Փորձում ենք ոչ ոքից չնեղանալ ու հաշտ ապրել, որովհետև չգիտենք՝ վաղն ինչ կարող է պատահել. Պողոսյանները վերադարձել են Արցախ՝ «դիմակայելու դժվարություններին»

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ 71-ամյա Լաուրա Պողոսյանը Արցախի ապագան անորոշ է տեսնում։ Չնայած այդ անորոշությանը՝ շարունակում է ամուսնու, որդու և երկու թոռնուհիների հետ ապրել հայրենի Արցախում։ Ասում է՝ Արցախ վերադառնալուց հետո ավելի մեծ ոգևորությամբ է գործի անցնում թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: 

«Զսպանակի նման ամուր պիտի լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել ստեղծված իրավիճակին և դժվարություններին»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Նա վստահեցնում է՝ պատերազմն իրենց չի հուսահատեցրել, փորձում են ավելի ուժեղ լինել, որ հաղթահարեն ճանապարհին հանդիպող մարտահրավերները։ 

«Եթե Արցախում դրությունը շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին հիմա է, մենք մեզ լիովին ապահով կզգանք, բայց ամեն դեպքում թուրքը մեջքից հարվածող է…»- ասում է Լաուրան։

Պողոսյանների ընտանիքը ամիսներ առաջ է վերադարձել Արցախ։ Սկզբում եկել են թոռները, ապա ինքը՝ ամուսնու հետ։ 

Թոռների՝ Մերի և Լաուրա Պողոսյանների խոսքով՝ տուն վերադառնալու ճանապարհին իրենք տեսնում էին ավերված շենք-շինություններ, մարդկային շարժ գրեթե չկար, ասես կյանքը կանգ առած լիներ։ Վախի և տագնապի զգացողություններ անշուշտ ունեին, չնայած դրան՝ շատ ուրախ էին, որ վերջապես հայրենիք վերադառնալու հնարավորություն ունեին:

«Առաջին 2 օրը շատ էինք վախենում, քանի որ Արցախ վերադառնալիս ադրբեջանցիների էինք տեսել, այնքան էինք վախեցել, որ նույնիսկ մի պահ հայրիկս ուզում էր ինձ ու քույրիկիս հետ ուղարկեր Փարպի։ Բայց կամաց-կամաց հարմարվեցինք, մեզ համար այլ տարբերակ չկա, մեր հայրենիքն է, պետք է այստեղ մնանք»,- ասում է 16-ամյա կրտսեր Լաուրան։ 

Ասում են՝ գիշերներն ավելի անհանգիստ էին, ձայներ էին լսվում, աղմուկ, լարված էին, իսկ ցերեկը՝ համեմատաբար հանգիստ։ Ավելի ուշ տեղեկացել են, որ «տարօրինակ» ձայները ականազերծման աշխատանքների հետևանք է։

Այժմ, արդեն ասում են, որ ապրում են իրենց բնականոն կյանքով, հարմարվել են իրավիճակին, ինչքան էլ դժվար ու ծանր լինի։

Աղջիկները անկեղծանում են, որ վերադառնալուց հետո իրենց կյանքի ամեն վայրկյանը առավել շատ են սկսել արժևորել, մարդկային շփումը՝ ևս:

«Այսօր փորձում ենք ոչ ոքից չնեղանալ ու հաշտ ապրել, որովհետև չգիտենք՝ վաղը ինչ կարող է պատահել»,- ասում է Մերին։

Լաուրան հիմա էլ, ինչպես մինչ պատերազմը զբաղվում է նույն աշխատանքով, ունի դեղատան փոքրիկ բիզնես, ամեն շաբաթ Երևանից դեղեր է ստանում ու շարունակում աշխատանքը:

«Ոչ մի րոպե չեմ ուզում առօրյա կյանքս մոռանալ, որպեսզի կարողանանք առաջ գնալ, բայց եթե նստենք ու մտածենք միայն կռվի կամ թշնամու մասին, ոչ մի դեպքում չենք կարող հանգիստ ապրել, պիտի մեր առօրյայով զբաղվենք, ինչպես մինչև պատերազմը»,- ասում է Լաուրան։

Լաուրա Պողոսյանը նշում է, որ առօրյա կյանքի վերականգնմանը զուգահեռ քաղաքում վերանորոգվում են նաև տները, թեև իրենց շենքի բնակարանները շատ չէին վնասվել, միայն մեկ բնակարան էր բավականին վնասվել, սակայն այն այժմ վերանորոգման փուլում է։ 

