Խնդրահարույց է նոր փոփոխությունը, որովհետև X զինվորի համար ծառայությունը 24 ամսից ավելի է լինելու. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, պաշտպանության նախարարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, կա՞ այս կարգավորման անհրաժեշտությունն արդյոք, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությամբ արդեն իսկ այս կետն ամրագրված է։

– Պետք է արձանագրել հետևյալը, որ ՀՀ գործող Սահմանադրությամբ՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պարտավոր են չեզոքություն պահպանել ու գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, իսկ «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով հստակ ամրագրված են զինծառայողների ապաքաղաքականացվածությունը ու քաղաքական գործունեության առումով նրանց սահմանափակումները։ 

Ես չգիտեմ, թե հիմա ի՛նչ նոր հանգամանքներ են երևան եկել, որ այսպիսի օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն է առաջացել, գուցե հենց հեղինակնե՞րը փորձեն հիմնավորել։ Ես կարծում եմ, որ այդ առումով դաշտը կարգավորված է, ու որևէ զինծառայող իրավունք չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ ու քաղաքական հայտարարություններ անել, հակառակ պարագայում կգործեն համապատասխան իրավակարգավորումները։ Այս առումով որևէ խնդիր չկա, բայց այս օրենսդրական փաթեթում ավելի ուշադրության են արժանի բոլորովին այլ շտրիխներ։

– Որո՞նք են այդ շտրիխները։

– Ամենակարևորն այն է, որը վերաբերում է զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելուն, որովհետև փորձ է արվում նախատեսել մի դրույթ, որ կարգապահական վաշտում անցկացվող ժամանակահատվածը չի համարվելու զինվորական ծառայություն։ 

Ես կարծում եմ, որ սա դրական տարր պարունակելուց զատ, ունի նաև որոշակի բացասական տարր։ Պետք է հասկանանք՝ այդ դեպքում, եթե օրենքի նպատակն այն է, որ բարձրացվի կարգապահության մակարդակը զինված ուժերում, մյուս կողմից՝ պետք է ուշադիր լինել, որ դա հանկարծ սպայական կազմի համար մահակ չդառնա՝ զինծառայողներին կարգապահական վաշտ ուղարկելու միջոցով, ըստ էության, նրանց ծառայության ժամկետը երկարաձգվի, որովհետև եթե մենք X զինծառայողի մի քանի անգամ ենթարկում ենք կարգապահական պատասխանատվության, որը կարող է ամիսներ տևել, ստացվում է, որ 24 ամսից ավելի նա գտնվելու է զինվորական ծառայության մեջ, որի մի հատվածը չի համարվելու զինվորական ծառայություն։ 

Այստեղ պետք է հասկանալ, որ 24 ամսից զատ, պետությունը հավելյալ միջոցներ է ծախսելու այդ կոնտինգենտի համար, ու դեռ հարց է՝ այդ կարգապահական վաշտերի նպատակը ո՞րն է: Եթե կարգազանց զինվորին մեկ-երկու անգամ ուղարկում ես կարգապահական վաշտ, իսկ նա չի ուղղվում, անհրաժեշտ է այլ միջոց կիրառել, ոչ թե անընդհատ նրան ուղարկել այնտեղ։ 

Սա լրջագույն ուսումնասիրության հարց է, պետք է հավելյալ ուսումնասիրվեն դաշտն ու միջազգային փորձը, որ չստացվի, թե զինծառայողների իրավունքների խախտման հետ գործ ունենանք, որովհետև երբ պետությունը քաղաքացուն զորակոչում է պարտադիր ժամկետային ծառայության, ժամկետ է սահմանում 24 ամիսը, հիմա ստացվում է, որ այս ժամկետի ընթացքում զինծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամանակահատվածը չի հաշվարկվելու զինվորական ծառայություն, սա կարող է մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինել։

 – Պարո՛ն Նորիկյան, բայց կարգապահական վաշտում զինծառայողը շարունակում է ծառայությունը, այն էլ՝ խստացված պայմաններում, նրան լրացուցիչ պատժելու իմաստ կա՞։

– Այո՛, ես էլ եմ այդտեղ խնդիր տեսնում։ Իմ ասածն էլ հենց դրանով է պայմանավորված՝ արդյոք մենք նույն անձին կրկնակի պատժելու գործունեություն չե՞նք իրականացնում, բայց, մյուս կողմից՝ ես հասկանում եմ նաև նախագծի հեղինակների դիրքորոշումը, որ դրանով որոշակիորեն կնվազեցնեն կարգապահական խախտումները: 

