Ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու վարույթով 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս  պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու հանգամանքները:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2022 թ. դեկտեմբերի 4-ին ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ. Հ-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը, Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում:

Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ Գ. Բ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հրամանատար, 2022 թ. դեկտեմբերի 3-ին պաշտպանության տեղամասում տեղյակ լինելով իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներ, շարքայիններ Գ. Պ-ի և Գ. Հ-ի կողմից նույն թվականի նոյեմբերի կեսերին զինծառայողներին հատկացված, վաճառքի համար չնախատեսված մեկ արկղ պահածո առերևույթ գաղտնի հափշտակելու դեպքի մասին, զինվորական ծառայության վայրում կրտսեր սերժանտ Ա. Մ-ի, շարքայիններ Ա. Մ-ի և Կ. Ա-ի հետ միասին, հարվածներ հասցնելու միջոցով բռնություն են գործադրել Գ.Պ-ի նկատմամբ:

Դրանից հետո վերջինս պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնություն է ունեցել շարքային Գ. Հ-ի հետ, այնուհետև գնացել է նրա գտնվելու վայր, վերցրել է  «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և կրակել Գ. Հ-ի աջ ոտքին՝ պատճառելով ծանր վնաս: Սպա Գ. Բ-ն, պարտավոր լինելով կատարված հանցագործության մասին անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը, խախտելով ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի մի շարք պահանջներ, չի կատարել իր լիազորություններից բխող ծառայողական պարտականությունները, իրականում տեղի ունեցած հանցագործության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը և թաքցրել է այն:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներ ևս, 2023 թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 521-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը միացվել է նշված վարույթին:

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից սպա Գ. Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, շարքային Գ. Պ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 521-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, իսկ կրտսեր սերժանտ Ա. Մ-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Շարքային Գ. Հ-ի առողջությանն առերևույթ ծանր վնաս պատճառած շարքային Գ. Պ-ի և սպա Գ. Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։  

Նախաքննությունը շարունակվում է: