Վարչապետը հյուրընկալել է Սյունիքի մի խումբ դպրոցականների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտներին և նրանց ուսուցիչներին:

Ողջունելով սյունեցի դպրոցականներին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Ամանորի նախաշեմին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը:

Ուսուցիչները տեղեկացրել են, որ դպրոցականների խումբն այսօր է եկել Երևան և արդեն եղել է մի քանի վայրում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ աշակերտները դիտել են փոքրիկների համար նախատեսված ներկայացումը, ապա այցելել են Ազգային ժողով, հանդիպել պատգամավորներին, իսկ այժմ հանդիպում են երկրի վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սյունիքի մարզից եկած աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային հարաբերություններին, դպրոցաշինությանը, այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին և այլն:

Վարչապետն անդրադարձել է դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագրին և հորդորել Սյունիքի մարզի դպրոցականներին՝ օգտվել դրանից, շատ հաճախել մշակութային վայրեր: Իրենց հերթին, աշակերտներն առաջարկել են, որ ներկայացումներ կազմակերպվեն նաև իրենց բնակավայրերում: Վարչապետ Փաշինյանը խոստացել է հարցը պահել ուշադրության կենտրոնում: