Համաձայնագիր. ընդդիմադիր և իշխանական դաշտի ուժերը միասնական վերահսկման շտաբ են ձևավորել

Համաձայնագիր. ընդդիմադիր և իշխանական դաշտի ուժերը միասնական վերահսկման շտաբ են ձևավորել
Համաձայնագիր. ընդդիմադիր և իշխանական դաշտի ուժերը միասնական վերահսկման շտաբ են ձևավորել

Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցություններն այսօր` ապրիլի 4-ին, քաղաքագետների միությունում ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիր։

«Մենք` ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, գիտակցելով ՀՀ առջև ծառացած բարդ խնդիրների բարեհաջող հանգուցալուծման համար մայիսի 6-ին կայանալիք ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին հարիր անցկացնելու նշանակությունը, կարևորելով այդ գործընթացում հանրության և քաղաքական կուսակցությունների ջանքերը միաբերելու անհրաժեշտությունը, համաձայնվում ենք ձևավորել ընտրությունների հանրային վերահսկողությամբ միջկուսակցական ընտրական շտաբ: Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար»,- նշված է ուժերի հրապարակած հայտարարության մեջ:

Փաստաթղթի տակ ստորագրել են ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված ընտրություններին:

«Ընտրակաշառքներն ու խախտումները դարձել են մեր երկրի առջև ծառացած չարիք, բայց մենք պատրաստ ենք համագործակցել այդ չարիքը հաղթահարելու համար»,- ասել է Զուրաբյանը:

Համաձայնագիրը հրաժարվել է ստորագրել միայն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ քննադատելով «նման նախաձեռնությունը»:

«Դեռ շտաբը չստեղծված՝ արդեն փաստաթուղթ են ստորագրում: Ես ձեռնպահ կմնամ, որովհետև նման փաստաթղթերը պիտի քննարկվեն կոալիցիայի կողմից: Սա կքննարկվի կոալիցիայի շրջանակներում և նոր պատասխան կտրվի»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Համաձայնագիրը ստորագրած քաղաքական ուժերը հայտարարել են, որ փաստաթուղթն ուղարկելու են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ-ում դեսպաններին և այլ անձանց: Նախաձեռնության անդամները պատկան մարմիններից խնդրել են իրենց հանձնել ընտրացուցակներում առկա, սակայն հանրապետությունից բացակայող անձանց ցուցակը:

© Medialab.am