Մի քանի բան, որը կարող է օգնել հենց այսօր. հոգեթերապևտ Արամ Հովսեփյան

Հոգեբույժ, հոգեթերապևտ, MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Մի քանի բան, որը կարող է օգնել հենց այսօր

1․ Մենք պետք է անպայման հաշվի առնենք, որ բոլորս հիմա գտնվում ենք հոգեբանորեն սպառված վիճակում։ Դա նշանակում է, որ բոլորիս ինքնակազմակերպվելու, մոբիլիզացվելու, անմնացորդ տրվելու ունակությունները զգալիորեն ավելի ցածր են, քան 2020 թվին։ Հետևաբար, հատկապես կարևոր է դառնում ուժերը խնայելը, ճիշտ բաշխելը ու լիարժեք վերականգնելը՝ մասնավորապես, լավ քնելը։

2․ Ուսումնասիրեք և ունեցեք պատրաստի պլան՝ ինչ անել հնարավոր արտակարգ իրավիճակներում՝ օդային տագնապի, տարհանման, ռմբակոծության ժամանակ։ Ձեռքի տակ ունեցեք առաջին անհրաժեշտության իրերը։ Անգամ եթե դրանք պետք չգան՝ պատրաստի պլան ունենալը համ կհանգստացնի ձեզ, համ կազատի ձեր ներքին ռեսուրսները արդի գործունեության համար։

3․ Անհրաժեշտ է ամենասկզբից լուրջ կամային ջանք գործադրել և որոշում կայացնել սոցիալական մեդիայից խիստ սահմանափակ օգտվելու վերաբերյալ։ Կարևոր ինֆորմացիան հեշտությամբ ձեզ կհասնի առանց ամեն րոպե իրեն փնտրելու, իսկ մնացած տեղեկատվական աղբին հետևելը ձեզ հյուծելու է և բարձրացնի տագնապայնությունը։ Ռեփոստ անելը և հանրային հույզեր արտահայտելը ավելի շատ վնասում է ձեզ և ձեր կողքիններին, քան օգնում։

4․ Չենք հրապարակում և տարածում մարտական գործողությունների հետ կապված որևէ նյութ։ Մինիմումի ենք հասցնում հեռախոսով կամ համացանցով կապը սահմանամերձ գոտիում գտնվողների հետ։ Չենք պատասխանում ոչ մի անծանոթ զանգի կամ գրառման։

5․ Մինչ դեռ չկա կոնկրետ ցուցում կամ իրավիճակ, որը պահանջում է մեր միջամտությունը՝ կլինի դա որևէ տեսակի օգնություն կամ քաղաքական պրոցես՝ ամենաշատը օգնած կլինենք մեր աշխատանքը լիարժեք կատարելով։ Պետք չէ հրաժարվել այն մտքից, որ դուք կարող եք ինչ որ բան փոխել, բայց սթափ գնահատեք մասշտաբային գործընթացների վրա ազդելու ձեր հնարավորությունները։

6․ Մի սպասեք որևէ հավաստի տեղեկատվության։ Թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական տեղեկատվության տարածումը ենթարկվում է որոշակի նպատակներին կանոններին, և իրականության բազմակողմանի օբյեկտիվ ներկայացնելը դրանց մեջ չի մտնում։ Ավելի օգտակար կլինի սովորել դիմանալ անորոշությունը։

7․ Անիծելը, հայհոյելը, աղոթելը, բոլորի հետ ձեր ապրումներով կիսվելը՝ ավելի շատ հյուծում և ուժասպառ է անում, քան օգնում է։ Իրական էմոցիոնալ բեռնաթափումը՝ դա մտերիմների ջերմություննը, ձեզ համար անվտանգ և հարազատ միջավայրում հույզերի ազատ արտահայտումը և զբաղվածությունն են։

8․ Հնարավորինս պահպանեք այն բոլոր առօրյա գործողությունները, որոնք ձեզ հանգստություն կամ հաճույք են պատճառում։ Միշտ հիշեք, որ այն պահին, երբ ստեղծվի իրական ճգնաժամային իրավիճակ՝ դուք պետք է լինեք ձեր լավագույն ֆիզիկական և հոգեկան վիճակում, և այդ վիճակը ինքն իրեն չի գա, դուք պետք է իրեն ստեղծեք։

9․ Եթե ձեր կողքի մարդիկ ունեն օգնության կարիք՝ մի ամաչեք զբաղվել իրենցով։ Եթե դուք ունեք օգնության կարիք՝ մի ամաչեք օգնություն խնդրել ձեր մտերիմներից։ Կիսվեք ձեր անհագստություններով և վախերով այն մարդկանց հետ, ովքեր կարող են ձեզ աջակցել, և մի կսվեք նրանց հետ, ում դա ավելի կծանրաբեռնի»: