9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո. ԱՆ

Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:

Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։

Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։

50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։

Առողջապահության  նախարարությունից տեղեկացնում են, որ  ի պատասխան մամուլի հրապարակումների՝ երեխայի մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: