«Մեդալը երկու կողմ ունի՝ պայմանագրայինն էլ բարձր աշխատավաձ կստանա». ՊՆ-ն առաջարկում է 24 մլն դրամի դիմաց ազատվել պարտադիր զինծառայության շուրջ 20 ամիսներից

Զինվորական ծառայության ոլորտում Կառավարությունը նոր փոփոխություններ է մտադիր իրականացնել և այդ պատճառով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման:

Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հանրային քննարկման դրված նախագծով Պաշտպանության նախարարությունը նոր առաջարկ ունի պարտադիր զինվորական ծառայության անցած երիտասարդներին. միջինը 4.5 ամիս պարտադիր զինծառայություն անցած զինծառայողը ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու դեպքում հնարավորություն է ստանում վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

«Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է»,- նշվում է պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծում:

Բացի այդ, նշվում է, որ այդ ծրագրի արդյունքում որոշակի գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու նրանց համար լրավճարների սահմանման համակարգ կներդրվի:

Մյուս նորամուծությունը, որ առաջարկում է ՊՆ-ն, «Հայրենյաց պաշտպան» ծրագրի ներդրումն է: Այս ծրագիրը շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցումն է: Ժամկետը նախատեսվում է 5 տարի: Ըստ նախագծի՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ:

Պաշտպանական համակարգում երկար տարիներ ծառայություն իրականացրած և այժմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ ներդրվող մեխանիզմները ճկուն են, և դրանց ներդրմամբ զինծառայություն անցնող քաղաքացու համար ստեղծվում են այլընտրանքային պայմաններ:

«Այս նախագիծը և բանակում իրականացվող փոփոխությունները պետք է ամբողջական դիտարկել, համալիր: Քաղաքացուն տրվում է այլընտրանք, ինչը շատ կարևոր է: Մարդու մոտ դատապարտվածության զգացում չպետք է լինի այդ հարցում: Սա ընտրելու հնարավորություն է տալիս: Մեկին ձեռք է տալիս 24 մլն դրամը մուծե՞լը՝ կմուծի, մյուսին ձեռնտու է գնալ բարձր աշխատավարձով պայմանագրային զինծառայության՝ կգնա: Սկզբունք է ներդրվում, որ քաղաքացին ընտրելու հնարավորություն ունենա»,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, պետության տված հնարավորությունից շատ քչերը կօգտվեն, ասենք՝ տարեկան զորակոչի 10-15 տոկոսը: Նա հաշվարկում է՝ այդ գումարից շուրջ 1000 պայմանագրային զինծառայող կարելի է ներգրավել՝ բարձր աշխատավարձով:

«Եթե հասնենք նրան, որ պայմանագրային զինծառայողին առաջարկեցին բարձր աշխատավարձ՝ գոնե 300 հազար դրամ, որը համապատասխանաբար ըստ կոչման, բարձր է լինելու, միանշանակ զինվորական ծառայության նկատմամբ գրավչությունը կբարձրանա: 100 հոգին, որոնք կվճարեն այդ գումարը, կարող ենք 500 հոգու որակյալ աշխատավարձ ապահովել: Մեդալը երկու կողմ ունի: Սրանք բավականին ճկուն և աշխարհում կիրառվող լուծումներ են, ու կարծում եմ՝ լավ կաշխատի»,- ընդգծում է Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ պարտադիր զինվորական ծառայությունը սպառում է իրեն, Հովհաննիսյանն արձագանքում է. «Ոչ, ոչ: Ամեն դեպքում պարտադիր զինծառայության կոմպոնենտը պահվելու է»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am