«Բոլորն ասում են՝ պատրաստ են դիմանալու, բայց անորոշություն է՝ հանուն ինչի»․ արցախցի՝ «ոնց որ մեզնից երես թեքած լինեն»

Լուսանկարը՝ Մարութ Վանյան (Արցախ)

Արցախցի 32-ամյա Տաթևիկ Աղաջանյանն ասում է՝ չնայած Ստեփանակերտում սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների պակաս կա, սակայն դրան հնարավոր է դիմանալ, դա ավելի երկրորդային է, հիմնական անհանգստացնող հանգամանքն անորոշությունն է, թե ինչ է սպասվում, ինչի համար են զրկանքներն ու այն ամենը, ինչի միջով հազարավոր մարդիկ անցնում են Արցախում:

«Ես ում հետ խոսում եմ, բոլորն էլ ասում են՝ պատրաստ են դիմանալու, մտածում ենք՝ ինչ-որ բան են ուզում, դրա դիմաց փակել են։ Եթե էդ բանը չենք տալիս, լավ ա մեզ համար, մեր շահերի օգտին ինչ-որ բան ա կատարվում, էդպես ենք հույս տալիս։ Բայց պետք ա իմանանք, որ ա՛յ սա են պահանջել, ա՛յ սրա համար էսքան օր պիտի դիմանանք։ Կդիմանանք, բայց հանուն ինչի՞։ Հիմա ավելի շատ անորոշություն է՝ ինչ է լինելու վաղը»,- ասում է Տաթևիկը։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ է գրեթե մեկ ամիս: Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերը «բնապահպանական ակցիա» անվան տակ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ցամաքային միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առնվազն 120 հազար մարդ հայտնվել է շրջափակման մեջ: Կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը մինչև շրջափակումն օգտագործվում էր սնունդ, դեղորայք, կենսական անհրաժեշտության ապրանքներ հասցնելու համար:

Շրջափակման հետևանքով Արցախում առանց ծնողների անմիջական խնամքի են մնացել Տաթևիկի քրոջ երկու անչափահաս երեխաները։ Տաթևիկը պատմում է, որ քույրն ու քրոջ ամուսինը, մինչև ճանապարհի փակվելը, նորածին երեխային բուժման նպատակով Երևան էին տարել, երեխայի բուժումն ավարտվել է, սակայն շուրջ մեկ ամիս է՝ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում Արցախ վերադառնալ։

«Հիմա քրոջս երկու երեխաները սկեսուր-սկեսրայրի մոտ են։ Փոքրը 3 տարեկան ա, շատ չի հասկանում, մեծը շատ ա ազդվում, խոսում են ինտերնետով, բայց իրա ծնողներին շատ ա կարոտում, նույնն էլ քույրս, մաշվեց, էսքան ժամանակ ա՝ էրեխեքին չի տեսել։ Ես շատ եմ մտածում, որ գոնե քույրս գա իրա ընտանիքի մոտ, ամենամեծ բանը էդ ա, մի ձև լիներ՝ գար»,- ասում է Տաթևիկը։

Տաթևիկ Աղաջանյանը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից է, որը Ստեփանակերտից 47 կմ հեռավորության վրա է, աշխատում է Ստեփանակերտում որպես լրագրող aparaj.am-ում։

Տաթևիկն ասում է՝ ի տարբերություն Ստեփանակերտի, գյուղում շրջափակումը մթերքի առումով այնքան էլ չի զգացվում, քանի որ գյուղատնտեսությամբ են զբաղվում, անասնապահությամբ, և ընտանիքի համար սնունդը ապահովելը գյուղում այնքան էլ բարդ չէ։

«Գյուղում մեզ համար մեր ընտանիքի ուտելիքը խնդիր չի։ Մրգերից նուռ ունենք, կառալյոկ, հավաքել ենք։ Հավ, հնդկահավ, ընտանի կենդանիներ ենք պահում, ձվի, մսի խնդիր չունենք։ Բոլորի մասին չեմ կարող ասել, բայց շատերը, որոնք Ստեփանակերտում բարեկամներ ունեն, գյուղից մթերք են ուղարկում։ Ով հողի հետ կապ չունի, ով նաև փոքր երեխա ունի, իրենց համար ա դժվար։ Ստեփանակերտում մարդիկ պաշար չունեն, շատերը պահածո չեն արել։ Առաջին մի քանի օրը մրգերն ու բանջարեղենը վերջացել են»,- նշում է նա։ 

Տաթևիկն ասում է՝ արձակուրդից հետո, երբ Ստեփանակերտ է վերադարձել, իր հետ որոշ մթերք է վերցրել՝ միս, դդում, մրգեր, որոշ անհրաժեշտ մթերքներ էլ գնել են։

«Ձավարեղեն, ձեթ ունենք որոշ ժամանակով։ Այսօր էլ հայտարարեցին, որ կտրոնով է լինելու, յուրաքանչյուր մարդ կարող է գնալ, կտրոնով գնել ձեթ, բրինձ, մակարոնեղեն, այս երեք բանը տրամադրելու են։ Իմ կարծիքով՝ այս իրավիճակում ճիշտ որոշում ա, որպեսզի հավասարաչափ բաշխվի։ Բայց կարծիքներ հանդիպեցի, որ մինչև համակարգի ներդնումը մարդիկ գրում էին՝ մեկը գնում է այսքան ձու վերցնում, այն մեկին չի հասնում, չի՞ կարելի մի ձև անել, որ բոլորին հասնի: Էսօր էլ տեսա՝ կային մարդիկ, գրել էին՝ ի՞նչ կտրոն, վերադառնում ենք 90-ականնե՞ր։ Ինչքան մարդ՝ էնքան կարծիք»։

Տաթևիկի խոսքով՝ գյուղից քաղաք հասնելն էլ միշտ չէ, որ հեշտ է վառելիքի պատճառով։ Նրանք, որոնց մեքենայի վառելիքը գազով է, կարողանում են օգտագործել իրենց մեքենան տեղափոխվելու համար, իսկ բենզինի դեպքում չեն կարողանում, քանի որ բենզինի սղության պատճառով այն նախատեսվում է երթուղայինների և շտապօգնության մեքենաների համար։

«Երկու օր որ գազ չկար, մեքենաներն էլ չէին աշխատում, շատերը ոտքով էին գնում, բայց հիմա որ կա, նորմալ է»,- ասում է նա։

Ներկա իրավիճակի հետ կապված Տաթևիկի ցանկությունն է, որ օր առաջ որոշակիություն մտցվի, հստակեցվի՝ ինչ է սպասում իրենց, ինչ պետք է անեն: 

«Գյուղում մեր խոսակցություններն այն մասին են, թե ինչպես էր 90-ական թվականներին, ասում են՝ էն ժամանակ ավելի քիչ մթերք ունեին, բայց ոգևորություն կար, հիմա կարծես ոգին չկա։ Էն ժամանակ զգում էին Հայաստանի աջակցությունը, իսկ հիմա ոնց որ մեզնից երես թեքած լինեն: Հիմա ավելի շատ անորոշությունն ա՝ ինչ ա լինելու, էսօրվա մասին շատերը չեն էլ մտածում։ Գոնե ինչ-որ հույս լիներ, որ իմանայինք՝ ինչ է լինելու վաղը»,- իր մտահոգությունն է արտահայտում Տաթևիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am