Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները շարունակվում են. իրավիճակը վերահսկվում է

Հեղինակ MediaLab

Կառավարության մարտի 5-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ բոլոր միջոցառումները շարունակում են իրականացվել:

«Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, ոչ մեկը որևէ գանգատ չունի, այդ թվում՝ հաստատված պացիենտը:

Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է  հիվանդության առկայությունը: Այսինքն՝ ինքը համարվելով վարակիչ հիվանդություն, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նա և նշեց, որ 162 նմուշ է մինչ օրս վերցվել, միայն մեկն է հաստատվել:

Ըստ նրա, ամեն օր կատարվում են նմուշառումներ, ամեն ինչ վերահսկելի է, և հանրապետությունը կարող է շարունակել իր բնականոն կյանքով ապրել:

 Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաև՝ արդյոք «Գոլդեն Փելես»-ում գտնվող քաղաքացիներն ապահովվա՞ծ են ամեն ինչով:

Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչով ապահովված են, այդ թվում՝ ինտերնետ կապով, գրքերով: Նրանք այնտեղ մնալու են մինչև մարտի 14-ը: Նախարարը հայտնեց, որ Չինաստանում նոր դեպքերի գրանցման և մահերի տեմպը կտրուկ անկում է ապրել:

«Սակայն, աշխարհի այլ երկրներում իրավիճակը բարդանում է՝ Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում, ևս մի քանի հարյուր դեպքեր գրանցվել են Ֆրանսիայում ու Գերմանիայում: Վրաստանում և Ռուսաստանում իրավիճակն ավելի լավ է, ակնկալվում է, որ եթե եվրոպական երկրները կարողանան ճիշտ միջոցառումներ իրականացնել, պիկն անցկացնելուց հետ երկու-երեք շաբաթից նորից նվազում կտեսնենք այդ երկրներում»,- ասաց նա և նշեց, թե գտնում է, որ սահմանափակող միջոցառումներին մենք ևս կարող ենք անդրադառնալ, այդ թվում՝ Չինաստանի հետ: