Բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

«Մինչև 200 նմուշի հետազոտություն` մեկ օրում

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։

Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները հնարավորություն են տալիս օրական կատարել շուրջ 200 նմուշի հետազոտություն, թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում։

Ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։ Ռուս գործընկերների հսկայական փորձը հետագայում կծառայի ի նպաստ ԶՈՒ բժշկագիտության զարգացմանը և ստացիոնար նմանատիպ լաբորատորիա ունենալու և կիրառելու գործին։

Բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են»,- այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։