Շմոլ գազից թունավորված 6 երեխաների վիճակը գնահատվում է բավարար, 5 մեծահասակ հետազոտվել և դուրս է գրվել

Հայաստանում փետրվարի 18-ին շմոլ գազից թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների վիճակը փետրվարի 19-ին գնահատվում է բավարար, նույն դեպքով հիվանդանոց է դիմել նաև 5 մեծահասակ, նրանք հետազոտվել և դուրս են գրվել նույն օրը:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։

Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում` բարոթերապիա:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ «Մուրացան» համալսարան հիվանդանոց տեղափոխված երեխաներից մեծը 14 տարեկան է, փոքրը՝ 4:

«Փետրվարի 18-ին նաև «Արմենիա» ԲԿ է դիմել 5 մեծահասակ, որոնք համապատասխան հետազոտություն են անցել ու դուրս գրվել»,-հայտնեց մամուլի քարտուղարը: