2023 թ․–ի փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության գնահատումն այլ կարգով է իրականացվում: Գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։ Դրա ներդրմանը զուգահեռ, հաշմանդամություն ունեցող անձինք նոր խնդիրների են բախվում․ Տևական ժամանակ է, ինչ նրանք ահազանգում են վերափորձաքննության ընթացքում հանձնաժողովների կողմից կայացվող կամայական որոշումների մասին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ նախորդ մեկ տարվա ընթացքում 330 մարդ զրկվել է հաշմանդամության խմբից ու կենսաթոշակից։
44-օրյա պատերազմի 277 մասնակից զրկվել է հաշմանամության խմբից։ Նրանցից 261–ի դեպքում մինչև վերափորձաքննությունը սահմանված է եղել 3-րդ խմբի հաշմանդամություն, 16 հոգի մինչ այդ ունեցել է 2–րդ խմբի հաշմանդամություն։ Եվս 128 հոգու դեպքում հաշմանդամության 2–րդ խումբը փոխարինվել է 3-րդով և միայն 1 մարդու դեպքում է 2–րդ խումբը փոխարինվել 1–ինով:
Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները այս որոշումները, հիմնականում, բացատրում են նոր կարգի ներդրմամբ։
18-ամյա Հայկը ընդամենը 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44–օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 3–ին, առաջնագծում, նրանց գումարտակն ընկավ հրետակոծության տակ, փրկվեցին մի քանիսը միայն։ Այդ օրը տղան ծանր վիրավորվեց, գլխուղեղային երկու փակ վնասվածք ու ոտքի վիրավորում ստացավ, բայց գիտեր, որ հայրը ճանապարհին է, և ծառայակիցներին արգելեց պատմել այդ մասին։
Հայրը՝ Վոլոդիան ասում է՝ երանի նրան, ով չի տեսել 44–օրյա դժոխքը։ Հիշում է, որ այդ օրերին երբեմն նույնիսկ մոռանում էր, որ որդին իր հետ է, որովհետև իր աչքի առաջ ամեն րոպե զոհվում էին երեխաներ, որ ինչ–որ մեկի որդին էին․
«Այդ օրերին երեխաները հողի գույնի էին, բոլորն իրար նման, իմ ու քո չկար։ Ամբողջ գումարտակից 37 զինվոր ու երկու սպա էին ողջ մնացել։ Այդ ժամանակ զինվորները որդուս ասում էին՝ Հայկո, բախտդ բերել է, հայրդ եկել է քո հետևից։ Իսկ որդիս ասում էր՝ դուք հորս չեք ճանաչում, նրա համար իմ արյունը ձերինից կարմիր չէ, իմացեք՝ բոլորիդ համար է եկել։ Երկու օրվա ընթացքում անընդհատ նահանջելով՝ հասանք Որոտան, միացանք այնտեղի գումարտակին»,– հիշում է տղամարդը։
Որոտանի զորամաս հասնելուց կես ժամ չանցած՝ 4 կասետային հրթիռներ թափվեցին զինվորների գլխին։ 67 զոհ, մեկ վիրավոր։ Այդ օրը Հայկը կանտուզիա ստացավ, բերանից, քթից ու ականջներից արնահոսություն սկսվեց։ Բայց հայրն այդ անգամ էլ որոշեց Գորիս տեղափոխել նախ ծանր վիրավորներին․ 46 հոգու տեղափոխելուց և Որոտան վերադառնալուց հետո միայն հասկացավ՝ որդու վիճակը ծանր է։ Որդուն նախ Գորիս, ապա շտապ օգնության մեքենայով Երևան ճանապարհելուց հետո, հայրը վերադարձավ՝ մյուսներին օգնելու․
«Երևանում արդեն սկսվեց դժոխքի երկրորդ շրջանը․ 5 օր հետո, առանց որևէ զննության, երեխայի բժշկական թղթերում գրում են, որ ամեն բան նորմալ է, և նա պատրաստ է վերադառնալ պատերազմի դաշտ։ Սա առաջին հանցագործությունն էր։ Հոկտեմբերի 10–ին, երբ ասացին, որ որդուս հետ են ուղարկել, շտապեցի նրա մոտ։ Խոսում էի հետը, ու երեխաս չէր կարողանում պատասխանել, չէր կարողանում խոսել, միայն կմկմում էր, աջ կողմն անկանոն թպրտում էր»,– հիշում է նա։
Միայն հոր բողոքներից հետո վիրավոր տղային ուղարկեցին Երևան՝ բուժման։ Ճանապարհին վիճակը կտրուկ վատացավ, նրան հոսպիտալացրեցին Մասիսում, որտեղ պառկեց շուրջ 1 ամիս։ Դրանից հետո ևս 4 հոսպիտալ էր լինելու․
«Բոլոր բժիշկները միաբերան ասում էին՝ երեխայի մոտ լուրջ գլխուղեղային վնասվածքներ են, հոգեբանական լրջագույն խնդիրներ, հետտրավմատիկ սթրես։ Երեխան պիտանի չէ հետագա ծառայության համար։ Արդեն 2021 թ․–ին դիմեցինք հաշմանդամության խումբ սահմանելու համար, որովհետև երեխային պարբերաբար վերականգնողական բուժումներ էին պետք։ Սահմանեցին, 3–րդ խումբ»,– պատմում է զինվորի հայրը։
Հաշմանդամության սահմանման գործընթացում առաջին խոչընդոտն այն էր, որ բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակը հրաժարվում էր տղայի դեպքում զինհաշմանդամություն սահմանել։
Միայն հոր պնդումներից և ընտանիքի կողմից զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառահետևանքային կապը հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո սահմանվեց համապատասխան կարգավիճակը։ Այն վերասահմանվեց նաև 2022 թ․–ին՝ հերթական վերափորձաքննության արդյունքում։ Իսկ արդեն 2023 թ․–ին տղային զրկեցին կարգավիճակից, 68 հազար դրամ կենսաթոշակից ու սահմանված բոլոր սոցիալական երաշխիքներից․
«Որդիս օրական 2-3 հատ դեքսալգին է խմում․ գլխացավերն ու մեջքի ցավերն անատանելի են։ Տեսողությունը ևս կտրուկ վատացել է։ Նրան 6 ամիսը մեկ վերականգնողական թերապիաներ են անհրաժեշտ, հոգեբուժարանից էլ տեղեկանք ունի, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունի։ Խնդիրն այն է, որ որդուս բժշկական թղթերի մեջ ոչ մի բառ անգամ չի փոխվել՝ առաջին անգամ հաշմանդմության սահմանումից հետո։ Բայց հանձնաժողովը, որը որդուս տեսել է ընդամենը 5 րոպե, չի խոսել նրա հետ, չի լսել գանգատները, ոչ մի բժշկական փաստաթուղթ հիմք չընդունելով, նրան զրկում է կարգավիճակից»,– ասում է Վոլոդիան։
Ըստ նրա՝ հանձնաժողովի անդամների քամահրանքն ամենավիրավորականն է եղել իր և որդու համար՝ ձևականորեն ընթերցված բժշկական թղթերը, որոնց մեջ, իբր, չեն նկատել հոգեբուժի և մյուս մասնագետների նշանակումները, որդու նկատմամբ դրսևորված արհամարհանքը, ակնհայտ առողջական խնդիրների անտեսումը․
«Այդ օրը 3 մարդ էր փորձաքննվում, բոլորին էլ զրկեցին հաշմանդամությունից։ Ինչ ասում էի, միայն հարցնում էին՝ իսկ դուք բժի՞շկ եք, որ պնդում եք։ Ես բժիշկ չեմ, ես հայր եմ, որը որոշել է մինչև վերջ պայքարել իր որդու արժանապատվության ու իրավունքի համար։ Այս երկրին զինվորը միայն պատերազմի ժամանակ է պետք, փաստորեն։ Ինձ համար ակնհայտ է՝ վերևից հրաման կա՝ հնարավորինս զրկել մարդկանց կարգավիճակից և գումար տնտեսել։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ կաշառք տալ, կա՛մ համակերպվել։ Ես որոշել եմ դիմել դատարան»,– ասում է Վոլոդիան։
Հայկին դատարանում աջակցելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ իրավաբան Նունե Դանիելյանը։ Այս օրերին փաստաբանը պատրաստում է հայցադիմումը՝ վարչական դատարան դիմելու համար․
«Մենք համարում ենք, որ Հայկի դեպքում ԲՍՓ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ առանց համապատասխան փաստաթղթերի բազմակողմանի, օբյեկտիվ և լիարժեք ուսումնասիրության։ Մենք գիտենք, որ Հայկի առողջական վիճակի մեջ դրական փոփոխություններ չեն եղել, ինչի վերաբերյալ համապատասխան բժշկական եզրակացություն կա, սակայն հանձնաժողովը հակառակ որոշում է կայացրել, որն էլ պատրաստվում ենք բողոքարկել՝ արդեն դատական կարգով»,– ասում է փաստաբանը։
Միայն ԲՍՓ հանձնաժողովների աշխատանքի հետ կապված՝ իրավաբանական խորհրդատվության համար տասնյակ քաղաքացիներ են դիմել Դանիելյանին, եղել է անգամ դեպք, երբ քաղաքացին դիմել է տասնամյակներ շարունակվող անարդարացի որոշումը բողոքարկելու համար․
«Արցախյան առաջին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձի դեպքում սահմանվել էր հաշմանդամություն, սակայն ոչ զինվորական։ Տարիներ շարունակ ԲՍՓ այդ որոշումը չէր փոխվել։ Միասին կարողացանք անհրաժեշտ հիմնավորումներ, զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառահետևանքային կապը հաստատող փաստաթղթեր ներկայացնել, ինչից հետո զինհաշմանդամություն սահմանվեց և կենսաթոշակի վերահաշվարկ կատարվեց»,– ասում է փաստաբանը։
Ըստ նրա՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ծրագիրը զգալի աջակցություն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ շատերը ստիպված են լինում համակերպվել ԲՍՓ հանձնաժողովների կայացրած որոշումների հետ՝ չունենալով բավարար ֆինանսական հնարավորություններ՝ փաստաբանի դիմելու համար․
«Բացի այն, որ ծրագրի շրջանակում տրամադրվող բոլոր ծառայություններն անվճար են, մասնագետների ներգրավվածությունը կոնկրետ դեպքերում ինքնավստահություն է ներշնչում քաղաքացիներին և, ինչը պակաս կարևոր չէ, զգոնություն՝ ԲՍՓ հանձնաժողովներին կամ այլ վարչական մարմիններին՝ որոշում կայացնելիս»,– ասում է Նունե Դանիելյանը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ծրագրի ղեկավար Սյուզի Գրիգորյանն բացատրում է, որ այն նախատեսում է իրավաբանի խորհրդատվություն, բժիշկ–փորձագետի խորհրդատվություն՝ բացառապես բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման մասով, օրինակ, երբ մարդը նոր է պատրաստվում սկսել հաշմանդամության գնահատման գործընթացը, և վստահ չէ՝ իր խնդրի դեպքում արժե՞ ձեռնարկել դա, թե ոչ․
«Մենք խորհրդատվություն ենք տրամադրում նաև այս որոշման կայացման ընթացքում և հետագա փուլերում, երբ, օրինակ, մարդը կասկած ունի, որ իր հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակության աստիճանը ճիշտ չէ սահմանվել։ Այս փուլում մենք մասնագիտական խորհրդատվություն ենք տրամադրում և ներկայացնում ենք մեր փորձագետների կարծիքը՝ գնահատող հանձնաժողովի որոշման բողոքարկման վերաբերյալ։ Իսկ արդեն դատարանում մեր փաստաբանները ներկայացնում են քաղաքացու շահերը։ Այս ամենը, իհարկե, անվճար»,– ասում է Գրիգորյանը։
Ծրագիրը, որ նախատեսված է 300 մարդու համար, 4 ամսում ունեցել է ավելի քան 150 դիմող։ Մասնագետներն աջակցում են բողոքարկման կամ վերափորձաքննության դիմում գրել, հիմնավորումներ ներկայացնել, բուն բողոքարկման գործընթացում ուղեկցում են քաղաքացուն՝ օգնելով նրան առավել հասցեական ու առարկայական ներկայացնել իր տեսակետն ու բողոքը։
Ծրագրի ղեկավարը նշում է, որ 2023 թ․–ի փետրվարի 1–ից հետո, երբ փոխվեց հաշմանդամության գնահատման կարգը և գործարկվեց անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, դիմումները շատացել են․
«Մեզ դիմողների թվում բազմաթիվ են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ունեցել են հաշմանդամություն և շարունակում են գնահատվել նախկին չափորոշիչներով և օրենսդրությամբ, այսօր, սակայն, նրանց չեն ճանաչում այլևս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ ուղղակի հղում անելով կարգի փոփոխության վրա։ Սակայն կարգի կամ ֆունկցիոնալության գնահատման գործիքակազմի փոփոխությունը չի կարող հիմք դառնալ ակնհայտորեն անարդարացի որոշումների կայացման համար։ Այս պահին մի քանի ընթացիկ գործ ունենք, հատկապես հոգեբուժական բնույթի, գրեթե նույն պատկերն էլ ունենք «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակն ունեցողների դեպքում, երբ 18 տարին լրանալուն պես, մարդը պետք է նորից փորձաքննության ենթարկվի։ Այս դեպքերում ևս, մեր կարծիքով անարդարացիորեն, օրենսդրությանը չհամապատասխանող հիմնավորումներով, մարդկանց զրկում են հաշմանդամության խմբից։ Ըստ էության, սա խաբեություն է»,– ասում է Սյուզի Գրիգորյանը։
Սոնա Մարտիրոսյան
Այս նյութը պատրաստել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում։
Սույն ծրագիրը իրականացվում է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (Strive) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի: