Հունաստանում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է AFP-ն։
Հունաստանի առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ Սալամիս կղզում գրեթե միաժամանակ երկու անտառային հրդեհ է բռնկվել։ Դրանք տեղի են ունեցել մարդաշատ լողափերի մոտ՝ մեկը կղզու հարավում, մյուսը՝ արևելքում։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհների հետևանքով զոհվել է տարեց զույգ։ Եվս 9 մարդ այրվածքների պատճառով դիմել է բժշկական օգնության։ Ավելի քան 570 մարդ տարհանվել է առափնյա պահպանության պարեկային նավակների և այլ նավերի միջոցով։ Սալամիս կղզում բնակվում է շուրջ 37 հազար մարդ, որոնցից շատերը տարեցներ են։
Հունական ANA լրատվական գործակալության տվյալներով՝ հրդեհները մարելու աշխատանքներին ներգրավվել է շուրջ 200 հրշեջ, 6 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ։ Փրկարարական ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Հունաստանում գրանցվել է 34 հրդեհ։
Շարունակվող շոգի և երաշտի պայմաններում անտառային հրդեհներ են մոլեգնում նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Իսպանիայում։
Օգոստոսի 16-ին Ֆրանսիայի հետ սահմանակից իսպանական Արագոն շրջանի նահանգապետը X սոցիալական ցանցում հայտնել է հրդեհը մարող զինծառայողի մահվան մասին։
Միևնույն ժամանակ, Իսպանիայի մեկ այլ շրջանում՝ Անդալուսիայում, հարյուրավոր տարհանված բնակիչներ կարողացել են վերադառնալ իրենց տները։ AFP-ի փոխանցմամբ՝ վերջին 10 օրվա ընթացքում հրդեհները տարածաշրջանում ոչնչացրել են 25 հազար հեկտար բուսականություն։ Փրկարարները հրդեհը հսկողության տակ են վերցրել միայն օգոստոսի 16-ին։
Իրավիճակը կայունացել է նաև Ֆրանսիայում՝ ինչպես երկրի հյուսիս-արևելքում՝ Բելգիայի սահմանին գտնվող Արդենների դեպարտամենտում, այնպես էլ հարավ-արևմուտքում։



















