարչապետին և ասում են՝ հարցեր ունենք և բացատրություն ենք ուզում, թե ո՛ւր է գնում Հայաստանը, ի՛նչ զարգացումներ են սպասվում, նշանակում է, որ այդ մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am