Ընտանիքի անդամների խոսքով՝ ներկայումս կենցաղային որոշ խնդիրներ կան, օրվա ընթացքում մի քանի ժամով հոսանք չեն ունենում, բայց հույս ունեն, որ շուտով խնդիրը կկարգավորեն։

«Ստեփանակերտը շատ շուտ է վերականգնվել, ճիշտ է՝ այնտեղ շատ տեղահանվածներ կան Հադրութից, շրջաններից, քան Մարտունիից, բայց Մարտունիում էլ շատ կատաղի կռիվներ են եղել, մեզ մոտ էլ տուժածները շատ են»,- «Մեդիալաբին» ասում է Լաուրա Պողոսյանը։

Լաուրան վստահ է, եթե կռիվը 1-2 օր էլ շարունակվեր, հնարավոր է՝ Մարտունին էլ կորցնեին, բայց Մարտունիում կռվող տղերքի շնորհիվ հաջողվեց պահպանել քաղաքը, թեև զոհերը շատ էին։

«Մենք շատ էինք կարոտում մեր քաղաքը, տունը, փողոցները, ամեն-ամեն ինչ և անհամբեր սպասում էինք, թե երբ ենք վերադառնալու։ Մեր հողում մեզ շատ լավ ենք զգում, որտեղ էլ լինենք՝ մեր հայրենիքը սա է, մեր կարոտը»,- անկեղծանում է Լաուրան և հավելում՝ չնայած՝ Երևանում բնակարան ունեն, միևնույն է՝ երբեք մտքով չի անցել Արցախից հեռանալ և Հայաստան տեղափոխվել։

Լաուրան համոզված է նաև, որ միայն պետությունը չպետք է վերանորոգի և շենացնի քաղաքը, ժողովուրդը ևս պետք է աջակից և նախաձեռնող լինի այս հարցում, քանի որ միայն պետության ջանքերով հնարավոր չի լինի վերականգնել Արցախը։

«Օրինակ՝ ես իմ դեղատան դիմաց արդեն քանի օր է՝ փոցխում եմ, որպեսզի ծաղիկներ աճեցնեմ։ Կարծում եմ՝ եթե ամեն մարդ իր ներդրումն ունենա վերականգնողական և շենացման աշխատանքներում, ապա բոլորով շատ արագ կվերականգնենք մեր հայրենիքը,- նշում է նա և շարունակում,- հակառակ դեպքում պետք է դուրս գանք այստեղից, իսկ թուրքն էլ հենց դա է ուզում, որ մեր ժողովուրդը Արցախում չապրի, որպեսզի ինքը ոտք դնի այստեղ»,- ասում է Լաուրան մտահոգ, ասես ինքն իրեն հարցնելով՝ բա այդ ժամանակ մեր տղաները, խաղաղապահները ո՞ւմ են պահելու, այդքանից հետո էլ ո՞ւմ է պետք Արցախը։

Լաուրա Պողոսյանը նշում է, որ իրենք հաճախ մոռանում են թշնամու՝ իրենց մոտ գտնվելու մասին, բայց նաև վստահ է՝ եթե ռուս խաղաղապահները Արցախում չլինեին և չվերահսկեին իրավիճակը, իրենք հանգիստ և ապահով չէին ապրի իրենց հայրենի հողի վրա․

«Մենք խաղաղապահների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք, քաղաքում գրեթե ամեն օր տեսնում ենք իրենց, հաճախ են խանութներից և մեր դեղատնից առևտուր անում, շատ բարեհամբույր են մեր նկատմամբ, մենք էլ՝ իրենց»:

Հիշում է՝ նույնիսկ Արցախ վերադառնալու ճանապարհին խաղաղապահներն իրենց ավտոբուսը հաճախակի կանգնեցնում էին, հարցուփորձ անում՝ ո՞նց են, ամեն ինչ լա՞վ է։

Լաուրան պատմում է նաև, երբ Երևանում էր, մտածում էր, թե ինչ դրություն է Արցախում, բայց երբ ոտքը դրեց հայրենի հողի վրա, բոլոր մտավախություններն անհետացան, և իրեն առավել վստահ սկսեց զգալ։

«Ապագայի նկատմամբ լավատեսորեն եմ տրամադրված, և, անկախ ամեն ինչից, մենք հոգով ու սրտով միշտ անվախ ենք լինելու»,- ասում է նա։

Մերի Մաթևոսյան

MediaLab.am