Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից և ինձնից. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ ինքը հիասթափված է ընդդիմությունից, ինչպես նաև իրենից:

«Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից և ինձնից, որովհետև կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարելի էր աշխատել։ Ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը։

Ինձ առաջարկում էին նաև, որ ես էլ ասեմ, թե աշխատավարձերը բարձրացնելու եմ և այլն, որովհետև ժողովրդի մի զգալի մասը ոչ թե ազգային մոտիվացիայով է առաջնորդվում, այլ սոցիալականով, միգուցե իմ սխալն էր, բայց ես ասում էի, որ պետք է ազգային մոտիվացիայով առաջնորդվել»,– այսօր մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Մանուկյանը:

Նա ներկայացրել է, որ իրենք մտադիր են եղել շրջել հանրապետության մարզերով, հետո նաև խոշորամասշտաբ ֆորում կազմակերպել, որտեղ կներկայացվեր իր ղեկավարելիք կառավարության ծրագիրը: Սակայն Գլխավոր շտաբի հայտարարությունը փոխել է Մանուկյանի ու նրա թիմակիցների ծրագրերը: Այդուհանդերձ Մանուկյանի խոսքով, այդ ծրագիրը կփորձեն իրականացնել առաջիկայում: