Այս իշխանությունը ՀՀ-ի անվտանգության համար մարտի դաշտում մարտնչող չէ, Եռաբլուրում կեղծ ծնկի իջնող, դերասանություն անող իշխանություն է. Սեյրան Օհանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը

– Պարո՛ն Օհանյան, արդեն երկու օր է՝ ինչ թշնամին հատել է ՀՀ պետական սահմանը և մտադիր էլ չէ հետ գնալ՝ չնայած տարվող բանակցություններին: Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում այս իրավիճակի վերաբերյալ, ինչի՞ հետևանք են ադրբեջանական կողմի այս սադրանքները:

– Պետք է փաստել մի քանի հանգամանք. մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այս իշխանությունների օրոք, որոնք, կարելի է ասել ոտնահարեցին հայ ժողովրդի նորօրյա պատմության ընթացքում ձեռքբերված բոլոր արժեքները, հատկապես անվտանգային համակարգն ու բանակցային զգալի ներուժն ու երկիրը մտցրեցին պատերազմի մեջ՝ կրելով պարտություն, ստորագրեցին այդ խայտառակ հայտարարությունը:

Իսկ այդ ամենից հետո պարտությունների, ձախողումների շարքը շարունակվելու է, որովհետև հաղթանակած կողմը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, պարտություն կրած իշխանությունների նկատմամբ հոգեբանական, ֆիզիկական, ռազմական ճնշումները չի դադարեցնելու: Կատարվողը այս ամենի հետևանքն է:

Հակառակորդն ուզում է բարելավել իր դիրքերը ՀՀ-ի սահմաններում, հատկապես, Սյունիքի, որտեղ ձգտում է ճնշումների ներքո, ապաշրջափակման անվան տակ, միջանցք բացել Նախիջևանից դեպի Ադրբեջան:

Այս ամենը հետևանք է նաև այն բանի, որ պատերազմից հետո ռազմավարական կարևոր դիրքերը մենք տվեցինք ադրբեջանցիներին, առանց օրինական դեմարկացիայի և դելիմիտացիայի՝ չհասկանալով, որ եթե վաղը օրինական դեմարկացիա և դելիմիտացիա լինեն, շատ դժվար է լինելու հակառակորդին ասել՝ դիրքերդ հետ տար, զորքերդ հանիր այդտեղից:

Այս սադրանքն ուղղված է այդ ապաշրջափակմանը, որը եթե տեղի ունենա, մենք հայտնվելու ենք խոր շրջափակման մեջ, տնտեսական ճնշումն է ավելանալու, փոխվելու է նաև ժողովրդագրական պատկերը: 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչև հիմա կարևոր ռազմավարական կետերը լիարժեք չեն կահավորվել: Հասկանում եմ, որ վեց ամսվա ընթացքում նոր դիրքերն անհնար էր ամբողջությամբ կահավորել, բայց կարևոր կետերով դիրքեր դնել, միջդիրքային տարածություններում ինչ-որ ծուղակներ ստեղծել ու, ամենակարևորը՝ տեսադիտարկման սարքերով այդ կարևոր կետերն ապահովել, ինչո՞ւ չեն արված: 

– Ի պատասխան ձեր հարցադրման՝ նշեմ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ նոյեմբերի 9-ից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և նաև ձմռան պատճառով չեն հասցրել ամբողջ սահմանը կահավորել։ 

– Այսօրվա իշխանությանը բնորոշ է, որ ցանկացած արտահայտություն, իրադրություն սկսում են մեկնաբանել, արդարանալ և այլն: Ձնհալը և՛ հակառակորդի, և՛ մեզ համար է:

Մեր իշխանության պայմաններում, Քարվաճառի, Գեղարքունիքի, Տավուշի հատվածում և նախիջևանյան ուղղությամբ, ձնհալից հետո առաջին բարձրացողները մենք էինք, իսկ վերջին տարիներին նախիջևանյան հատվածում՝ ձյան հաստ շերտի պայմաններում այնպիսի դիրքեր ենք ստեղծել, որ ամբողջ տարին պահում էինք: Դա ինքնարդարացման անհաջող փորձ է, Անվտանգության խորհրդի քարտուղարը թող մի հատ կամուֆլյաժ հագնի ու գնա տեսնի, թե էդ նոր դիրքերն ի՛նչ վիճակում են:

– Պարո՛ն Օհանյան, համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ այս իշխանությունը միտումնավոր անգործության է մատնված, թե՞ իշխանությունը պարզապես կոմպետենտ չէ:

– Միտումնավոր անգործություն է, որովհետև անգրագետ, անգործության պայմաններում մարդն իր սեփական, ուրիշների սխալների վրա արագ սովորում է, եթե արդեն երրորդ տարին է ավարտվում, ու այդ ամենը շարունակվում է, ոչ կոմպետենտ անձանց նշանակում են այնպիսի պաշտոնների, որոնք ամենակարևորն են, նշանակում է՝ միտումնավոր է արվում:

Նախկին երեք նախագահները անձամբ էին զբաղվում կարևորագույն հարցերով, հիշում եմ՝ ամեն մանրուքից, քարտեզներից և այլնից հարցնում էին, իսկ այս իշխանությունները ոտքի վրա, ձեռքի հետ են երկիր կառավարում՝ առանց որևէ նորմալ ծրագրի, և չեն հասկանում, որ միջազգային հարթակներում որևէ արդյունք գրանցելու համար պետք է ամիսներով, տարիներով պայքարել, առավելևս՝ սահմանային իրավիճակում յուրաքանչյուր միլիմետրի համար պետք է պայքարել, իսկ իրենք դա չեն անում: Թող աշխատասենյակներից դուրս գան, եթե պետք է՝ թող ընդգրկեն նաև ընդդիմությանը, գնանք մեր սահմանները պաշտպանենք:

– Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, և իշխանությունը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ-ի ջանքերով անպայման խնդիրը կկարգավորվի: Այս մասով ձեր մեկնաբանությունը կխնդրեմ, կարիք կա՞ր դիմելու այս կառույցին այս պարագայում, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ նման դիմում չեղավ իշխանության կողմից:

– Եթե երկրում կան նորմալ իշխանություն, նորմալ կառավարում և անվտանգային համակարգ, նաև դու ներգրավվածություն ունես միջազգային հարթակում, երկու-երեք ուղղությամբ առաջ գալու պատճառով դիմել ՀԱՊԿ-ին, ես գտնում եմ, որ ամոթ է:

Մեր ժամանակ էլ նման դեպքեր շատ են եղել, հարցրել են՝ ասել եմ, որ Ադրբեջանի հետ մեր խնդիրները մենք կարող ենք լուծել, ամեն մանրուքի համար ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա:

Բայց երբ երկրի ներսում անիշխանություն է, բոլոր հարթություններում նորմալ կառավարումը բացակայում է, և ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը հասել է շատ ցածր մակարդակի, այլ քայլ չի մնում, քան դիմել ՀԱՊԿ-ին և, ամենակարևորը՝ դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ մեր ռազմավարական գործընկերոջը:

– Պարո՛ն Օհանյան, ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից հիմա:

– ՀԱՊԿ-ը պետք է որոշում ընդունի, բայց մինչ այդ մենք պետք է տեղում մեր ամբողջ ներուժն օգտագործենք ու մեր հարցերը լուծենք: Հեռանկարային առումով՝ այս իշխանությունը պետք է թողնի ու գնա, որ գան ավելի փորձառու մարդիկ:

Նրանք եթե մի փոքր սիրեին իրենց հայրենիքը, ավելի շուտ հեռացած կլինեին, նրանց մոտ բացակայում է գաղափարական և հայրենասիրական դաստիարակությունը:

Այս իշխանությունը ՀՀ-ի անվտանգության համար մարտի դաշտում մարտնչող չէ, նրանք հրապարակներում, փողոցներում քայլող, միտինգներ անող իշխանություն են և այնուհետև Եռաբլուրում կամ մեր տարբեր զոհվածների գերեզմաններում կեղծ ծնկի իջնող, դերասանություն անող իշխանություն են:

– Իշխանությունները մի կողմ, պարո՛ն Օհանյան, չեմ կարող չհարցնել ձեր կարծիքը համակարգում այժմ աշխատող զինվորականների, գեներալների մասին: Նրանք այս ընթացքում ի՞նչ կարող էին անել, որ չեն արել, իրենց աշխատանքում թերացե՞լ են:

– Կարծում եմ՝ իրենց բացթողումն է, որ հակառակորդը մի քանի ուղղություններով մխրճվել է մեր պետական սահման: Բացթողում է, որ դիրքերը ժամանակին համապատասխան կահավորում չեն ստացել, և ողջ սահմանի երկայնքով տեսադիտարկման սարքեր չկան:

Իմ խորհուրդը այսօրվա ռազմական իշխանություններին՝ իրենց աշխատասենյակներից դուրս գան, դաշտային համազգեստ հագնեն և գնան կարգավորեն վիճակը առաջին գծում՝ ԱԱԾ-ի ու նաև ոստիկանական զորքերի ընդգրկմամբ:

Մեր իշխանությունը ավելի շատ ոստիկանական զորքերը պահում է, կներեք արտահայտությանս, իրենց քամակը պահելու, քան մեր սահմանների անձեռնմխելիությունը պահելու համար: Իսկ այդ ոստիկանական զորքերի ու ԱԱԾ-ի շարքերի զգալի մասը, որոնք պատերազմի ժամանակ առաջնագծից մարտական տարբեր գործողությունների ժամանակ փախել են, այսօր կանգնում են ու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացած մարդկանց քննադատում:

– Ընթացող բանակցություններն ինչպե՞ս կհանգուցալուծվեն, և նոր պատերազմի սկսման վտանգ տեսնո՞ւմ եք, պարո՛ն Օհանյան:

– Ամեն ինչի պետք է պատրաստ լինենք, մանավանդ որ տարածաշրջանն այսօր եռում է: Իսրայելա-պաղեստինյան բախումների համատեքստում ու նաև տարածաշրջանի այլ վայրերում տիրող բախումների ֆոնին պետք է պատրաստ լինել ամեն ինչի, իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, չգիտեմ՝ կստացվի՞, թե՞ ոչ, բայց, կրկնում եմ՝ եթե մի փոքր հայրենասեր լինեին, վաղուց հեռացած կլինեին, ընդ որում, սա ասում եմ՝ բնավ որևէ մեկի նկատմամբ անձնական նկատառումներից չելնելով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am