«Տնտեսական ցուցանիշների հետ իշխանությունները առհասարակ կապ չունեն». տնտեսագետները երկնիշ աճը արտաքին գործոնների արդյունք են համարում

Լուսանկարը՝ AP

Հայաստանում 2022-ին գրանցվող երկնիշ տնտեսական աճը, մասնագետների համոզմամբ, արդյունք է ոչ թե գործող Կառավարության քաղաքականության, այլ արտաքին օբյեկտիվ մի քանի գործոնների:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է՝ թեպետ և՛ միջազգային տարբեր կառույցների, և՛ մասնագետների գնահատականներն ու կանխատեսումները 2022-ի տնտեսական աճի վերաբերյալ համեստ էին, բայց այս պահին գրանցված ցուցանիշները գերազանցել են դրանք:

«Մինչև տարեվերջ, իհարկե, հայտնի կդառնան տվյալները, բայց այսօր կարելի է ասել, որ Հայաստանում գրանցվել է 14-15 տոկոս տնտեսական աճ: Դա շատ բարձր ցուցանիշ է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Նրա պնդմամբ՝ տնտեսական նման աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան ներգաղթով, ինչը մեծ ներդրում է Հայաստանի տնտեսության մեջ: «Բացի այդ, Հայաստանի միջոցով որոշակի շրջանառություն է կատարվում, ինչը դարձյալ Ռուսաստանի հետ է կապված: Հայաստանի տնտեսական ակտիվության վրա որոշակի ազդեցություն է ունեցել նաև հունվարի սկզբին ոչ աշխատանքային օրերի կրճատումը: Ընդհանուր առմամբ, կանխատեսվող աճին գումարվել է այդ աճը, ինչը հիմա Հայաստանում համարվում է թրենդային»,- նշում է Միքայելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության մեջ ակտիվությունը բացառապես արտաքին գործոնների հետևանք է, ու որպեսզի պատկերավոր ստացվի, մատնանշում է մի քանի տվյալներ՝ Հայաստանից արտահանումն աճել է շուրջ 70 տոկոսով, ընդ որում՝ հիմնականում մեկ ուղղությամբ՝ Ռուսաստան և ավելին՝ դրանք հիմնականում այն ապրանքներն են, որոնք ՀՀ-ում արտադրված չեն: Բացի այդ, այս տարի ևս օտարերկրյա արտաքին ներդրումների ցուցանիշը շարունակել է ցածր մնալ: Գյուղատնտեսության ոլորտում ևս ցուցանիշները նվազում են, և, ըստ Միքայելյանի, աշխատանքի արդյունավետություն ոլորտում չի երևում:

«Հայաստանի տնտեսության մեջ շատ խնդիրներ կան, ինչպե՞ս կարող է նման պայմաններում էկոնոմիկայի նախարարը գլուխ գովել՝ արդյունավետ աշխատանքի մասին հայտարարելով: Ես կարծում եմ, որ նախարարի կամքից անկախ է տեղի ունեցել այս տնտեսական ակտիվացումը»,- հավելում է Հրանտ Միքայելյանը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս ընդգծում է՝ Հայաստանում այս տարվա տնտեսական աճը պայմանավորված է զուտ արտաքին գործոններով:

«Ռուսաստանցիները եկան Հայաստան, տրանսֆերտները աճեցին, միջազգային շուկայում մետաղների գները դինամիկ աճ էին ունենում. այս ամենը նպաստել են, որ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ արձանագրենք: Այս ցուցանիշների հետ գործող իշխանությունները առհասարակ կապ չունեն, դրանք կարող էին գրանցվել անկախ նրանից, ով կլիներ իշխանության ղեկին»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ընդգծում է Պարսյանը:

Տնտեսագետն ուրվագծում է սխեման՝ դրսից բերվել է գումար, ստեղծվել է պահանջարկ առևտրի և ծառայությունների ոլորտում, ինչն էլ աշխուժացրել է տնտեսությունը ու նպաստել տնտեսական աճին:

«Այս գումարները երբ վերանան, այդ տնտեսական աճը կզրոյանա, ակնհայտ է, որ այս աճը ինչպես մեկ օրում սկսվել է, այնպես էլ մեկ օրում այդ փուչիկը կպայթի, կանհետանա: Գործող Կառավարությունը իր ծրագրերով, իր ռազմավարությամբ ու կադրերով չի կարող կասեցնել անկումը: Կառավարության ներկայացուցիչները ինքնախաբեության մեջ են»,- նշում է Պարսյանը՝ հիշեցնելով 2009-ի 14 տոկոսանոց անկումը, որը հաջորդել էր շինարարական բումին:

Նրա պնդմամբ՝ այնպես չէ, որ այս տարվա գրանցված տնտեսական աճը զգում են հանրության լայն շերտեր, ամենևին, դա զգալի է միայն բանկային հատվածի, հյուրանոցային տնտեսության ու խոշոր ներդրողների համար: Մինչդեռ տնտեսական անկումը, որը նա անխուսափելի է համարում, զգալու են հանրության լայն շերտեր:

Անխուսափելի անկումը զսպելու համար, ըստ Պարսյանի, Կառավարությունը պետք է տնտեսական, սոցիալական ծրագրերը վերանայի, դրանք դարձնի ընդգրկուն, բարձրացնի կազմակերպությունների մրցունակությունը:

«Բայց հիմա ճիշտ հակառակ պրոցեսն է, բավարարված են այս աճով ու ոչինչ չեն փորձում այդ ուղղությամբ անել: Ձեզ մի օրինակ նշեմ. սննդի արդյունաբերության ոլորտում ունենք անկում՝ երշիկեղեն, կաթնամթերք, հրուշակեղեն: Բայց այդ անկման մասին ոչ ոք չի խոսում, ոչ էլ փորձում են այդ անկում գրանցած ոլորտին աջակցել: Երբ առողջ քննադատություն ենք հնչեցնում, մեր բերանը փակում են երկնիշ տնտեսական աճով, գումարների ներհոսքով: Բայց դա փուչիկ է, պայթելու է, պետք է պատրաստվել դրան»,- ընդգծում է տնտեսագետը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am