Հրանուշ Հակոբյանն հանդիպել է ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուին

Հրանուշ Հակոբյանն հանդիպել է ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուին
Հրանուշ Հակոբյանն հանդիպել է ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուին, ճանաչված երգահան Մաժակ Թոշիկյանին և «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր, մանկավարժ Մաքրուհի Հակոբյանին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրությունը:
Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի առաջատար երաժշտական հեռուստաալիքներն ու TRT-ն ցուցադրել են Սիբիլ Փեքթորոսօղլուի կատարմամբ հայերեն «Նամակ» տեսահոլովակը:

Հովհաննես Շիրազի ստեղծագործության հիման վրա նկարահանած «Նամակ» տեսահոլովակի պրոդյուսերն է Օզքան Աքսուլարը, իսկ երաժշտությունը գործիքավորել է ստամբուլահայ հայտնի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը, ով հայ ունկնդրին հայտնի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի երաժշտության հեղինակն է:

Սիբիլ Փեքթորոսօղլուն նախկինում երգել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում, իսկ նախորդ տարի նոյեմբերին լույս է տեսել նրա անունով «Սիբել» ալբոմը։ 12 երգից բաղկացած «Սիբել» ալբոմում ընդգրկված են նաեւ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Տեր, Ողորմյա» եւ «Կիլիկիա» երգերը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ուրախ է Հայրենիքում հյուրընկալել Ճանաչված երգահան Մաժակ Թոշիկյանին ու հայ ունկնդրին արդեն սիրելի դարձած Սիբիլ Փեքթորոսօղլուին:

Նախարարը նշեց, որ Հայաստանում հպարտությամբ են հետևում Սիբիլի հաջողություններին, և ուրախ է, որ նրա երգերը սիրելի են դարձել ոչ միայն Թուրքիայում, այլև` Հայրենիքում:

Համահայկական 5-րդ խաղերի բացման և փակման արարողություններին ելույթ ունենալու նպատակով Հայաստան ժամանած ստամբուլահայ երգչուհին նշեց որ իր համար մեծ պատիվ է երգել Հայաստանում և անչափ ոգևորված է հայ ունկնդրի ընդունելությունից:

Առաջին անգամ Հայաստանում գտնվող Մ.Թոշիկյանը նշեց, որ անչափ հպարտ է, որ տասնամյակներ առաջ գրված «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգն այդքան սիրելի ու ճանաչված է Հայաստանում:

Հրանուշ Հակոբյանն առաջարկեց 2012 թվականին Հայաստանում հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ կազմակերպել Մաժակ Թոշիկյանի երգերի համերգ-երեկո:

© Medialab.am