Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման մասին լուրերին

Հեղինակ MediaLab

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման մասին լուրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին խոսել ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Մենք լսել ենք Լիբանանից հեռացած հայերին բնակեցնելու՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների մտադրության մասին: Մենք կարդացել ենք հաղորդագրություններն այն մասին, որ 2 լիբանանահայ ընտանիքներ Լեռնային Ղարաբաղում բնակվելու ցանկություն են հայտնել: Դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ լիբանանահայ փախստականների հոսքի մասին ստուգված տվյալների չենք տիրապետում»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման, ինչպես նաև փախստականների ու տեղահանվածների հարցի լուծման վրա:

Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսով խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց փոխանցել միջնորդների առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հետագա քայլերի վերաբերյալ,  այդ թվում՝  յուրաքանչյուր նախարարի հետ առանձին հանդիպում անցկացնելու վերաբերյալ: «Մենք կողմերի դրական պատասխանին ենք սպասում»,-նշել է նա: