Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նորից զգուշացնում է․ դպրոցներում դասերը վաղ՝ 8։30-ից շուտ սկսելը վնասակար է երեխաների հոգեկան առողջության համար։ Հիշեցնենք, որ երեկ լուր տարածվեց՝ սեպտեմբերի 1-ից դպրոցներում դասերը նախատեսվում է սկսել 8։15-ից՝ խցանումները թեթևացնելու նպատակով։
«Հարգելի ընկերներ։ Նորից ուզում եմ նշել, որ դպրոցներում դասերը 8.30-ից շուտ սկսելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության վրա։ Եթե որոշ երկրներում դասերը սկսում են 8-ին, չի նշանակում, որ ճիշտ են անում։ Այդ երկրները պարզապես զոհաբերում են իրենց երեխաների առողջությունը բիզնեսի շահերին։ Այսինքն՝ դպրոցի ժամերը հարմարեցնում են աշխատանքային ժամերին»,-գրել է նա։
Խաչատրյանը օրինակ է բերել Էստոնիան, որը Եվրոպայի լավագույն դպրոցական համակարգերից մեկն է։ «Էստոնիան այս սեպտեմբերից դասերը սկսելու է 9.00-ին՝ 8.30-ի փոխարեն։ Նպատակն է երեխաների հոգեկան առողջությունը պահպանելը»,- նշել է փորձագետը։
Նա նաև ընդգծել է, որ Երևանի դպրոցականների մեծ մասը սովորում է հարևանությամբ գտնվող դպրոցներում և առավոտյան խցանումների խնդիր չունի․ «Խցանումներից խուսափելու համար մենք հարվածի տակ ենք դնում երեխաների հոգեկան առողջությունը»։



