Բայց ես կարծում եմ, որ միայն պատժողական քաղաքականությունը բավարար չէ զինված ուժերում կարգապահությունն ամրապնդելու համար, նախևառաջ անհրաժեշտ է որոշակի միջավայր ձևավորել, դաստիարակչական, բարոյահոգեբանական լուրջ աշխատանքներ տանել, կառուցել զինվոր-սպա առողջ հարաբերություններ, հակառակ դեպքում, ես ձեզ ասեմ, որ պարտադիր ժամկետային զինծառայողների հոգեբանությունն այնպիսին է, որ եթե անգամ նրանք կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, դրանից սպաների նկատմամբ հարգանքը ոչ թե ավելանալու է, այլ հակառակը։ Սա կարող է գործիք դառնալ որոշ սպայական կազմի մոտ, որ նրանք չարաշահեն այս հնարավորությունը։

– Քաղաքական հայտարություններ չանելու մասով. ընդդիմությունը, օրինակ՝ ասում է, թե իշխանությունը վախեր ունի, դրա համար էլ նման նախագիծ է շրջանառում։ Համակարծի՞ք եք։

– Մի բան կարող եմ ասել՝ անկախ Հայաստանում քաղաքական ռեժիմների ով լինելուց, զինծառայողներն իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքական բնույթի հայտարարություններ անելու։ Չեմ կարծում, թե քաղաքական ուժերս պետք է քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ փորձենք փափուկ բարձ դնել զինծառայողների գլխի տակ ու ասենք՝ քանի որ երկրում կարող է կրիտիկական իրավիճակ առաջանալ, եկեք դուք զբաղվեք քաղաքական գործունեությամբ, դա պետության վերջը կլինի։ Դա կլինի այն, որ խունտան ցանկացած պահի կարող է հեղաշրջում իրականացնել ու իր ձեռքը վերցնել քաղաքական իշխանությունը։

– Հիմա այս փոփոխությունն ի՞նչ է տալու, եթե արդեն Սահմանադրությամբ կա նման արգելք, սրա արդյունավետությունը ո՞րն է լինելու։

– Հիմա մենք ունենք բավարար միջոցներ, օրենսդրական կարգավորումներ այդ խնդիրը լուծելու համար, սա, չեմ կարծում, թե ինչ-որ բան պետք է փոխի։

– Այս փոփոխությամբ նախատեսվում է նաև սմարթֆոնների օգտագործումն արգելել բանակում, պարո՛ն Նորիկյան։ 

– Տեսեք՝ ամբողջ աշխարհը թվայնացվում է, զարգացած բանակները սմարթ բանակներն են։ Մենք պետք է ոչ թե սա անենք, այլ կարողանանք այնպես անել, որ թշնամին չկարողանա մեր զինված ուժերի անձնակազմի տեխնոլոգիական հնարավորություններին հասանելիություն ունենալ։ Այս միջոցները պետք է ձեռնարկեն, ոչ թե մեր զինվորներին սմարթֆոններից զրկեն։ 

Խելացի կրթման, դաստիարակության միջոցով զինծառայողների մեջ պետք է կարողանալ ձևավորել դրանց անվտանգ կիրառման պրակտիկան։ Սա է պետք անել, հակառակ պարագայում նման օրենքները խախտվելու հատկություն ունեն, ու զինանձնակազմը կգտնի դա շրջանցելու եղանակը, հիմա էլ չի թույլատրվում, բայց բոլորն էլ օգտագործում են։ 

– Վստահաբար լսել եք վարժական հավաքներից տարբեր պատճառաբանություններով քաղաքացիների դժգոհությունների մասին, ձեր մեկնաբանությունն եմ խնդրում այս մասով, արդարացվա՞ծ են այդ դժգոհությունները։

– Մեր քաղաքացիների դժգոհությունն ինձ համար ընդունելի չէ, որովհետև 44-օրյա աղետալի պատերազմը ցույց տվեց, որ տասնյակ հազարավոր զորակոչվածներ ուղղակի պատրաստ չէին զինվորական գործին։ 20-25 օրը, չեմ կարծում, թե քաղաքացու համար մեծ խնդիր է, այլ խնդիր է, որ այդ օրերը ծառայեցվեն իրենց նպատակին, այսինքն՝ այդ ընթացքում մեր պահեստայիններին իսկապես վերապատրաստեն։ 

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ իսկապես կարող է էսկալացիան շարունակական լինել, հետևաբար սա մեր շահերից է բխում, հակառակ պարագայում նույն աղետն ենք ունենալու։ Դժգոհությունը հասկանալի չէ նաև այն մասով, որ աշխատավարձերն էլ պահպանվում են, այսինքն՝ վարժանքի մասնակցողը ստանալու է իր աշխատավարձը, այլ հարց, եթե պետությունը չհոգար այս մասին, բայց դա էլ է ապահովված։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am