«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը
– Պարո՛ն Հակոբյան, Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին: Ձեր գնահատմամբ, ո՞րն է պարոն Վարդանյանի ուղերձի գլխավոր մեսիջը:
– Ռուբեն Վարդանյանն այսօրվա ուղերձով ցույց տվեց, որ եթե մարդը պատրաստ է արժանապատիվ ապրելու, ապա ցանկացած իրավիճակում կարող է պայքարել դրա համար: Նա ցույց տվեց, որ նույնիսկ Բաքվի բանտում կարելի է արժանապատիվ ապրելու համար պայքարել: Կարծում եմ, որ այս մեսիջն առաջինն ուղղված էր հենց Հայաստանի իշխանությանը, որ պետք է դադարեցնել խաղաղություն մուրալ, փոխարենը պետք է արժանապատիվ ապրել ու փորձել երկիրը տանել արժանապատիվ խաղաղության:
Իսկ այդ շինծու դատավարությունների մասով Ռուբեն Վարդանյանը բազմիցս նշել է, որ այն, ինչ կատարվում է Բաքվի բանտերում՝ այս դատավարության շրջանակներում, ամենը կեղծ է, չի իրականացվում նույնիսկ Ադրբեջանի օրենսդրության համաձայն, էլ չենք խոսում միջազգային իրավունքի մասին: Այն, ինչ կատարվում է այնտեղ, մարդկային նորմերից ու բնույթից դուրս է:
Այս հաղորդագրությունը նաև ուղերձ էր միջազգային հանրությանը, բազմաթիվ դերակատարների, որոնք որևէ ձևով կարող են ազդել Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության վրա, այնպես անել, որ այդ դատավարությունները տեղի ունենան միջազգային ու մարդու հիմնարար իրավունքների հիման վրա:
– Մինչև այս Հայաստանի գործող իշխանության քայլերն ու հայտարարություններն այս մասով ինչպե՞ս եք գնահատում:
– Քանի դեռ մեր ռազմագերիները գտնում են Բաքվի բանտերում, նշանակում է մեր իշխանությունները գործուն քայլեր չեն ձեռնարկել: Նրանք մի կողմից հայտարարում են, որ Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունների մեջ են, ինչ-որ տեղ առաջընթաց ունեն, մնացել է մեկ-երկու կետ չհամաձայնեցված, ու մենք երբեք չլսեցինք, որ այդ հարցերից մեկը մեր ռազմագերիների վերադարձի հարցն է:
Եթե քո պետության քաղաքացիներին միջազգային օրենքների խախտմամբ Ադրբեջանում դատում են, տեսնելով նկարները, ակնհայտ երևում է, որ այդ մարդկանց խոշտանգումների են ենթարկում, իսկ դու նման պետության հետ գնում ես բանակցությունների ու հայտարարում ես, թե առաջընթաց կա, ապա նշանակում է, որ ռազմագերիների հարցով որևէ քայլ չի արվում: Սա սոսկ պոպուլիստական հայտարարություն է, թե ունեինք 300 և ավելի ռազմագերի, հիմա մնացել են տասնքանիսը:
– Իսկ ինչո՞ւ չեն անում այդ քայլերը, պարո՛ն Հակոբյան:
– Բացմիցս եմ ասել, որ այս իշխանություններն անում են այն ամենը, ինչն օգնում է իրենց իշխանության մնալուն: Եթե Բաքվի բանտերում գտնվող մարդկանց բերելը նրանց օգներ իշխանության մնալուն, ապա նրանք դա կանեին, բայց ես կարծում եմ, որ նաև նրանց վերադարձը գուցե վտանգ է իրենց իշխանությանը, դրա համար էլ որևէ քայլ չեն անում: Փաշինյանն անում է միայն այն քայլերը, որոնք օգնում են իրենց մնալ իշխանության:
– Այսինքն՝ այս ուղերձները, հայտարարությունները, բողոքի ակցիաները որևէ ազդեցություն չե՞ն ունենալու իշխանության վարքի վրա:
– Ես կարծում եմ, որ այս իշխանության վրա կարող է ազդեցություն ունենալ միայն հայ ժողովրդի հավաքական պահանջն ու ցասումը, որպեսզի նրանք թողնեն իրենց աթոռները, որ կարողանանք այս երկիրն ինչ-որ կերպ փրկել: Մնացած բոլոր պարագաներում այս իշխանությունները ոչնչի չեն ենթարկվի:
– Իսկ միջազգային հանրությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Միջազգային հանրությունը մեկ մարմին չէ, կոնկրետ շահերով տարբեր երկրների համախումբ է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պետական շահն ու առաջնահերթությունը: Որևէ երկրի պետական շահի ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ տեղավորվո՞ւմ է արդյոք պաշտպանել մի երկրի ռազմագերու, որին սեփական իշխանությունն է անտեսում:
– Հարատև ու արժանապատիվ խաղաղության հասնելու Ռուբեն Վարդանյանի կոչին անսալո՞ւ է Փաշինյանի իշխանությունը:
– Ե՛վ Ռուբեն Վարդանյանը, և՛ Արցախի ժողովուրդն ամենալավը գիտեն, թե ի՛նչ է նշանակում իրական խաղաղություն, ու բազմիցս ենք ասել, որ իրական խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, որ խաղաղություն չեն մուրում: Այնպես չէ, որ Ռուբեն Վարդանյանի ուղերձում շատ նորություններ կան, ու այս իշխանություններն առաջին անգամ դա լսեցին: Այս անգամ ևս այս իշխանությունները անհաղորդ կմնան այդ ուղերձին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















