ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներում վերահաստատվեց, որ կան Լեռնային Ղարաբաղ, ԼՂ չկարգավորված խնդիր. Վահրամ Աթանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին». համակարծի՞ք եք ՀՀ արտգործնախարարի այս գնահատականին: Ձեր գնահատմամբ՝ այդ քննարկումը որևէ ազդեցություն ունենալո՞ւ է Լաչինի միջանցքի բացման հարցի վրա:

– Ես լիովին կիսում եմ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատականը և իրավիճակի ընկալումը։ Հավելելու ոչինչ չունեմ։

– ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթն ինչպե՞ս եք գնահատում: Ռուսական կողմը ցանկությո՞ւն, թե՞ հնարավորություն չունի Ադրբեջանին հասցեական պահանջ ուղղելու:

 – ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը, որքան հասկացա, ընդունեց, որ Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակի և երթևեկության ռեժիմի պատասխանատուն է։ Մնացածը ռուս-ադրբեջանական քննարկումների տիրույթում է։

– ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումները ոմանք համարում են հայ դիվանագիտության հաղթանակ: Իսկապես սա հաղթանա՞կ է, պարո՛ն Աթանեսյան:

 – «Հաղթանակ» բնորոշումը չի կարելի արժեզրկել։ Հայաստանը կարողացավ միջազգայնացնել խնդիրը, հասկացություններ և իրավական սահմանումներ, որ Ադրբեջանը երկու տարի է՝ փորձում է չեզոքացնել, չեղարկել, ի չիք դարձնել։ Կոնստատացիան դեռևս իրավիճակի փոփոխություն չէ, և հայկական դիվանագիտությունը լուրջ անելիքներ ունի՝ առարկայացնելու ԱԽ անդամ պետությունների հետ կոնսենսուսը։

– Լաչինի միջանցքի փակումը միայն թուրք-ադրբեջանակա՞ն տանդեմի ծրագիր է, թե՞ աշխարհաքաղաքական գլոբալ հարցերով է պայմանավորված:

– Խորհուրդ կտայի ձեռնպահ մնալ «խորագիտակ» վերլուծություններից։ ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներում, իմ տպավորությամբ, վերահաստատվեց, որ կան Լեռնային Ղարաբաղ, ԼՂ չկարգավորված խնդիր։ Դա՞ էր ուզում Ադրբեջանը։ Չեմ կարծում։ Կուզենայի, որ մենք «հանգիստ թողնեինք» Թուրքիային։ Այսինքն՝ շարունակեինք շատ համբերատար աշխատել հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ։

– Խնդրի հանգուցալուծումը ո՞րն է լինելու, պարո՛ն Աթանեսյան:

– Հանգուցալուծում չի լինելու, մենք պետք է ադապտացվենք իրավիճակին։ Հայաստան-ԼՂ հաղորդակցությունը իհարկե վերականգնվելու է, բայց ի՞նչ ձևով և երաշխիքներով՝ հարցերի հարցը դա է։ Այլ բան է, եթե հումանիտար խնդիր ենք լուծում, այլ, երբ իրավաքաղաքական լուծում ենք ակնկալում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am